Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԻԱՑՆՈՒՄ Է

Հուլիս 25,2002 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԻԱՑՆՈՒՄ Է Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլում 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդ» թիմին եւ օրակարգից հանեց վերջինիս հետ կապված հարցը։ Մինչ երեւանյան հանդիպման սկսվելը, հանրապետության լրատվամիջոցները հայ ֆուտբոլասերներին բավականաչափ մանրամասն ու հանգամանալից տեղեկացրել էին Տամպերեում «Փյունիկի» տարած գեղեցիկ ու համոզիչ հաղթանակի մասին։ Ու պատահական չէր, որ «Հանրապետականում» պարզապես ասեղ գցելու տեղ չկար։ Այնքան շատ էին հանդիպմանը ներկա գտնվել ցանկացողները, որ խաղն սկսվելուց մի որոշ ժամանակ առաջ հարկ եղավ փակել դեպի ստադիոն տանող դարպասները։ Ինչպես եւ սպասվում էր, «Տամպերեն», որ դեռ տանը կորցրել էր ՉԼ հաջորդ փուլ անցնելու բոլոր շանսերը, Երեւանում իրեն միանգամայն անկաշկանդ էր զգալու եւ ձգտելու էր ցուցադրել իր բոլոր լավագույն որակները։ Այդպես էլ եղավ։ Ֆինները հենց սկզբից փորձեցին տիրել դաշտի կենտրոնին, ապա՝ նաեւ նախաձեռնությանը։ Դա նրանց ինչ-որ չափով հաջողվեց, իհարկե, ոչ առանց փյունիկցիների թողտվության։ Ամենայն հավանականությամբ, մեր չեմպիոնի գլխավոր մարզիչ արգենտինացի Օսկար Լոպեսն իր սաներին հանձնարարել էր նախ եւ առաջ անառիկ պահել սեփական դարպասը, ապա արագ եւ սուր գրոհներով վերջինիս «պատժել»։ Եվ եթե դա, իրոք, այդպես էր, Լոպեսի նախընտրած տակտիկան լիովին արդարացրեց իրեն, ու խաղն ընթացավ հենց նրա գրած սցենարով։ «Տամպերեն» հանդիպման սկզբում բավականին ակտիվ էր ու դաշտի տերերի դարպասը տանող ուղիներ էր որոնում։ Սակայն «Փյունիկի» պաշտպանական գիծը եւ դարպասապահ Անդրանիկ Ղարագյոզյանը պարզապես անթերի էին գործում։ Մեր թիմը հանդես էր գալիս այնքան ինքնավստահ, գրագետ ու մտածված, որ դժվար է որեւէ մեկին հատկապես առանձնացնել։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտում իրեն տեր ու տիրակալ էր զգում։ Առաջին խաղակեսում, չնայած կողմերի գործադրած ջանքերին, դարպասի գրավում չարձանագրվեց։ Սակայն ընդմիջմանը նախորդած վերջին 10-15 րոպեներին արդեն տեսանելի էր, որ «Փյունիկը» սկսում է իր կամքը թելադրել, եւ գոլը հասունանում է։ Երկրորդ խաղակեսում արդեն դրության տերը փյունիկցիներն էին։ Ու նրանց տարածքային ու խաղային առավելությունը շատ կարճ ժամանակում մարմին ստացավ։ Արման Քարամյանը ձախ եզրում սուր ու շեշտակի ճեղքում ձեռնարկեց եւ գնդակն ուղարկեց «Տամպերեի» տուգանային հրապարակ, եւ ամենահաս սեւամորթ Մամադու Դիավարան պաշտպանի հետ պայքարում ընթացքից գնդակը գրեթե սահանկումով ուղարկեց դարպաս՝ 1։0։ Արդեն իսկ հուսահատության մեջ հայտնված հյուրերը, այնուամենայնիվ, չէին թուլացնում խաղի տեմպը եւ ձգտում էին գոնե խփել սփոփանքի գոլը։ Բայց իզուր։ «Փյունիկը» երեկ նույնպես անխոցելի էր, նույնիսկ այն ժամանակ, երբ Անդրանիկ Ղարագյոզյանին փոխարինելու ելավ 16-ը նոր բոլորած երիտասարդ սեւամորթ դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեն։ Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում, թե Լոպեսը խաղադաշտ կմտցնի՞ արգենտինահայ հարձակվող Ֆեռնանդո Զաքարյանին։ Եվ նրանց սպասումներն արդարացան։ Ֆեռնանդոն, որը մարզիչների վկայությամբ՝ երկար ժամանակ չխաղալու հետեւանքով դեռեւս լավագույն մարզավիճակում չէ, այդուհանդերձ, հարձակման աջ եզրում նկատելիորեն ակտիվացրեց «Փյունիկի» գործողությունները։ Խաղի վերջին րոպեներին, երբ հանդիպման վերջնական ելքն այլեւս հայտնի էր, ու, կարծես, արդեն կարելի էր ժամանակ սպանել, մեր տղաները մրցակցի կիսադաշտում ակտիվ գործողություններով տիրեցին գնդակին, եւ Միգել Սիստերնան կրկնապատկեց հաշիվը։ Այսպիսով. երկու հանդիպումներում «Տամպերեի» դարպասն անցկացնելով վեց անպատասխան գնդակ, «Փյունիկն» անցավ ՉԼ որակավորման մրցաշարի երկրորդ փուլ եւ հուլիսի 31-ին ուժերը չափելու է Ուկրաինայի չեմպիոն Կիեւի «Դինամոյի» հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել