Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր «պայքար» աղբ ու քարի հետ

Հուլիս 26,2002 00:00

Կամավոր «պայքար» աղբ ու քարի հետ Այս շոգին, տժժան արեւի տակ աշխատում են ոչ միայն Լինսի հիմնադրամի միջոցներով Երեւանը «քանդող-հավաքողները»։ Նորքի բարձունքներում գործող «Օլիմպոս» կրթահամալիրում քրտինքի ու փոշու մեջ կորած, իրենց հայ տարեկիցների հետ աշխատում են Չեխիայից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Բելգիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Գերմանիայից եկած քսան կամավորականներ։ Նրանք ուսանողական փոխանակության ծրագրի շրջանակներում այս տարվա հուլիսի 10-ից մաքրում են կրթահամալիրի 20-25 տարի անխնամ թողնված ջրավազանը, որը իր շրջակայքով մինչեւ 20 օր առաջ լրիվ փակված է եղել աղբի եւ քարի կույտերով։ Արդեն երեկ մեր աչքի առաջ բացվեց ամբողջովին մաքրված ջրավազանը՝ ցանկապատված շրջակայքից հավաքված քարերով եւ ցեմենտբետոնի կտորտանքով, կարմիր ավազի արահետներով, նոր տեղադրված ու ներկված նստարաններով։ «Դպրոցի աշակերտներն ամառային արձակուրդից հետո կգան եւ կգտնեն կատարելապես նոր միջավայր՝ մաքրված եւ գեղեցիկ»,- ասաց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը։ Հենց ԵԱՀԿ-ն է հոգում այս երիտասարդների սննդի եւ շինանյութերով ապահովվածության խնդիրը։ Բնապահպանական ուղղվածության նման ծրագրեր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հովանավորում է արդեն երկու տարի եւ կշարունակի հովանավորել, դեսպան Ռ. Ռիվի հավաստմամբ, այնքան, քանի դեռ ինքը Հայաստանում է։ Ի դեպ, այս ամենը կազմակերպվում է ոչ այնքան մեծ գումարներով. պրն դեսպանը հայտնեց, որ այս եւ Սպիտակում իրականացվող համանման մեկ այլ ծրագրի համար իրենք վճարել են մոտավորապես հինգ հազար դոլար։ «Սակայն այս ծրագրի իրական հերոսներն այս երիտասարդներն են, որոնք եկել են Եվրոպայից եւ աշխատում են այս շոգ պայմաններում՝ վճարելով իրենց ճանապարհածախսը, օգտագործելով իրենց արձակուրդը»,- ասաց Ռ. Ռիվը։ Այս «հերոսներից» Կլիֆը իռլանդացի է, ապագա ֆիզիկոս։ Հայաստան եկել է, որովհետեւ այն իրեն տրամադրած ցուցակում ամենահեռավորն է եղել։ Մինչ այդ Հայաստանի մասին իմացել է միայն երկրաշարժի եւ ղարաբաղյան կոնֆլիկտի կապակցությամբ։ Ասաց, որ իրեն այստեղ շատ լավ է զգում. «Սա նաեւ շատ լավ հնարավորություն է ճանապարհորդելու, տեսնելու երկիր, որն այլ կերպ չես տեսնի»։ Եվրոպուհիներն այստեղ վայելում են մեր արեւը, ինչպես հավաստիացնում է աշխատանքային ճամբարի ղեկավար Տիգրան Գույումջյանը եւ ոչ թե տանջվում տապից, ինչպես ենթադրում էինք մենք։ Պրն Գույումջյանը հայտնեց, որ աշխատանքից ազատ ժամերին (իսկ աշխատում են օրական 4-5 ժամ) եւ շաբաթ-կիրակի օրերին Երեւանում՝ թանգարան, սրճարան, իսկ հանրապետությունով մեկ՝ տեսարժան եւ հանգստի վայրեր են այցելում, որոնց համար էլ որոշակի գումար տրամադրվել է։ Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը հավաստիացնում է, որ ջրավազանի վերջնական մաքրումից անմիջապես հետո այնտեղ ջուր կլցվի, ձկներ բաց կթողնվեն։ Իսկ եկող տարի ծրագրում են կամավորականների ուժերով կրթահամալիրում արդեն այլ՝ շինարարական բնույթի աշխատանքներ անել։ Աշխատանքի այս ճամբարն էստաֆետն ամսվա վերջում կհանձնի 20 հոգանոց մեկ այլ խմբի եւ այսպես շարունակ, մինչեւ մի օր, վերը նշված բոլոր զրուցակիցների հավաստմամբ, այս վայրը դրախտ դառնա։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել