Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են բողոքում քննության արդյունքներից եւ ինչու

Հուլիս 26,2002 00:00

Ովքեր են բողոքում քննության արդյունքներից եւ ինչու Օրերս խմբագրությունը ստացել էր մաթեմատիկայի քննական հանձնաժողովին ուղղված մի բողոք, որի հավաստիությունը ճշտելու նպատակով էլ որոշեցինք առավել մանրամասնությամբ ծանոթանալ հենց այդ հանձնաժողովի աշխատանքներին՝ սկսած խնդիրների ընտրությունից ու հարցաթերթիկների կազմումից: Բողոքող Սամվել Մովսիսյանը (մաթեմատիկայի հետազոտող ուսուցիչ) նախ չի թաքցնում, որ մաթեմատիկայի քննությունները միշտ էլ անցել են համեմատական առողջ մթնոլորտում, իսկ այս տարվա մաթեմատիկա-1 քննության առաջին օրը գրանցված արդյունքները նրա սպասելիքները չեն արդարացրել: «Նախ բոլոր 4 տարբերակներում 4-րդ խնդիրը գործող դասագրքերից չէր, բայց դա դեռ ոչինչ. խնդրի պահանջը սովորական էր, որն էլ դիմորդները լուծել էին դասական եղանակով: Բայց արի ու տես, որ հանձնաժողովականները «ական» էին տեղադրել այդ խնդրում եւ ստացված լուծումներից մեկը սխալ էին համարել բոլորի մոտ, արդյունքում առնվազն 1 միավոր հանվել էր այդ խնդրին հատկացվող 2,5 միավորից…8230»: Խնդիրն «ականազերծելու» նպատակով մաթեմատիկայի քննական հանձնաժողովի նախագահ Սեդրակ Հովհաննիսյանին ներկայացրինք վերոնշյալ բողոքը: Պրն Հովհաննիսյանը նախ մեզ ցույց տվեց այդ օրվա տարբերակն իր այդ չարաբաստիկ խնդրով եւ բացատրեց խնդրի էությունը՝ մինչեւ անգամ այն համեմատելով դպրոցական դասագրքում նույնատիպ խնդիրների հետ: Իսկ 2,5-ից 1 միավոր հանվել է ոչ լիարժեք պատասխանի համար: Ընդհանրապես, գնահատման չափանիշները գաղտնիք չեն, եւ բոլորը գիտեն, թե որ սխալի համար քանի միավոր է իջեցվում («Դիմորդ-2002»): Իսկ եթե չգիտեն էլ, ապա բողոքարկման ժամանակ այդ չափորոշիչները տրամադրվում են բոլորին: Բողոքի մի մասն էլ վերաբերում էր հարցաթերթիկներում խնդիրների ընտրությանը, որն, ըստ բողոքագրի, իրականացվում է 25 հոգիանոց հանձնաժողովի քվեարկությամբ: Հանձնաժողովի նախագահը բացատրեց, որ տարբերակները կազմվել են իր եւ իր 2 տեղակալների համատեղ որոշմամբ՝ հատկացված շուրջ 12000 խնդիրներից ընտրելով իրենց նախընտրածը՝ չխախտելով տարբերակների կառուցվածքը եւ դպրոցական ծրագրի սահմաններից դուրս չգալով: «Դասագրքերից դուրս խնդիրներ չեն եղել, եղել են տվյալների փոփոխություններ՝ թույլատրելիության սահմաններում, այսինքն՝ խնդրի բովանդակությունը թողնելով նույնը, մենք փոխել ենք գործակիցները, դրանից փոխվում է միայն պատասխան թիվը, եւ ոչ՝ բովանդակությունը»,-նշեց հանձնաժողովի նախագահը: Այս մի քանի պարզաբանումներից կարելի է եզրակացնել, որ բողոքող Սամվել Մովսիսյանն այն բազմաթիվ բողոքարկողներից է, որոնք ապակողմնորոշելով ծնողին, փորձում են արդարացնել ռեպետիտորին: Եվ այդ բողոքավորները հիմնականում հենց ռեպետիտորներն են, որոնք ծնողի՝ մաթեմատիկական ցածր ունակություններից օգտվելով, փորձում են կատարյալ ձեւանալ. չէ՞ որ նրանք ծնողին երաշխիք են տվել, որ երեխան բարձր կստանա, որ իրենք պարապել են կատարյալ… Եվ արդյունքում թիրախը հենց հանձնաժողովի նախագահն է դառնում, բոլոր հարվածներն ուղղվում են հենց նրա կողմը: Մինչդեռ, եթե ուշադրություն դարձնենք միայն այս մի քանի օրվա մաթեմատիկա-1 քննության արդյունքներին, ապա կտեսնենք, որ 7 միավոր ստացող դիմորդների թիվը տատանվում է 0-3-ի միջեւ: Սա նշանակում է, որ հանձնաժողովը ամեն ինչ անում է դիմորդի օգտին, ու քանի որ 7 միավորն արդեն իսկ խոսուն փաստ, է եւ դիմորդն ըստ էության մրցույթի կարող է մասնակցել, ամեն ինչ արվում է՝ գնահատականը 8-ի հասցնելու համար: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ արդյունքներն ամփոփելիս կպարզվի, որ այս շռայլությունից օգտվել են շատ ու շատ տաղանդավոր երեխաներ, որոնք վճարունակ չեն կամ շրջաններից են ու ռեպետիտորների մոտ չեն պարապել: Ի դեպ, այս դիմորդները, մասնագետների կարծիքով, մեծապես տարբերվում են քաղաքում, ռեպետիտորի մոտ պարապած դիմորդներից, որոնց հիմնականում սովորեցնում են ոչ թե մաթեմատիկա, այլ լուծելու տեխնիկա միայն: Մինչ այսօր գրանցված բողոքներն ամփոփելով, ստանում ենք հետեւյալ պատկերը. առաջին օրը եղել է 72 բողոքարկում, որից 2-ը բավարարվել է՝ 0.5-ական միավոր ավելացնելով, 2-րդ օրը՝ 33 բողոքարկում՝ ոչ մի բարձրացումով, ամսի 24-ի բողոքարկման ժամանակ 81 բողոքարկողից 16-ը չի ներկայացել եւ եղել է 3 բարձրացում, որից 1-ը եղել է վրիպակ եւ 2 գրավոր էլ վիճելի հարցի պարագայում դիմորդի օգտին 1-ական միավորով բարձրացվել է: Ավելացնենք նաեւ, որ բողոքները հիմնականում լինում են բարձր միավորների դեպքում: Ի դեպ, քննությունների անցկացման վերաբերյալ մաթեմատիկայի հանձնաժողովում մասնագետներն ունեն տարբեր կարծիքներ եւ մոտեցումներ: Ըստ պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յու. Սարգսյանի, քննությունների անցկացման կենտրոնացված համակարգն ունի մեծ առավելություն: «Քանի որ գրավորներն անանուն են եւ պահպանվում է որոշակի գաղտնիություն, ապա կարելի է պնդել, որ դիմորդների առավել պատրաստված մասը ընդունվում է 8 հայտերից որեւէ մեկում: Բացի այդ, ոչ մի գրավոր աշխատանք չի թերագնահատվում: Հնարավորությունների շրջանակը շատ ավելի մեծ է հատկապես այն երեխաների համար, որոնք վճարունակ չեն կրկնուսույցներ ունենալու, եւ այս սիստեմով կարող են ստանալ ադեկվատ գնահատական՝ թեկուզ ոչ մեծ գիտելիքներով: Ես կարծում եմ, որ ապակենտրոն քննություններն այս առավելությունները չեն կարող ունենալ: Բայց միաժամանակ գտնում եմ, որ համակարգը պետք է շարժվի, ավելի կենտրոնանա եւ համատեղվի դպրոցի ավարտական քննությունների հետ: Հսկողությունը պետք է լինի հենց այստեղ, եւ բուհերն էլ պետք է ավարտական ատեստավորման արդյունքները հիմք ընդունեն ընդունելության համար: Բուհն այս դեպքում պետք է կրի պատասխանատվություն ընդունելության համար եւ ոչ թե քննությունների: Այսինքն՝ բուհը կարող է սահմանել ընդունելության շեմը, բայց քննությունները չվերահսկել»: Իսկ մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահ Ս. Հովհաննիսյանը կողմ է քննությունների բանավոր տարբերակին, եւ այդ դեպքում բացառում է առավել մեծ սուբյեկտիվության դրսեւորումը քննողի կողմից. «Դա կախված է քննողի բարեխղճությունից, եւ բանավոր քննության դեպքում անմիջական կապը երեխայի հետ ավելի ճիշտ պատկերացում է տալիս նրա ունակությունների մասին: Հաճախ երեխան խնդրի լուծման այնպիսի օրիգինալ, ոչ ստանդարտ տարբերակ է առաջ քաշում, որ հիանում ես8230»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել