Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՆԵՆՔ ԵՎ ԱՆՑՆԵՆՔ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ

Սեպտեմբեր 11,2002 00:00

ՀԱՍՆԵՆՔ ԵՎ ԱՆՑՆԵՆՔ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ «Իմ խորին համոզմամբ, միակ աթոռը, որ ապագա ունի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, իսկ Կիլիկիո կաթողիկոսարանը վաղ թե ուշ վերանալու է թատերաբեմից, ինչպես ժամանակին վերացավ, օրինակ, Աղթամարի կաթողիկոսարանը»,- «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) կազմակերպության երեկ հրավիրված սեմինարում այս հայտարարությունը «հեղինակեց» Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը։ Խոսելով կաթողիկոսական վերջին ընտրություններից հետո հայ եկեղեցում խորացած երկպառակության մասին՝ նա նշեց, որ այդ անջատումը խորապես ազդում է հայ ազգի համախմբվածության վրա։ «Ավելին, այս երկպառակությունից օգտվում են ե՛ւ պետությունները, ե՛ւ քույր եկեղեցիները, փորձելով իրենց ազդեցությունն ամրապնդել դրանով։ Վատիկանն, օրինակ, երբ իրեն պետք է՝ Կիլիկիո կաթողիկոսարանն է առաջ քաշում, երբ պետք է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- «բացահայտեց» սրբազանը։ Ըստ բանախոսի, այս խառնաշփոթի պատճառն այն է, որ մեր եկեղեցին չունի հստակ ձեւավորված եկեղեցաբանություն, որով կկարգավորվեր. կարո՞ղ ենք ունենալ երկու կաթողիկոսարան, թե՞ ոչ։ Եպիսկոպոսը նաեւ առաջարկեց ժողովրդի ակտիվ մասնակցությամբ եկեղեցական դասով հավաքվել ու վերջնականապես լուծում տալ խնդրին, որն առաջացրել են կոնկրետ մարդիկ՝ տուրք տալով իրենց անձնական ամբիցիաներին։ Հաշվի առնելով ազգիս յուրահատուկ եւ առանձնահատուկ «ամբիցիասիրությունը», խնդիրն արագ ու վերջնական լուծվողներից չէ, բայց ջայլամի պես «յոլա գնալն» էլ ճիշտ չէ։ ՔԱՆ կենտրոնի կազմակերպած հանդիպման մյուս մասնակից, պատմաբան Արմեն Պետրոսյանը ներկայացրեց Լոս Անջելեսում կատարած իր «դաշտային աշխատանքների» (որակումը հռետորինն է) արդյունքները։ Ըստ այդմ պարզվեց, որ Լոսում «ռաշըն» (ԽՍՀՄ-ից արտագաղթած) հայերին համարում են կոպիտ, ծույլ, բայց՝ խելոք, որ հենց նրանք են «համալրել» մինչեւ վերջին 10 տարին հայ չտեսած ամերիկյան բանտերը։ Նորեկները հակված են մեկուսացման, չեն գնահատում եկեղեցու դերը, չեն խառնվում կուսակցական «խաղերին»։ Այսքան «մինուսների» հետ մի «պլյուս» կա միայն՝ հայաստանցիներն այնքան են շատացել ԱՄՆ-ում, որ, օրինակ, Լոս Անջելեսում հայերենի բոլոր տարատեսակներով խոսողները հոյակապ հասկանում են արեւելահայերենը։ Այսպես որ գնա, «Մեկ ազգ, մեկ լեզու» խնդիրն ինքնըստինքյան կլուծվի, միայն թե հայաստանցիների թիվը կհերիքի՞ աշխարհով մեկ «դեսանտ» իջեցնելու համար։ Կրկին անդրադառնալով կրոնական թեմային, չմոռանանք հիշատակել քննարկման մասնակիցներից մեկի՝ Աշոտ Աղաբաբյանի հարցադրումը. «Երկրի նախագահ դառնալու համար ԲՇՏ-ից տեղեկանք են բերում բնակության վայրի մասին, իսկ չե՞ք գտնում, որ անհրաժեշտ է բերել տեղեկանք նաեւ կրոնական պատկանելության մասին, չէ՞ որ նախագահին շնորհավորում ու «գահադրում» է Մայր Աթոռը»։ Հարցը, անշուշտ, հետաքրքիր էր, բայց անկախ կարծիքներից նշենք, որ սույն տեղեկանքի պահանջն «ուղիղ գծով» հակասում է Սահմանադրությամբ վերապահված կրոնի ու դավանանքի ազատության իրավունքին։ Թեպետ բոլորովին էլ սխալ չէր լինի, եթե նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջների մեջ «տեղավորվեր» այս մեկը եւս, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ երկրի պետական կրոնը չընդունողը չի կարող դառնալ պետության գլուխ։ Ինչեւէ, «Կրոնի եւ եկեղեցու դերը հայ ժողովրդի ինքնության ձեւավորման եւ պահպանության գործում» թեմայով քննարկումը ամփոփեց նոյեմբերին սպասվելիք «Հայաստան-Սփյուռք. մշակութային ընդհանրություններ եւ տարբերություններ» գիտաժողովի նախապատրաստական «քննարկումային» փուլը։ Իսկ մնացածն առջեւում է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել