Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԵՐԵՆՈՎ՝ ԴԵՊԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ՌՈՒՍԵՐԵՆՈՎ՝ ԴԵՊԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ Երեկ կոտրված ռուսերենով ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը ԳԱԱ դահլիճում բացեց «Ազգային ինքնագիտակցությունը եւ գրականությունը» թեմայով գիտաժողովը։ Հայկական շեշտադրումներով ռուսերենի իր իմացությունը ներկաներին ցուցադրեց նաեւ Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը։ Նա խոսեց ոչ միայն հայ եւ ռուս գրականություններում եղած ընդհանրությունների, այլեւ ընդհանուր սկզբունքների մասին։ Ոգեւորվելով «բարեբախտաբար փոխված» ժամանակներով եւ նախկինում փակ, այժմ բաց թեմաներով, Ա. Եղիազարյանը հասավ մինչեւ գլոբալիզացիա ու նրա վնասակար ազդեցությանը ազգային ինքնագիտակցության ու գրականության վրա։ «Ի՞նչ կապ կարող է լինել հայ եւ ռուս գրականությունների միջեւ,- հռետորական հարց հնչեցրեց Գրականության ինստիտուտի տնօրենը։- Չէ՞ որ մեկը դարերով պետականություն չտեսած, մյուսն էլ հզոր պետականություն ունեցող ժողովրդի գրականություն է»։ Հետո էլ ինքն իրեն պատասխանեց. «Կան ոչ միայն ընդհանրություններ ու փոխազդեցություններ, այլեւ ընդհանուր նպատակներ»։ Ըստ նրա, երկու ժողովուրդներն ունեն հիմնականում հետեւյալ՝ թիվ մեկ նպատակը. այն է՝ համատեղ պայքարել հեռուստատեսության էժանագին «արտադրանքի» պատճառով կորսվող ազգային արժեքների փրկության համար։ Գիտաժողովի կազմակերպման համար, որին, բնականաբար, մասնակցում էր նաեւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, պրն Եղիազարյանը բավականին պերճախոս կերպով շնորհակալ եղավ Հայաստանում ՌԴ դեսպանին, նրա խորհրդականին, իսկ «հայ մշակույթում ունեցած մեծ ներդրման համար՝ ականավոր բիզնեսմեն Հրանտ Վարդանյանին» եւ այլոց։ Գիտաժողովին (որի արժանիքներից մեկը գիտնականների ներկայությունն ու գիտական ֆրազների օգտագործումն էր) մասնակցում էին նաեւ ՌԴ ԳԱ Գորկու անվան համաշխարհային ինստիտուտի ներկայացուցիչները։ Օրինակ, Մարինա Շչերբակովան իր «Լեւ Տոլստոյը եւ ազգային գրականության հորիզոնները» թեմայով զեկուցմամբ հնարավորինս մեծարեց իր ազգակցին՝ ռուս գրողին։ Նա կարեւորեց տարբեր ազգի գիտնականների դերը Լ. Տոլստոյի գրական ժառանգության վերարժեւորման գործում, գովեստի խոսքեր ուղղելով նաեւ հայ հասարակայնության հասցեին, որը դեռեւս նախորդ դարասկզբից պարբերաբար թարգմանել եւ թարգմանում է Տոլստոյին։ Լավ էր, որ գոնե ակադեմիկոս Արամ Գրիգորյանն էլ խոսեց Վիլյամ Սարոյանի արձակում հայկական ազգային գիտակցության դրսեւորման մասին։ «Որքան ռուս գրող է Տոլստոյը, նույնքան հայ է Սարոյանը»,- հպարտորեն ասաց նա։ Ապա ներկայացրեց, թե որքան հայեցի է համաշխարհային գրականության ներկայացուցչի ստեղծագործությունը եւ ինչպես են նրանում ազգային ցավն ու ողբերգությունը դառնում համամարդկային, ու ինչպես է Սարոյանը կերտում «աշխարհի ազգային կերպարը»։ Ցավալին այն էր, որ գիտաժողովի հայ կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսերենով (այն էլ ինչպիսի՜) էին խոսում ազգային ինքնագիտակցության ու ազգայինի մասին՝ «մոռանալով», որ ապրում են հայերենը պետական լեզու հռչակած երկրում։ Ի դեպ, հայ «ազգայինները» համամիտ էին ՌԴ խորհրդականի այն մտքին, թե միայն ռուսերենը պիտի լինի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար հաղորդակցման միջոց եւ իբր զուր են երիտասարդ գիտնականները մի ծայրահեղությունից մյուսին անցնում. «ձերբազատվելով» ռուսերենի ազդեցությունից՝ ընկնում են անգլերենի «գիրկը»։ Մթնոլորտն այնպիսին էր, որ մնում էր կարծիք հայտնվեր, թե միայն ռուսերենով կարելի է հասնել հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել