Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ չեն հավատում

Նոյեմբեր 07,2002 00:00

Էլ չեն հավատում Ավարտվել են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գազատար խողովակաշարի նորոգման աշխատանքները՝ 150 մլն դրամ արժեքով, եւ սկսվել է բնակարանների գազիֆիկացման գործընթացը։ Սակայն այսօր բնակիչների գերակշիռ մասն ի վիճակի չէ գազ ունենալու համար 40 հազար դրամ կանխավճար մուծել։ Մանավանդ որ, կա նաեւ հարցի մի այլ կողմը, ինչպես ասում են՝ ձմեռը յոթ սարից այն կողմ չէ, եւ նրանք կանգնել են երկընտրանքի առաջ ու շեքսպիրյան հանրահայտ հերոսի խոսքերը վերափոխելով, հարց են տալիս՝ փա՞յտ, թե՞ գազ։ – Լավ, ասենք, մի հնարով, անասուն, ապրանք ծախելով՝ գազի փողը մուծեցինք, բա որ հանկարծ չմիացնեն, ձմեռը ո՞նց կանենք։ Էլ փողի հնար չի լինի, որ փայտ բերենք,- բացատրում են սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչներն ու հիշեցնում, որ դեռեւս 1997 թվականին մի քանի համագյուղացիներ կանխավճար մուծեցին խողովակաշարի նորոգման համար, բայց նույն տարում խոստացած գազը չկա մինչ այսօր, այդ աշխատանքը ձգձգվեց 5 տարուց ավելի. «Աչքը տեսածից է վախենում». ինչ երաշխիք, թե մոտեցող ձմռանը գազ կունենան։ Եթե գյուղական բնակչությունը մի կերպ կարողանա էլ լուծել գումարի հարցը՝ ապրանք վաճառելով, ապա վիճակն առավել ծանր է Բերդ քաղաքի բնակիչների համար, որոնք հայտնվել են լուրջ տարակուսանքի առաջ՝ քաղաքացի՞ են, թե՞ գյուղացի։ Ստացվում է, որ դե ֆակտո նույն գյուղացին են, բայց առանց հողի ու աշխատանքի, քանի որ առկա գործարաններից ոչ մեկը չի աշխատում։ Թոշակառու Հեղուշ Մարտիրոսյանի խոսքերով, Բերդ քաղաքի 99%-ը կարիքավոր է, եւ աշխատանքի փնտրտուքով պայմանավորված, բարձր է արտագաղթը։ Ընդ որում, հիմնականում հեռանում են երիտասարդ, կարող ընտանիքները։ Սակայն թեմայից չշեղվենք, տարածաշրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը այսպես է մեկնաբանում հարցը. Չորաթանը գազիֆիկացված տարածքի վերջնակետն է, որտեղ ընդամենը 10 տնտեսություն է ցանկություն հայտնել գազ ունենալ (թերեւս ավելի ճիշտ կլինի ասել, որ 10 ընտանիք հնարավորություն ունի), մինչդեռ 60 կիլոմետրանոց գազատարի գործարկման դեպքում կորուստները մեծ կլինեն։ Ուստի պատգամավորը դիմել է ՀայՌուսգազարդին, առաջարկելով, որպես սահմանամերձ շրջան, մուծվող կանխավճարը զեղչել 50 տոկոսով, եւ հուսով է, որ այս հարցը դրական լուծում կստանա։ Թերեւս այս դեպքում բնակիչների ավելի մեծ մասը ի վիճակի լինի գազ անցկացնելու։ Ըստ պատգամավորի, ցանկացած դեպքում, մինչեւ նոյեմբեր կգործարկվի գազատարը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել