Լրահոս
Օրվա լրահոսը

Նա արյան ծով չի ուզում

Մարտ 19,2003 00:00

Նա արյան ծով չի ուզում Պատգամավոր Մանուկ Գասպարյանը մինչ նախագահական ընտրությունները հայտարարում էր, թե՝ եթե ընտրություններին իշխանությունները դիմեն կեղծիքների, ապա ինքն առաջինն է երկրում քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու: Հիշեցնենք, որ նաեւ նույն պատգամավորն էր դատախազությանը վերջնագիր ներկայացրել անցած տարի, որ եթե վերջինս չհրահանգի քանդել անօրինական շինությունները, ապա ինքն անձամբ է բահը վերցնելու ու քանդելու բոլոր անօրինական կառույցների հիմքերը: Սակայն, ինչպես այդ, այնպես էլ այս խոստմանը պատգամավորը հետամուտ չեղավ: Բնավ չենք ցանկանում հրահրել պատգամավորին այդ քայլի իրականացմանը, սակայն մեզ հետաքրքիր էր, թե ինչու են պատգամավորը կամ պատգամավորները հաճախ այնպիսի հայտարարություններ անում՝ կանխավ իմանալով, որ իրենք դա չեն իրականացնելու: «Ես գիտեի խախտումները քիչ են լինելու, բայց… Ուղղակի ինչ-որ տեղ ես վախեցնում էի իշխանություններին, որ չգնան կեղծիքների, եւ իմանան, որ գնալուց հետո այդպիսի քայլեր կարող են լինել: Դա նախազգուշացում էր իմ կողմից իրենց: Բայց երբ տեսա այն վայրագությունները, որ կատարեցին՝ ձայներն առան, հավաքեցին ու վերջում էլ նկարեցին, հասկացա, որ իշխանական մեքենան այնպես է աշխատում, որ էլ ոչ մի բանի առաջ չեն կանգնի: Մի փոքր կայծ է պետք, որպեսզի հասարակությունն արյան ծովում հայտնվի: Ես երբեք այդպիսի բան չէի կարող անել: Ես հայ մարդ եմ եւ չեմ ուզենա, որ անգամ մեկ հայի արյուն հոսի»,- ասաց Մ. Գասպարյանը: Ըստ նրա, այս իշխանությունների մոտ այնպիսի վիճակ է, որ նրանք երբեք պարտության հետ չէին հաշտվելու: «Ընդդիմադիր այն թեկնածուները, որոնք մասնակցում էին ընտրություններին, ասում էին՝ եթե սրանք չընտրվեն՝ դատվելու են: Պարզ է, որ նրանք ամեն ինչ պետք է անեին, որ մնային իշխանության գլուխ: Եվ արեցին»,- ավելացրեց Մ. Գասպարյանը: Արդյոք պատգամավորը մտավախություն չունի՞, որ նման «նախազգուշացումներով» ինքը կկորցնի վստահությունը իր ընտրազանգվածի մոտ: Այս դիտարկման հետ համաձայնելով, Մ. Գասպարյանը նշեց. «Բայց իմ մոտ այդ վախը չկա, որովհետեւ ընտրություններից անմիջապես հետո ընդդիմության պարտված թեւի ղեկավարները մարդկանց հանեցին հրապարակները, եւ իմ լրացուցիչ կոչի կարիքն այլեւս չկար: Միտինգը ղեկավարում էին այն մարդիկ, ովքեր հրավիրել էին: Եթե ես չիմանայի սցենարը, թե ինչ է նախատեսված այդ միտինգներում, ու եթե ինձ տեղյակ չեն պահում հարթակում կանգնած ղեկավարները, ես բարոյական չէի համարում կանգնել այդ միտինգի հարթակում, որովհետեւ ցանկացած ավելորդ քայլ, որը կբերեր արյան՝ ժողովրդի կամ իշխանությունների մեղքով, եթե ես հարթակում լինեի, ես պիտի ինձ պատասխանատու զգայի: Իրենք իրենց ինձանից ավելի բարձր քաղաքական գործիչների ու խելքով մարդկանց տեղ են դնում ու իրենք են ղեկավարում, դրա համար ես իրենց հետ գործ չունեմ: Եթե ժողովուրդը դուրս չգար ու լռեր, կարող է ես ինքս միտինգներ կազմակերպեի, բայց իրենք ինձնից առաջ ընկան»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել