Լրահոս
Օրվա լրահոսը

կԿԾԸՁՀԿհԼխԼ Լ ըՀԿհԼխԼ

Ապրիլ 29,2003 00:00

կԿԾԸՁՀԿհԼխԼ Լ ըՀԿհԼխԼ Մեկ տարի էլ չանցած՝ «Շարմը» հասավ այն վիճակին, որ ստիպված էր վաճառել «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը: 2002-ի ապրիլին «Շարմն» իր մրցութային առաջարկի «Զարգացման ծրագիր» բաժնում նշել էր. «Մեկ տարի հեռարձակվելուց հետո անցնել շուրջօրյա եթերի»: Չկատարվեց ոչ միայն այդ խոստումը, այլ նաեւ մինչ այժմ էլ «Կենտրոնը» մնում է գերազանցապես ռուսական TBC-ն վերահեռարձակող հեռուստաընկերություն՝ հատուկենտ սեփական հաղորդումներով: Չնայած, կրկին հիշեցնենք՝ խոստացել էին մինչեւ 2002-ի ավարտը հայրենական հաղորդումների հեռարձակման ծավալը հասցնել 50%-ի: Սակայն այժմ խոսքը ոչ թե այդ, այլ մեկ ուրիշ խոստման մասին է, որի համեմատ «Ա1+»-ի ծրագիրը համարվեց «թույլիկ»: Մրցութային առաջարկի «Ֆինանսական ապահովում» բաժնում «Շարմը» թղթի վրա խոստացել էր, թե արվելու են 1 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ: Նշել էր, թե համաձայն նախնական պայմանավորվածությունների՝ իրենց առաջարկի այդ ֆինանսական ապահովումը պիտի իրականացնեն «Եվրոմոթորս» ՍՊԸ-ն եւ «Հայգյուղփոխբանկը»: Առաջարկի հավելվածում ներկայացված էին անգամ այդ ընկերությունների նամակները: Ասենք՝ «Հայգյուղփոխբանկի» գլխավոր տնօրեն Ս. Գիշյանը նշել էր, թե «բանկը պատրաստակամություն է հայտնում երկարատեւ համագործակցություն ծավալելու եւ հույս է հայտնում, որ այդ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ փոխշահավետ»: Իսկ «Եվրոմոթորսն»՝ ի տարբերություն «Հայգյուղփոխբանկի», որի նամակում, այնուամենայնիվ, որոշակի ներդրումների մասին ոչ մի խոսք չկար՝ հայտնում էր «իր պատրաստակամությունը սկզբնական ներդրումներ անելու»: Իհարկե, «Շարմը» եկամտի այլ աղբյուրներ էլ էր նախատեսել, թե տեղական գովազդատուներից բացի՝ ներգրավելու են նաեւ արտերկրի ընկերություններին՝ «Reemtsma Group», «Karelia tobacco» եւ այլն: Դատելով հրապարակված եւ չհերքված այն տեղեկություններից, թե այժմ «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելուց հետո ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն առաջին հերթին աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձերի պարտքերն է մարել՝ այս բոլոր խոստումները մնացել են թղթի վրա: Չէին կարող, չէ՞, այդքան արագ սպառվել շուրջ 2 մլն ներդրումները: Ուստի «Շարմին» ուղղակի խոստումներով շլացրել էին, հետո, կոպիտ ասած, «քցել»: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ կայացած մրցույթի ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյանն ասում էր, թե «Շարմի» «առաջարկներն ավելի իրատեսական են։ Իսկ եթե «Ա1+»-ը պատասխաներ մեր առաջարկի հարցերին… Կարող էր մի էջ ներկայացնել, բայց այն պահանջներին, որ մենք էինք դրել, ճշտությամբ պատասխաներ՝ հայրենակա՛ն արտադրանքը, սեփակա՛ն արտադրանքը, հեռարձակման քաղաքականությունը եւ այլն։ Բայց չէր արել, եւ ես հիմք չունեի»։ Իսկ մեր դիտարկմանը, թե հեռարձակման իր ողջ քաղաքականությունը «Ա1+»-ը ողջ օրվա ընթացքում եթերում է (էր) ներկայացնում՝ պրն Հովսեփյանն այսպես էր արձագանքել. «Ախր, ես ինչպե՞ս կարող եմ 7 տարի վերահսկել «Ա1+»-ին։ Նա կասի՝ ինչ որ գրել եմ, դա եմ կատարում, դրա տերն եմ։ Ես էլ ասում եմ՝ թերի էր դա… Չի նշված տոկոսային որեւէ հարաբերություն՝ ինչի՞ հիման վրա ես պետք է վերահսկեմ»։ Հիմա սրտանց առաջարկում ենք նրան եւ Ազգային հանձնաժողովի այլ անդամներին՝ դե վերահսկեք ձեր «իրատեսական» համարած առաջարկի կատարումը: Անպայմա՛ն վերահսկեք, որ Գուրգեն Արսենյանն այժմ կատարի «Միայն լավ լուրեր» հաղորդելու «Շարմի» խոստումը: Եվ հանկարծ չսխալվեք ու չխոստովանեք, թե առաջարկն այստեղ կապ չունի՝ ուղղակի շա՜տ պետք էր ցանկացած պատրվակով եթերից զրկել «Ա1+»-ին: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել