Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Մայիս 07,2003 00:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ Համահայկական 3-րդ խաղերի գործկոմի հերթական նիստում քննարկվեցին կազմակերպական հարցեր։ Խաղերի թալիսմանը՝ Բադիկը, ընդունելուց հետո գործկոմի անդամներն անցան աշխատանքային մյուս հարցերին։ Նշվեց, որ նախորդ Խաղերում արտասահմանից ժամանած պատվիրակությունները դժգոհում էին, թե ինչո՞ւ մրցումները պետք է սպասարկեն միայն տեղացի մրցավարները։ Այդ բացը լրացնելու նպատակով որոշվել է, որ այս անգամ յուրաքանչյուր մարզական պատվիրակություն իր կազմում ունենա նաեւ մրցավարներ։ Նիստի մասնակիցները տեղեկացվեցին, որ Խաղերին մասնակցելու համար կազմկոմիտեն արդեն ստացել է 30 երկրների 90 քաղաքներից հայտեր։ Դա արդեն իսկ ռեկորդային քանակություն է։ Բայց քանի որ հայտերի ներկայացման ժամկետը լրանում է միայն մայիսի 31-ին, հույս կա, որ դրանց թիվը կանցնի 100-ից։ Սպասվում է, որ Խաղերին ժամանող արտերկրի մեր հայրենակից մարզիկների եւ մարզիչների թիվը կկազմի մոտ 1400 հոգի։ 1000-1200 մարզիկ- մարզուհի էլ հանդես կգա Հայաստանից։ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մոտ 400 մասնակցի իր ծախսերի հաշվին տեղավորել Ծաղկաձորի օլիմպիական ավանում եւ ապահովել դեպի Երեւան եւ հետադարձ տրանսպորտային անհրաժեշտ միջոցներով։ Մյուս մասնակիցներն իրենց միջոցներով պետք է հանգրվանեն Երեւանի հյուրանոցներում։ Հաշվի առնելով, որ անցած տարի Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը «Հանրապետական» ստադիոնում անցկացնելն իրեն չարդարացրեց եւ տրիբունները չբավարարեցին բոլոր ցանկացողներին, ներկայումս քննարկվում է բացման հանդիսությունը «Հրազդան» ստադիոնում կազմակերպելու հնարավորությունը։ Այս նպատակով կազմկոմիտեն հիմա բանակցություններ է վարում համապատասխան կազմակերպությունների հետ։ Դրական եզրահանգման դեպքում պետք է արվի ամեն բան, որպեսզի ստադիոնը առնվազն օգոստոսի 15-ին՝ Խաղերի մեկնարկի նախորդ օրը, պատրաստ լինի դիմավորել մարզասերներին ու մասնակիցներին։ Այս տարի Խաղերի ծրագիրն ավելացել է մեկ մարզաձեւով՝ բադմինտոնով։ Ամենայն հավանականությամբ մարզաձեւի մրցումները կկայանան «Կիլիկիայի» կորտերում, որտեղ անհրաժեշտ է նախապատրաստական որոշ աշխատանքներ կատարել։ Առաջարկություն կա, որպեսզի բասկետբոլիստները մրցեն «Կ. Դեմիրճյան մարզամշակութային կենտրոնում»։ Բայց դրա համար էլ անհրաժեշտ է ձեռք բերել բասկետբոլի տախտակամած, որն արժե 15 հազար դոլար։ Եվ քանի որ կառավարությունը պետական բյուջեից Խաղերի նախապատրաստման ու անցկացման համար տրամադրել է 120 հազար դոլար, բացի դա, նախորդ Խաղերի ընթացքում երկրի բյուջե է մտել 5-6-ական միլիոն դոլար, որը քիչ գումար չէ Հայաստանի նման փոքր երկրի համար, գործկոմի անդամները ճիշտ են համարում, որպեսզի տախտակամածի եւ մյուս բազաները, որտեղ կայանալու են մրցումները, կարգի բերելու համար անհրաժեշտ գումարը նախապես տրամադրվի։ Միեւնույն է, դրանք օգոստոս ամսին՝ Խաղերի անցկացման օրերին, վերադառնալու են բյուջե։ Բացի դա, սա հարմար առիթ է մարզաբազաները կարգի բերելու համար, որոնք հետագայում ավելի արդյունավետ ու նպատակային կօգտագործվեն։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել