Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Մայիս 24,2003 00:00

ԿՐԿԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ավարտվեց բնապահպանության նախարարների «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» համաեվրոպական 5-րդ կոնֆերանսը։ Այն, ըստ էության, ամփոփեց 1998 թ. Օրհուսի կոնվենցիայից հետո արվածը եւ նախանշեց այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հետագայում։ Հայաստանը ստորագրեց երեք արձանագրություն, որոնք կոչված են իրականացնելու նախկինում համապատասխան կոնվենցիաներով Հայաստանի վերցրած պարտավորությունները։ Կոնֆերանսն ընդունեց հռչակագիր, որտեղ այդպես էլ տեղ չգտավ ատոմային, միջուկային անվտանգության մասին հոդվածը։ Փոխարենը՝ Եվրամիության անդամ եւ 2004 թ. ԵՄ ընդունվող երկրներն ընդունեցին առանձին հայտարարություն, որտեղ նման կետ առանձնացված է։ Կիեւում ամենաթեժ քննարկումներն ընթացան հենց ատոմային էներգիայի անվտանգության խնդիրների շուրջ, սակայն կոնֆերանսի ավարտին ընդունված ԵՄ եւ ԵՄ թեկնածու անդամ երկրների հայտարարության տեքստը շատ ավելի մեղմ ձեւակերպումներ է պարունակում ատոմակայանների վերաբերյալ, քան նախարարական հռչակագրի նախնական տարբերակը։ Եթե հռչակագրի նախնական տարբերակում անմիջական կոշտ պահանջ էր դրվում ատոմակայանները փակելու մասին (ինչպիսի պարտավորություն Հայաստանն արդեն իսկ ունի), ապա երկար բանավեճերից հետո ընդունված հայտարարությունում խոսքն արդեն ուղղակի «վտանգ ներկայացնող ռեակտորների» մասին է (նախնական ոչ պաշտոնական թարգմանություն)։ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը կոնֆերանսի ավարտին հայ լրագրողներին ասաց, որ Հայաստանը, ըստ էության, կիսում է այդ մոտեցումները, սակայն վերապահումով։ մեր դեպքում անհրաժեշտ է մշակել ոչ միայն նորմատիվային դաշտը, այլեւ էներգիայի ալտերնատիվ ռեսուրսների հնարավորությունը, որոնք կարող են փոխարինել հայկական ատոմակայանին։ Սա մեր պաշտոնյաները հիմնավորում են ատոմակայանի փակման՝ Հայաստանի արդեն իսկ ունեցած փորձով։ Դրա արդյունքում մեր երկիրն ունեցավ շատ ավելի բնապահպանական հիմնահարցեր։ «Չկա այնպիսի ասպեկտ՝ սկսած կենսաբազմազանությունից մինչեւ Սեւանի խնդիրներ, որի վրա ատոմակայանի փակումը չանդրադարձավ»,- ասաց պրն Պապյանը՝ այս հարցում իրավասությունը թողնելով ՄԱԳԱՏԵ-ի հետ Հայաստանի կառավարության համագործակցությանը՝ բարձրացնելու Հայաստանի ատոմակայանի շահագործման անվտանգությունը։ Երեկ ընդունվեց նաեւ «Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների էկոլոգիական համագործակցության ստրատեգիան» փաստաթուղթը։ Այն հատուկ հոդված է պարունակում՝ անցումային փուլում գտնվող երկրներին առաջիկա հնգամյակում բնապահպանական խնդիրների հարցում աջակցության մասին կոչով։ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի կոոդինատոր, Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կազմակերպության նախագահ Աիդա Իսկոյանն ասաց, որ գրագետ, հիմնավորված ծրագրեր ներկայացնելու դեպքում Հայաստանը կարող է ֆինանսական միջոցներ ներգրավել։ Արձանագրությունները ստորագրելու՝ Հայաստանի քայլը տիկին Իսկոյանը գնահատեց «համարձակ», սակայն միեւնույն ժամանակ «պատասխանատու», քանի որ դրանցով մեր երկիրը ստանձնում է իրավական, բարոյական եւ ֆինանսական պատասխանատվություն իր հասցրած հնարավոր բնապահպանական վնասների համար։ «Մեզ սպասում է հսկայական ծավալի աշխատանք օրենսդրական ոլորտում՝ մեր օրենսդրությունը համաձայնեցնել ստորագրված փաստաթղթերին, ստեղծել համապատասխան ինստիտուցիոնալ համակարգեր»,- ասաց տիկին Իսկոյանը։ Անդրկովկասի համար ամենահետաքրքիր միջոցառումն այսօր, թերեւս, կոնֆերանսին զուգահեռ ընթացող քննարկումն էր՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շուրջ։ Կառույցի շինարարությունը Վրաստանի համար լուրջ էկոլոգիական խնդիրներ կարող է առաջացնել։ Մասնավորապես այսօր սեղանին դրված տարբերակով նավթամուղը պետք է անցնի Բորժոմով։ Դրանից հետո, էկոլոգների պնդմամբ, Վրաստանը կարող է մեկընդմիշտ հրաժեշտ տալ իր հանրահայտ հանգստավայրին եւ հանքային ջրին։ Բնականաբար, ադրբեջանական կողմն ավելի բարձր պիտի գնահատի ակնկալվող օգուտները եւ ստեղծվելիք աշխատանքները։ Սրա կապակցությամբ ուկրաինացի էկոլոգ Յուրի Ուրբանսկին պարզաբանում տվեց։ Ըստ նրա բերած փաստաթղթերի, բարձր կարգի աշխատատեղերի համար մրցույթները՝ բացառապես, երկրորդ կարգի աշխատատեղերինը՝ գերազանցապես միջազգային են լինելու, իսկ Բորժոմը զոհելուց հրաժարվելը Վրաստանին կարող է ավելի թանկ նստել, ինչպես պարզաբանեց Վրաստանի բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացուցիչը։ Այդ դեպքում կարող են հրաժարվել երկրի ստրատեգիական նշանակության խմելու ջրի աղբյուրներից։ Այս հանդիպման ամենահիշարժան պահը քննարկման ավարտն էր, որը համընկավ սրահի վարձույթի ժամի սպառման հետ, եւ դա ճիշտ այն պահին, երբ քննարկումն սկսել էր թեժանալ, թեեւ այն ի վերջո որեւէ իրավական փաստաթղթի ընդունում չէր ենթադրում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Կիեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել