Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ապավինեցին բազկին

Մայիս 28,2003 00:00

Ապավինեցին բազկին Ինչպես երեւում է, թիվ 12 ընտրատարածքից նախնական տվյալներով հաղթանակ տարած Վերսանդ Հակոբյանը կրկին թակելու է դատարանի դռները։ Հիշեցնենք, որ ժամանակին նա դատարանով վերականգնեց որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու իր իրավունքը։ Կիրակնօրյա ընտրություններում նա մոտ 2600 ձայնով առաջ անցավ իր հիմնական հակառակորդ Հարություն Ղարագյոզյանից («Կարամելի Հարութ»)։ Վերջինս ՀՀԿ անդամ է, նրան պաշտպանում են Շենգավիթի տեղական իշխանությունը, ոստիկանությունը՝ իր ազդեցության տակ գտնվող բոլոր օղակներով։ Մայիսի 25-ի առավոտյան Հարություն Ղարագյոզյանը Շենգավիթի թիվ 255 մանկապարտեզի մոտակայքում դաժան ծեծի է ենթարկել Վ. Հակոբյանի մի քանի շտաբականների, ոչ մենակ, իհարկե։ Երեկ Վ. Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե ծեծկռտուքը շարունակվել է հետընտրական օրերին։ «Իհարկե, եթե հիմա մերոնցից մեկը հայտնվի թիվ 12 ընտրատարածքային տեղամասի մոտ՝ ընդհարումը պատրաստ է, դրա համար էլ չեն գնում»,- ասաց նա։ Փոխարենը Նորագավիթի մշակույթի տունը շրջապատված էր Հ. Ղարագյոզյանի «ժողովրդով» ու ոստիկաններով։ Վերջիններս ներսում տանտիրոջ պես էին զգում այնքան, ինչքան հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Կռունկյանը։ Տիկին Կռունկյանից որեւէ տեղեկություն ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան՝ «Դուք խանգարում եք մեր աշխատանքին» հակադրմամբ։ Իսկ համառ սպասումն ավարտվեց նրանով, որ դուրս հրավիրվեցի ոստիկանների «օգնությամբ»։ Քանի որ այդպես ցանկացան թիվ 12 ընտրատարածքայինի նախագահն ու քարտուղարը, ստիպված ենք ներկայացնել Վ. Հակոբյանից լսածը միայն։ Պարզվում է, այսօր առավոտից տիկին Կռունկյանի հանձնաժողովը վերահաշվում է ձայները՝ հիմնվելով Հ. Ղարագյոզյանի բողոքի վրա։ Պրն Հակոբյանի տվյալներով՝ մի քանի տեղամասի ձայների հաշվարկից՝ յուրաքանչյուր տեղամաս միջինը՝ 150 ձայն իրենից պակասեցրել են հօգուտ իր հակառակորդի։ Հետաքրքիր է, որ տեղամասային հանձնաժողովների «սխալները» շրջանցել են մեծամասնականով առաջադրված երրորդ թեկնածուին՝ Ռաֆայել Խաչատրյանին։ «Ամեն հանձնաժողովում 9 անդամից 6-ն աշխատում էր իմ դեմ, նրանք է՞լ են սխալվել, 24 տեղամասերի արդյունքների մասին արձանագրությունները ստորագրել են բոլոր ինն ու կնքել, ուրեմն՝ դա հենց այնպես թո՞ւղթ է, հիմք չէ՞»,- զայրացել էր Վ. Հակոբյանը։ Նա վստահ էր, որ «հենց այնպես չեն հանձնաժողովը նստացրել Նորագավիթում, որտեղ Հարութի թաղն է, ու էս ամեն ինչը պլանավորած ա եղել դեռ ամիսներ առաջ»։ Այսպիսով, ընտրապայքարն այս տարածքում ավարտված չէ, լարվածությունը՝ նույնպես, իսկ հանրապետական Հարություն Ղարագյոզյանը կրկին «կապավինի իր բազկին», թե ոչ, կերեւա առաջիկա օրերին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել