Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասար պայմաններով

Մայիս 29,2003 00:00

Հավասար պայմաններով Այս տարի արդեն 14-րդ անգամ հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել էր Երեւան-Էջմիածին մարաթոնը, որը նվիրվել էր մեծ բարերար Լեւոն Փանոսյանին։ Մարաթոնին մասնակցում էին հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող 40 եւ բազմաթիվ ավելի շարժուն հաշմանդամներ։ Նրանք իրենց առողջ ընկերների ուղեկցությամբ սայլակներով գնացին Էջմիածին, որտեղ նախատեսված էր հանդիպում նաեւ կաթողիկոսարանում, որից հետո մեքենաներով պետք է վերադառնային։ Նրանք եկել էին ապացուցելու, որ կարող են ոչ մի բանով չտարբերվել առողջ մարդկանցից. կարող են ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել, ե՛ւ ստեղծագործել, ե՛ւ նույնիսկ անել այն, ինչը երբեմն առողջ մարդը չի կարող։ Այս միջոցառումը եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հաշմանդամների խնդիրների վրա հրավիրելու փորձ էր։ Հաշմանդամները միշտ բողոքում են, որ ակամա մեկուսացված են հասարակությունից, չեն կարողանում օգտվել տրանսպորտային միջոցներից։ Հայաստանում այսօր գրանցված է 110.000 հաշմանդամ, որից 3000-ը (հատկապես հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցողներ) ներգրավված է այս կազմակերպության մեջ։ «Փյունիկին» աջակցում են արտասահմանյան մի քանի կազմակերպություններ եւ Հայաստանի կառավարությունը։ Սոցապնախարարության հաշմանդամների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը ասաց. «Նախարարությունը այսօր ամեն կերպ փորձում է ստեղծել հավասար պայմաններ եւ հավասար օրենքներ բոլորի համար»։ Պրոթեզավորման եւ սայլակների հարցերի մեծ մասը այսօր լուծվում է Հայաստանում, սոցապնախարարության միջոցներով, սակայն բացառիկ ծանր դեպքերում պրոթեզավորումն իրականացվում է ԱՄՆ-ում։ Ըստ Ջեմմա Բաղդասարյանի, Հայաստանում հաշմանդամների սայլակները փոխվում են 4 տարին մեկ, տարեկան՝ 500 սայլակ։ «Փյունիկ» միությունը, բացի այս ամենամյա մարաթոնից, կազմակերպում է նաեւ այլ միջոցառումներ։ Օրինակ՝ հայ հաշմանդամների մասնակցությունը տարբեր միջազգային ակցիաներին, որտեղ նրանք ներկայացնում են Հայաստանը։ Կազմակերպում են նաեւ հաշմանդամների այցելություններ ամառային-ձմեռային մարզավերականգնողական ճամբարներ, որոնք, ճիշտ է, մեծ ֆինանսական ներդրում են պահանջում, բայց, այնուամենայնիվ, այս հարցը նույնպես որոշ չափով լուծվում է։ «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց նաեւ, որ թեեւ միությունը սկզբունքորեն դեմ էր հումանիտար օգնություններ բաժանելուն, սակայն տեսնելով հաշմանդամների ծանր սոցիալական վիճակը, վերջին երկու տարիներին նման ծրագրեր իրականացվում են. օգնություն է տրամադրվում շուրջ 2000 ընտանիքի։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031