Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՎԱԾԻ ՈՒ ԱՐՎԱԾԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 04,2003 00:00

ԱՍՎԱԾԻ ՈՒ ԱՐՎԱԾԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Մենք իսկապե՞ս ուզում ենք հասնել հազարամյակի զարգացման նպատակներին, թե՞ մեր նպատակը՝ ՄԱԿ-ի աչքերին թոզ փչելն է: Հայաստանում անցյալ տարի անցկացվեց մարդահամար եւ մինչեւ այսօր դրա տվյալները հրապարակված չեն։ Մինչդեռ այն անցկացնելու պատճառը եւ պատճառաբանությունը երկրի դեմոգրաֆիական պատկերն ու տնտեսության զարգացման ուղիները ճշտելն էր։ 2000թ.-ին Հայաստանն ի թիվս ՄԱԿ-ի անդամ մյուս 190 երկրների, ստորագրել է Հազարամյակի հռչակագիրը եւ դրանով պարտավորվել մինչեւ 2015թ. հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ)։ Դրանց թվում աղքատության եւ սովի վերացումն է, հետո նաեւ՝ ընդհանուր տարրական կրթության ձեռքբերումը, երեխաների մահացության նվազումը եւ այլն։ Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված ՀԶՆ-ին նվիրված սեմինարին փորձագետներն իրենց տարակուսանքը հայտնեցին բոլոր ութ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ թվերի հակասականությունից։ Ինչպես, օրինակ, մանկական մահացության՝ վիճակագրության ազգային ծառայության եւ առողջապահության նախարարության թվերը երեք անգամ տարբերվում են։ «Ինչպե՞ս վարվենք, ո՞ր թիվը վերցնենք իբրեւ մեկնակետ»,- «քաղաքականությունը որոշողների եւ խորհուրդ տվողների անունից» սեմինարին ներկա պաշտոնյաներին հարցրեց ծրագրի համակարգող Աստղիկ Միրզախանյանը։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կարինե Սարիբեկյանն ասաց, որ այդ թվերը միայն Հայաստանում չէ, որ տարբերվում են։ Մանկական մահացությունն, ըստ նրա, քաղաքական գործոն է, այդ պատճառով Սովետական Միության տարիներին հայտնի էին լինում միայն պաշտոնական թվերը։ Իսկ այժմ դեմոկրատիա է. իմանում ենք նաեւ ոչ պաշտոնական վիճակագրությունը։ Եվ նույնիսկ. «Մենք երկուսն էլ կարող ենք հիմք վերցնել»,- ասաց տկն Սարիբեկյանը։ Երեք անգամ տարբերությա՞մբ։ Սոցապ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ասաց, որ «դժվար է հստակ գտնել սոցիալական ցուցանիշները»։ Կ. Սարիբեկյանը հայտնեց, որ յուրաքանչյուր նախարարություն մշակում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որտեղ նկատի է առնում ՀԶՆ-ի պահանջներն իր մասով։ Գերակայությունները ամրագրելուց հետո նկատի են առնվում ոչ միայն բյուջետային հատկացումները, այլեւ միջազգային օգնությունները։ Արդեն տեսանք, թե ինչ թվեր կարող են իրենց հիմքում ունենալ նման հաշվարկները։ Մեջբերենք նաեւ «Մարդկային կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանին. «Չեմ կարող զարմանքս չհայտնել՝ կապված ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացման հետ։ Ավելի շատ անտառներ կկտրվեն այդ դեպքում։ Եվ ավելի կհեռանանք Հազարամյակի զարգացման նպատակներից»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Երեկ ՄԱԿ-ում ցուցադրված «Հազարամյակի զարգացման նպատակներ» ֆիլմում, «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքար բաժնում» օգտագործվել են «Արմենիկում» կլինիկայում նկարահանված կադրեր (առանց անունը նշելու)։ Մինչդեռ արդեն երկրորդ տարին է, որ կլինիկայում ոչ հիվանդ կա, ոչ բուժանձնակազմ։ «Առավոտի» «Ինչքանո՞վ է ազնիվ նման կադրերով թյուրիմացության մեջ գցել դիտողներին, թե Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում են գերժամանակակից կլինիկայում» հարցին ի պատասխան, ՀԶՆ ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունին խոստացավ ֆիլմի հեղինակ Ցվետանա Պասկալեւայի՝ Հայաստան վերադարձին անմիջապես պարզել խնդիրը։ «Իսկ ձեզանից (լրագրողներից- Ա. Գ.) բացի, ո՞վ կճանաչի այդ շենքը»,- ասաց ներկաներից մեկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել