Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում անց են կացվում ժողովրդավարական բարեփոխումներ»

Սեպտեմբեր 16,2003 00:00

«Հայաստանում անց են կացվում ժողովրդավարական բարեփոխումներ» Գտնում է Ռոբերտ Քոչարյանը Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի՝ Հայաստան կատարած, ըստ էության, խիստ արարողակարգային այցի ժամանակ, երեկ երկու երկների միջեւ կնքվեցին ոչ պակաս ձեւական երեք միջկառավարական համաձայնագրեր։ Կնքման հանդիսավոր արարողությանը հաջորդած բրիֆինգի ժամանակ զույգ նախագահներն, ինչպես արդեն կռահեցիք, արտահայտեցին բավականաչափ ձեւական մտքեր եւ բարեմաղթանքներ։ Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ նախագահ Ռ. Քոչարյանի մտքերը, ի համեմատ նրա լիտվացի գործընկերոջ հնչեցրածների, փոքր-ինչ ավելի ձեւական էին։ Այսպես. Ռ. Քոչարյանը հայտարարեց. «Ուշադրություն դարձրեք, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների նպատակը՝ երկիրը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելն է»։ Ապա Քոչարյանը նշեց, որ մերձբալթյան երկրների համաձայնեցված եվրաինտեգրման փորձը կարող է չափազանց օգտակար լինել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար։ ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ հայ եւ լիտվացի գործարարների փոխշփումներն օգտակար զարգացումներ կունենան, վերաճելով տնտեսական համագործակցության, ինչն այսօր, փաստորեն, գրեթե բացակայում է։ Իր հերթին, Ռոլանդաս Պակսասը ոչ առանց հպարտության նշեց, որ հաջորդ տարվանից Լիտվան կդառնա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Պակսասը հասկացրեց, որ Հայաստանն այսուհետեւ Լիտվային պետք է վերաբերվի եւ Լիտվայի հետ պետք է շփվի իբրեւ ԵՄ անդամ երկրի, ու, հետեւաբար, Լիտվան էլ, որպես այդպիսին, իր հերթին կնպաստի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհով գնալու հարցում։ Բայց Հայաստանն ինքը ուզո՞ւմ է անդամագրվել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը։ Ի պատասխան լիտվացի լրագրողի այս պարզ հարցին, Ռ. Քոչարյանը հստակ «այո» չասաց։ «Ամեն ինչ անում ենք, որ ԵՄ-ում մեզնով հետաքրքրվեն», «էդ մասին դեռ չենք խոսում, քանի որ ԵՄ-ի դռների առջեւ հիմա մեծ հերթ է» եւ այլն։ Փոխարենը Քոչարյանին անչափ դուր էր եկել Պակսասի առաջադրած՝ մերձբալթյան ու հարավկովկասյան երկրների «3+3» ձեւաչափով համագործակցության անմեղ գաղափարը, եւ նա հաճույքով խոսեց այդպիսի համագործակցության հավանական օգտակարության մասին։ Շոշափվեցին երկու երկրների երկկողմ եւ բազմակողմ համագործակցության մի շարք այլ ասպեկտներ եւս։ Լիտվայի նախագահ Պակսասի այցը Հայաստան այսօր կավարտվի, եւ վերջինս կմեկնի Հայաստանից։ Դժվար է առայժմ ասել, թե ինչ կոնկրետ արդյունքներ կմնան դրանից հետո։ Առավել եւս դժվար է ենթադրել, թե Հայաստանը, թեկուզ ձեւականորեն, կընդօրինակի Լիտվայի իսկապես առաջավոր փորձը արտաքին եւ, առավել եւս, ներքին քաղաքական ոլորտներում։ Մինչ Պակսասը Հայաստան են այցելել ոչ պակաս փորձառու երկրների նախագահներ, սակայն այդ այցերից հետո ներքին կյանքում շոշափելի փոփոխություններ կարծես թե չեն եղել։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել