Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՈՒՐՋ

Սեպտեմբեր 16,2003 00:00

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՈՒՐՋ Որքան էլ «Օրինաց երկիրը» եւ ՀՀԿ-ն պնդում էին, թե նպատակահարմար չէ իրագործել ՀՅԴ առաջարկը եւ առանձին կառույց ստեղծել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պետական մարմինները բավարար են՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդական նշանակեց դաշնակցական Բագրատ Եսայանին, որի ոլորտը նախանշվում է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այս նշանակումը գնահատելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Դեռեւս տեղեկատվություն չկա, թե ինչ հարցերով է զբաղվելու նախագահի այդ խորհրդականը: Համենայն դեպս՝ նախագահի աշխատակազմն իր խնդիրներն ունի, եւ այս առումով՝ խոսքը ոչ թե առանձին կառույցի մասին է, այլ թերեւս պարզապես ավելի մեծ ուշադրություն է դարձվելու այս ոլորտին: Կարծում եմ, որ Հայաստանում արդեն ձեւավորված են բոլոր կառույցները, որոնք կարող են արդյունավետորեն պայքարել պետության համար վտանգ ներկայացնող երեւույթների դեմ: Ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարը բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների խնդիրն է: Եվ նպատակահարմար չէ ստեղծել մի մարմին, որը կզբաղվի զուտ կոռուպցիայի հարցերով, քանի որ, եթե կասկածում ենք արդեն եղած կառույցներին՝ ինչո՞ւ չկասկածենք, որ կկոռումպացվի այս մեկն էլ»: Բացառված չէ, որ այդ հարցերով նախագահի խորհրդական առանձնացնելն ընդամենը միջանկյալ փուլ է, որին որոշ ժամանակ անց կհաջորդի, այնուամենայնիվ՝ առանձին մարմնի ստեղծումը: Այս հեռանկարի առնչությամբ պրն Սահակյանը դարձյալ պնդեց, որ ո՛չ նման կառույցի կարիքը կա, ո՛չ էլ երեւում է, թե այն կարող է ունենալ որեւէ դեր. ուղղակի սա առավել քաղաքական հարց է: Ի դեպ, վերլուծաբանների դիտարկումներով՝ կոալիցիայի ներսում հակասությունների խորացումը ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ այդպիսով մեծանում են իբրեւ արբիտր հանդես գալու նրա հնարավորությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այս առնչությամբ միայն ասաց. «Տարակարծությունները երբեք չեն ենթադրում հակասություններ: Կարծում եմ՝ պետության համար ավելի վտանգավոր կլինի, եթե Սովետական Միության պես՝ որեւէ հարցադրում արվի եւ բոլորը ձեռք բարձրացնեն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել