Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ»

Սեպտեմբեր 17,2003 00:00

«ԱՅՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ» Հասարակությունն ու պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահեն կրթական հատուկ հաստատությունները: «Հայաստանում այսօր 15 հազար երեխա գտնվում է կրթական հատուկ հաստատություններում: Նրանցից հազարավորները կարող էին իրենց ընտանիքներում լինել, եթե այդ ընտանիքներին որոշակի օգնություն ցույց տրվեր»,- ասում է Հայաստանում «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական առաքելության ղեկավար Սամուել Անրիոնը: Եկող տարի հունիսի 30-ին առաքելությունն ավարտելու է յոթ տարի իրականացվող իր «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագիրը, որն աշխատում է փողոցում հայտնված եւ անապահով ընտանիքների երեխաների հետ: Այսօր արդեն կազմակերպությունը մտահոգվում է, թե շարունակություն կունենա՞ արդյոք իրենց ծրագիրը: Ս. Անրիոնը պատմում է, որ 1997 թվականին, երբ իրենք մտան Վարդաշենի հատուկ կրթահամալիր, այնտեղ վիճակը կատաստրոֆիկ էր: «Իհարկե այսօրվա վիճակը չի կարելի համեմատել 1997-ի հետ: Նախկինում բռնությունները կանոնավոր կերպով էին իրականացվում: Այնտեղ ամեն ինչ հիմնված էր բռնության վրա: Այնտեղ հիմնականում պահակներ էին աշխատում: Դրանից հետո մեր շնորհիվ մի քանի պահակներ աշխատանքից հեռացվեցին, նրանք հետագայում փոխարինվեցին դաստիարակներով: Մենք ցանկացանք աշխատել մի կոլեկտիվի հետ, որը երեխաների պատժիչ միջոցներով իրականացվող դաստիարակությունը փոխարիներ երեխայի նկատմամբ հարգանքի վրա հիմնված դաստիարակությամբ: Նախկինում այդ բռնությունները բացահայտ էին, բոլորը տեղյակ էին դրանցից: Այսօր, ճիշտ է, դրանք կան, բայց թաքնված են»: Պրն Անրիոնը հայտնեց, որ 2000 թվականին մի աշխատող հեռացվել է երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու պատճառով: Մի ամիս առաջ էլ մի հոգու են վտարել: Սակայն առաքելության ղեկավարն ասաց, որ իրենք չեն կարող նույն կերպ գնահատել բոլոր դաստիարակներին, քանի որ նրանց մեծ մասը հարգում է երեխաներին: Նրանք երբեմն պոռթկում են նյութական պայմանների անբավարար լինելու պատճառով, ինչը, միեւնույն է, անընդունելի է առաքելության համար: Ս. Անրիոնից տեղեկացանք, որ սեպտեմբերի 23-28-ը կազմակերպությունն անցկացնելու է «Հաղորդակցման շաբաթ», որի «նպատակն է լայն հասարակությանը ներկայացնել մեր կատարած աշխատանքը, որպեսզի այն քննարկման առարկա դառնա, առաջացնել համապատասխան եւ նաեւ այլ նախարարությունների հետաքրքրությունը այս ծրագրի հանդեպ, որպեսզի մեզանից հետո նրանք կարողանան դա շարունակել»: «Հաղորդակցման շաբաթվա» շրջանակներում սեպտեմբերի 23-ին տեղի կունենա մամլո ասուլիս, 25-ին՝ համաժողով, որի ժամանակ կքննարկվի փակ հաստատությունները «բացելու» խնդիրները, այսինքն, թե դրանք ինչպես կարող են փոխել իրենց բնույթն ու բովանդակությունը, հարգեն երեխային: «Իմանալով այն, ինչ կատարվում է Վարդաշենի եւ Նուբարաշենի կրթահամալիրներում, մենք ուզում ենք վեր հանել այդ պրոբլեմը, փակ հաստատությունները վերածենք բացի»,- ասում է պրն Անրիոնը։ Համաժողովի երկրորդ կեսը նվիրված կլինի այդ երեխաներին փողոցի ու հատուկ հաստատության այլընտրանքն առաջարկելուն: Խոսքն ընտանիքի մասին է: «Հենց այդ առումով ենք ուզում հետաքրքրություն առաջացնել համապատասխան նախարարություններում, որպեսզի ստեղծվեն կենտրոններ, որ այդ ընտանիքները կարողանան հոգեբանական, սոցիալական որոշակի օգնություն ստանալ»: Ս. Անրիոնը կարեւորեց այն հանգամանքը, որ ընտանիքից երեխայի անջատումն արդեն ինչ-որ տեղ պառակտում է: Որոշ երեխաների կարելի է օգնել, որ նրանք մնան ընտանիքում, բայց, ղեկավարի կարծիքով, կան երեխաներ, որոնց համար ինչ-որ տեղ անհրաժեշտ են հատուկ հաստատությունները, որովհետեւ նրանք չեն կարող գտնվել ընտանիքում: Կազմակերպությունը բռնությունների մասին տեղեկատվություն ստանում է հիմնականում երեխաներից: Պրն Անրիոնը հայտնեց, որ բռնության դեպքերի մասին իրենք անմիջապես տեղեկացնում են Կրթության եւ գիտության նախարարություն: Նախարարությունը նաեւ նյութական համապատասխան միջոցներ է տալիս այնտեղ աշխատանքներ կազմակերպելու համար: ԲԱՍ-ն իր կողմից ֆինանսապես օգնում է, ասենք, հիգիենիկ պարագաներով, միջոցառումներն է ֆինանսավորում: Մեր հարցին, թե ինչ ֆունկցիաներ պիտի վերցնեն իրենց վրա համապատասխան գերատեսչությունները, որպեսզի առաքելությունը երաշխիք ունենա, որ իրենց գործը շարունակվելու է, պրն Անրիոնը պատասխանեց. «Մեր մոտեցումը բնավ նախարարություններին ագրեսիայի ենթարկելը չէ: Նպատակն է՝ միասին տեսնենք իրավիճակը, գնահատենք այն եւ լուծումներ գտնենք: Իսկ ես գտնում եմ, որ երեխաների վիճակը դրամատիկ է՝ փողոցում լինի, ընտանիքում, թե հաստատությունում»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել