Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ԵԿԵԼ ԽՈՍՔ ԹՌՑՆԵԼՈՒ»

Սեպտեմբեր 26,2003 00:00

«ԵՍ ՉԵՄ ԵԿԵԼ ԽՈՍՔ ԹՌՑՆԵԼՈՒ» Երեկ Ռոբերտ Քոչարյանի՝ դրամատիկական թատրոն այցելության ժամանակ փաստեց մշակույթի նախարար Թամար Պողոսյանը։ Արդեն ավարտվել են Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շինվերանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի ղեկավար Գագիկ Մկրտումյանը, վերականգնվել է տանիքը, կառուցվել է կաթսայատուն, տեղադրվել են ձայնալուսային եւ օդափոխիչ համակարգեր, նոր աթոռներ դահլիճում եւ այլն։ Շենքի վրա նախատեսված էր ծախսել 330 հազար դոլար, սակայն չնախատեսված աշխատանքների վրա ծախսվել է եւս 300 հազար դոլար։ Դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմը երեկ մի թատերականացված շնորհակալություն «բեմադրեց» դահլիճում՝ ուղղված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Քըրք Քըրքորյանին, Լինսի հիմնադրամի ամերիկյան կողմի ղեկավար Հարութ Սասունյանին, շինարարներին եւ իրենց՝ կոլեկտիվին։ Շնորհակալական նամակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը թատրոնի պատմությունը ներկայացնող գրքույկի հետ հանձնեց Հ. Սասունյանին, որպեսզի վերջինս այն փոխանցի Քըրք Քըրքորյանին։ «Լիահույս ենք, որ մի օր կբացեք մեր թատրոնի դռները, պարոն Քըրքորյան, եւ կգտնեք ձեզ հարազատ մարդկանց այստեղ»,- հեռակա ուղերձով բարերարին դիմեց Ա. Խանդիկյանը։ Դերասան Արթուր Ութմազյանն էլ նկատեց, որ նույնիսկ իրենց համարձակ երազներում չէին կարող նման գեղեցիկ ու եվրոպական չափանիշներին համապատասխան շենք ակնկալել. «Իսկ այսօր այդ ամենն իրականություն է, մինչդեռ 10 տարի առաջ դրամատիկականի բեմի վրա խաղում էինք մոմի լույսի տակ»։ Ռոբերտ Քոչարյանին դրամատիկական թատրոն կատարած այցի ժամանակ ուղեկցում էին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ մշակույթի նախարար Թամար Պողոսյանը։ Նա շարունակ խուսափում էր լրագրողների հարցերի տարափից, խնդրում «բավականանալ» ընդամենը մի քանի հարցերին տրված պատասխաններով։ Լրագրողներից մեկի հարցին, թե «Օրինաց երկրից» ո՞ւմ կուզենար տեսնել իբրեւ փոխնախարար, Թ. Պողոսյանը պատասխանեց. «Դա իմ խնդիրը չէ։ Ինչպիսի որոշում էլ տրվի, ես պատրաստ եմ ցանկացած թեկնածուի հետ աշխատել»։ «Առավոտի» հարցին՝ խորհրդակցե՞լ էր, արդյոք, մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը Թամար Պողոսյանի հետ Թուրքիա գնալուց առաջ եւ հատկապես նրա ո՞ր մտահոգությունները պետք է բարձրացներ Անթալիայում, Թ. Պողոսյանը պոռթկաց. «Բավականանանք եղածով։ Ես արարողության եմ եկել, թողեք արարողության մասնակցեմ։ Ես չեմ եկել խոսք թռցնելու»։ Նա պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ ասուլիս չտալը պարզաբանեց այսպես. «Պատճառը ժամանակի սուղ լինելն է։ Օրն այնքան կարճ է, սիրելիներս, որ չի ստացվում իրար հետ շփվել։ Այս ուշացումները աշխատանքային արդյունավետության իմաստ ունեն։ Մի քիչ էլ իրադարձությունների սրընթաց ուղղվածությունը ստվերեց ամեն ինչ։ Սպասեք մի քիչ, մենք մշակում ենք լրագրողների հետ համագործակցության մեր մեխանիզմները»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել