Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿԻ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 26,2003 00:00

«ՇԻՐԱԿԻ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը նոր զարգացումներ առաջացրեց։ «Փյունիկը» ամրապնդվեց առաջատարի դերում, ապա «Բանանցը», հաղթելով «Շիրակին», արդեն ավելի ապահով է զգում 2-րդ տեղում։ Եվ, վերջապես, մյուս թիմերն էլ հանգիստ չեն, քանի որ յուրաքանչյուրն իր կրնկակոխ հետապնդողն ունի։ «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը, անկասկած, անցնելու էր անզիջում պայքարում։ Բայց որ երեւանցիները խոշոր հաշվով հաղթանակ կտանեն, դժվար էր գուշակել։ Առաջինը հաջողության կարող էր հասնել «Շիրակը», սակայն Արարատ Հարությունյանի փոխանցմանն առաջինը հասավ «Բանանցի» պաշտպան Ալեքսանդր Կուչերը։ Նույնատիպ դրվագում, արդեն «Շիրակի» դարպասի մոտ, իր թիմին փրկեց Արտաշես Անտոնյանը։ Իսկ ահա 12-րդ րոպեին «Բանանցը» արդյունավետ եզրափակեց գրոհը։ Մի պահ թվաց, թե Արշակ Ամիրյանը խաղից դուրս վիճակում է։ «Շիրակի» պաշտպանները կանգնեցին, բայց մրցավարի սուլիչը լռեց։ Ամիրյանը շարժվեց առաջ եւ ճշգրիտ փոխանցումով գնդակը հասցեագրեց Արամ Հակոբյանին։ Նա էլ մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Հյուրերը դեռ չէին հասցրել ուշքի գալ, երբ հաշիվը կրկնապատկվեց։ Պաշտպանների թողտվությամբ Արա Հակոբյանը կասեցրեց գնդակը եւ մոտ 14 մետրից դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց «Շիրակի» դարպասը։ Դրանից հետո գյումրեցիների նյարդերը տեղի տվեցին։ 37-րդ րոպեին մրցավար Արարատ Ճաղարյանը դեղին քարտ ցույց տվեց Հովհաննես Թահմազյանին, բայց երբ «Շիրակի» ավագը ծափահարեց մրցավարին, վերջինս նրան հեռացրեց խաղադաշտից։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ Արման Տոնոյանի եւ դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանի անփույթ խաղի հետեւանքով «Բանանցը» 3-րդ գնդակը ուղարկեց «Շիրակի» դարպասը։ Արա Հակոբյանը դարպասապահի հետ ընդհարվելուց հետո վաստակեց 11 մետրանոցի իրավունք եւ հստակ իրացրեց այն։ Ընդմիջումից հետո Արարատ Հարությունյանը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, բայց նորից «Բանանցին» փրկեց պաշտպան Կուչերը։ Իսկ ահա 65-րդ րոպեին «Շիրակի» դարպասին նշանակվեց երկրորդ 11 մետրանոցը։ Նորից Արա Հակոբյանի դեմ արգելված հնարք կիրառեց՝ այս անգամ, Արման Տոնոյանը եւ առաջնության ռմբարկուն խփեց իր երրորդ գոլն այս խաղում։ Խաղավարտից 20 րոպե առաջ «Շիրակը» մնաց 9 հոգով։ Կարմիր քարտի արժանացավ Կարեն Խաչատրյանը։ Հետագայում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։ «Շիրակից» աչքի ընկավ Տիգրան Դավթյանը, «Բանանցից»՝ Արա Հակոբյանը։ Աղյուսակ 1. Փյունիկ 17 43 2. Բանանց 17 38 3. Շիրակ 17 31 4. Միկա 16 28 5. Կոտայք 17 20 6. Դինամո 17 17 7. Լեռնագործ 17 10 8. Արաքս 16 4 ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930