Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ հաշվառել, հետո վերադարձնել

Դեկտեմբեր 12,2003 00:00

Նախ հաշվառել, հետո վերադարձնել Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան գրասենյակն իրականացնում է սահմանամերձ բնակավայրերից պատերազմական գործողությունների հետեւանքով տեղահանված անձանց հաշվառում: Հիշեցնենք, որ ծրագրի վերջնական նպատակը պիտի լինի այդ անձանց վերադարձը իրենց բնակավայրերը: ՀՀ Միգրացիայի եւ փախստականների վարչության աշխատակազմի ղեկավար Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի առաջին փուլում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 17 հազար մարդ, որոնք պատերազմական գործողությունների ժամանակահատվածում դուրս էին եկել իրենց բնակավայրերից: Սակայն, նրա կարծիքով, դա դեռ չի նշանակում, որ նրանք բոլորը ներքին տեղահանված անձինք են: Երկրորդ փուլի խնդիրն է պարզել՝ նրանցից քանիսն են բավարարում ներքին տեղահանվածների հատկանիշներին եւ անցկացնել քարտեզագրում: Ինչպես հայտնի է, Հայաստանում չկան ներքին տեղահանվածների բնակության կոմպակտ վայրեր, ինչպես հարեւան հանրապետություններում: «Ի զարմանս ինձ, ժողովրդի արձագանքները շատ պասիվ են ԶԼՄ-ներով տարածված այն հայտարարությանը, որ Երեւանում ապրող հնարավոր ներքին տեղահանվածները կարող են դիմել մեզ, որպեսզի պարզենք իրենց բնակավայրերից նրանց դուրս գալու պատճառները եւ հնարավոր վերադարձի մտադրությունը: Թվում էր, թե շատ մարդիկ կուզենային մտնել այդ ցանկի մեջ, բայց հիմնականում արձագանքում են փախստականները»,- հայտնեց Ս. Հարությունյանը: Պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրենց բնակավայրերից Երեւան տեղափոխվածներին հայտնաբերելը դեռեւս խնդիր է վարչության համար, սակայն այստեղ հավաստիացնում են, որ դա խնդիրների մի մասն է, որի լուծելու կամ չլուծելու հանգամանքով չէ պայմանավորված ծրագրի իրականացման հարցը: Մեր դիտարկմանը, թե գուցե նրանց շահագրգռելու խնդիր կա, պրն Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին իրենք ընդամենը հաշվառումն են անում, որպեսզի հնարավոր լինի առանձնացնել այն խումբը, որը ցանկություն ունի վերադառնալու: «Բայց մարդը պետք է դիմի: Երբ դեռ մարդուն չենք գտել, շահագրգռելու մասին խոսելը երեւի իմաստ չունի: Ռեալ չի լինի նաեւ այս պահին տեղեկություններ տարածել եւ խոստումներ տալ նրանց»,- ասում է Սամվել Հարությունյանը: Հիշեցնենք, որ կառավարության «Սահմանամերձ տարածքների հետբախումային վերականգնման ծրագիրը» նախատեսում է համալիր միջոցառումներ սահմանամերձ գոտում, ինչպես նաեւ ներքին տեղահանվածների համար գրավիչ պայմաններով վերադարձի ապահովումը: Ոլորտի պատասխանատուները գտնում են, որ խնդրի մարդկային լուծումը տեղահանվածին իր բնակավայր վերադարձնելն է: Քանի որ ի տարբերություն մեր հարեւանների, ՀՀ այն տարածքները, որտեղից դուրս են եկել ներքին տեղահանվածները, բացառությամբ Արծվաշենի, մեր կառավարության վերահսկողության տակ են: Ս. Հարությունյանն ասաց, որ վերադառնալ ցանկացողների համար պետք է մշակվի արտոնությունների փաթեթ: «Սակայն ոչ մի դեպքում չի կարելի դուրս եկածին բերել բնակավայր եւ նրան տալ այնպիսի արտոնություններ, որ նա տվյալ բնակավայրի բնակիչներից առավել նպաստավոր վիճակում հայտնվի: Դա եւ հոգեբանորեն սխալ է, եւ անարդարացի: Կարող է բերել ներհամայնքային բախումների: Հնարավոր է, որ յուրաքանչյուր բնակավայրի համար արտոնությունների փաթեթը լրիվ առանձին լինի»: Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել