Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿՆԵՐՆ

Հունվար 11,2004 00:00

ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԼՈՒՐՋ ԵՆ Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն այս մրցաշրջանում իր առջեւ շատ ավելի լուրջ նպատակներ է դրել: Ու դրա համար նույնքան ավելի լուրջ հիմքեր ունի: Լինելով հանրապետության ֆինանսապես ամենակայուն ակումբներից մեկը՝ «Բանանցը» ներկայացրած համոզիչ ու հիմնավորված ծրագրերի շնորհիվ, որպես ժամանակավոր օգտագործման սեփական բազա, ՀՖՖ-ից ստացավ Մալաթիայի ֆուտբոլի դպրոցի ժամանակակից պահանջները բավարարող բազան: Ու հենց այստեղ էլ սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Թիմը տասնօրյա առաջին հավաքը հրավիրեց դեկտեմբերի 20-ին, որում, ի տարբերություն նախորդ տարիների, միաժամանակ հրավիրվել էին թե հիմնական, թե երիտասարդական կազմի լավագույն ներկայացուցիչները, ինչը նոր մրցաշրջանին առավել պատրաստ վիճակում ներկայանալու նախապայման է: Հիմա «Բանանցը» մարզումները շարունակում է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում, որոնց կիրակի օրը ներկա եղանք թիմի մամուլի ծառայության հրավերով: Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանը գոհունակությամբ նշեց, որ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել սկզբից եւեթ նախապատրաստությունն սկսել աչքի առաջ ունեցած ամբողջական կազմով՝ թե «Բանանցի» անցած տարվա հիմնական խաղացողներով, որոնք մնացել են թիմում, թե ակումբի պատանեկան ու երիտասարդական թիմերի հեռանկարային ու խոստումնալից ֆուտբոլիստներով: «Մենք որոշել ենք այսուհետեւ գլխավորապես շեշտը դնել տեղացի կադրերի վրա,- ասաց նա:- Գերադասելի է մեր աճեցրած ֆուտբոլիստներին իրենց դրսեւորելու ավելի շատ հնարավորություն ընձեռել: Ակումբի ղեկավարության հետ եկել ենք այն հետեւության, որ եթե լեգեոներական հրավիրելու անհրաժեշտություն լինի, ապա այդ ֆուտբոլիստը առնվազն մի քանի գլխով պետք է բարձր լինի մեր ձեռքի տակ եղածներից, որպեսզի լինի իրոք առաջատար ու մյուսներին էլ կարողանա տանել իր ետեւից: Եկող մրցաշրջանում ֆուտբոլիստների առջեւ կրկին չեմպիոնության համար պայքարելու առաջադրանք ենք դրել: Մինչ այսօր պայքարել, բայց չենք կարողացել հասնել նպատակին: Սակայն հիմա, երբ արդեն ունենք մեր մարզաբազան եւ նախապատրաստությունն սկսել ենք լիարժեք, պահանջներն էլ ավելի խիստ են: Ծաղկաձորյան հավաքը ավարտելու ենք հունվարի 20-ին: Դրանից հետո մարզումները մեկ ամիս կշարունակենք Երեւանում: Այնուհետեւ կմեկնենք Աշգաբադ՝ Թուրքմենբաշիի գավաթի խաղարկությանը: Այնտեղ ինձ համար արդյունքն այնքան էլ կարեւոր նշանակություն չի ունենալու: Որպես գլխավոր մարզիչ՝ կարեւորելու եմ թիմի խաղային օղակների արդյունավետությունն ու փոխհամագործակցությունը: Թուրքմենստանից վերադառնալով մի-երկու օր կմնանք Երեւանում, որից հետո կմեկնենք Անթալիա կամ Կիպրոս՝ Հայաստանի առաջնության նախապատրաստության վերջին շրջանն անցկացնելու: Հենց այդ ժամանակ էլ մարզիչներով կորոշենք «Բանանցի» հիմնական կազմի վերջնական տարբերակը»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել