Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի լույսն ու ստվերը

Հունվար 22,2004 00:00

Չեխիայի լույսն ու ստվերը 1996 թվականից Չեխիայում է ապրում ու ստեղծագործում մեր օպերայի նախկին մեներգիչ Արմեն Կարապետյանը։ – Դուք Հայաստանից հեռանալու պատճառ, երեւի, չպետք է ունենայիք։ 90-ականներին զբաղված էիք հայաստանյան մի քանի պրեմիերաներում։ – 1988 թվականին Երեւանի օպերային թատրոնի՝ ինձ արված հրավերը համընկավ Ղարաբաղյան շարժման սկզբին։ Թատրոնի բեմը «դուրս եկավ»՝ դառնալով հարթակ։ Բնականաբար, խաթարվեց թատրոնի գործունեությունը։ Բայց հասցրի մի քանի ներկայացումներում հանդես գալ բաս ձայնի համար գրված դերերգերով։ Այո, առաջին եւ վերջին կատարողն եմ եղել հայաստանյան մի քանի պրեմիերաների՝ Մոցարտի «Առեւանգում հարեմից» օպերայում՝ Օսմին, Շլենդրիանի՝ Բախի «Սուրճի կանտատում»։ Երգել եմ Արամ Խաչատրյանի «Բալլադ ձայնի եւ նվագախմբի համար» ստեղծագործությունը, որտեղ արդեն սրբագրվել էին «Լենին», «պարտիա» եւ նման բառեր։ – Այնուամենայնիվ, հեռացաք։ – 1996-ին Մոսկվայի Մեծ թատրոնից ստացա հրավեր՝ մասնակցելու հայտարարված մրցույթին։ Մոսկվաբնակ հայ ընկերներս ու գործընկերներս խոստացել էին, որ մրցույթով անցնելու դեպքում կլուծեն մայրաքաղաքում առաջին ամիսներին գոյատեւմանս հարցերը։ Սակայն Մեծ թատրոն ընդունվելուց հետո, բոլորը կորան՝ իրենց խոստումներով հանդերձ։ Ինձ ոչինչ չէր մնում, քան խուճապահար Մոսկվայում Չեխիայի դեսպանատուն դիմելը։ Ինչո՞ւ Չեխիայի, որովհետեւ մշակութային հարցերով կցորդ Միրա Հավիարովային հեռվից գիտեի։ Նա Հայաստան շատ էր այցելել։ Տիկին Միրան ընդառաջեց ինձ, ու մեկնեցի Չեխիա։ Օլոմոուց քաղաքի օպերային թատրոնն էլ ինձ վերցրեց աշխատանքի։ Չեխիայում երգել եմ բոլոր հնարավոր եւ «անհնար» բեմերում։ Նշեմ նաեւ, որ այնտեղ յուրաքանչյուր 100 հազարանոց քաղաքում, պետական ֆինանսավորմամբ «ապրում» է 1-2 օպերային թատերախումբ։ – Կան նաեւ ստվերային կողմեր: Օրինակ, Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի առիթով Պրահայի Կայզերշտեյն պալատի սեփականատերը (ազգությամբ՝ ոչ հայ) անվճար տրամադրեց այդ շքեղ պալատը, ինձ էլ գործուղեցին Երեւան, որ ապահովեմ ճանաչված արվեստագետների (Սվետլանա Նավասարդյան, Օպերային թատրոնի մեներգիչներ եւ այլք) ներկայությունը ճոխ համերգին։ Հայաստանում, ամենաբարձր ատյաններում, ինձ ընդամենը հուսով արեցին ու չֆինանսավորեցին հայ արվեստագետների այցը Չեխիա։ Իսկ նախատեսված ճոխ համերգը վերածվեց քյաբաբ ուտելու արարողության՝ համեմվելով ռեստորանային երաժշտությամբ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել