Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե եկեղեցին շահույթ ունի, կներեք, շահութահարկ չպե՞տք է վճարի, պետք է վճարի շահութահարկ. Արման Եղոյան

Հոկտեմբեր 26,2026 14:51 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՀԱԵ-ն մեր Սահմանադրությամբ և մեր օրենքներով ունի առանձնահատուկ կարգավիճակ։ ՀՀ-ն պարտավոր է Կաթողիկոսին տրամադրել դիվանագիտական անձնագիր։ ԱԺ անդրանիկ նիստին պատգամավորներին ելույթով դիմելու իրավունք ունի մեկ կրոնական կազմակերպության ղեկավար՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, և ոչ մի այլ կրոնական կազմակերպության ղեկավար նման իրավունք չունի։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. պետությունը եկեղեցուն տվել է այս իրավունքները, իսկ եկեղեցին որևէ պարտականություն չունի՞, որ պետք է կատարի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով եկեղեցում առաջացած ճգնաժամի, ինչպես նաև դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի օրակարգին։

Հարցին, թե ինչ պարտականություն է ակնկալում իշխանությունը եկեղեցուց, Եղոյանը պատասխանեց.

«Հեչ որ չլինի՝ հաշվետվողականություն, հարկային հաշվետվողականություն, թափանցիկություն։ Ի՞նչ շրջանառություն ունի եկեղեցին, որտեղի՞ց է գոյանում այդ շրջանառությունը, ի՞նչ ծավալների մասին է խոսքը։ Արդյոք այդ շրջանառությունից շահույթ ունի՞, թե՞ շահույթ չունի։ Եթե շահույթ չունի, միգուցե, հակառակը՝ պետությո՞ւնը պետք է օգնի եկեղեցու ծախսերի առումով, գումար տա։ Իսկ եթե շահույթ ունի, կներեք, շահութահարկ չպե՞տք է վճարի, պետք է վճարի շահութահարկ։

Եթե եկեղեցում սպասավորներն աշխատում են, աշխատավարձ ստանո՞ւմ են, թե՞ չեն ստանում։ Իսկ ինչպե՞ս են ապրում։ Մի փոքր գյուղում ապրող ամուսնացած քահանան ինչպե՞ս է ապրում, ինչպե՞ս է հոգում իր ընտանիքի ծախսերը։ Չպե՞տք է գրանցված աշխատավարձ ստանա, որից եկամտահարկ կգանձվի։ Գույքահարկ պե՞տք է եկեղեցին վճարի, թե՞ ոչ։ Հարց է՝ կքննարկենք։ Եթե պետք է, կնշանակի՝ անշարժ գույքի ո՞ր տեսակների համար՝ հասարակական, արտադրական, գյուղատնտեսական նշանակության և այլն»։

Եղոյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի ավարտին Ազգային ժողովին ներկայացնելու են զեկույց, որը ներառելու է առաջարկներ։

«Ինչը կլինի սահմանադրաիրավական բնույթի առաջարկ, կանենք սահմանադրաիրավական մակարդակում, ինչը կլինի օրենսդրական՝ կանենք օրենսդրական նախաձեռնության մակարդակով»,- նշեց նա։

Հարցին՝ այսինքն՝ եկեղեցու հետ կապված օրենքնե՞ր են եփելու հանձնաժողովում, Եղոյանը պատասխանեց.

««Եփելը» կոպիտ է հնչում, մշակելու ենք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել