Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրսայինը՝ 14 հազար դրամով

Հունվար 22,2004 00:00

Կուրսայինը՝ 14 հազար դրամով Լուսանկարում պատկերված այս թռուցիկը բաժանվում է ուսանողաշատ վայրերում, ինչպես նաեւ քոլեջների, դպրոցների աշակերտների շրջանում: «Ռեֆերատների, կուրսային, դիպլոմային աշխատանքների, շարադրությունների եւ այլ գիտական աշխատանքների կազմում եւ գրում՝ բոլոր լեզուներով»,-այսպես են նկարագրված առաջարկվող ծառայությունները: Ներկայանալով որպես ուսանող, տեքստում նշված հեռախոսահամարով զանգահարեցինք եւ փորձեցինք ճշտել մատուցվող ծառայությունների գները: Համապատասխան հասցեում, ինչպես նշեց զանգին պատասխանող կինը, այլեւս նշյալ ծառայություններն առաջարկող գրասենյակը չի գործում, սակայն այդուհանդերձ մեզ առաջարկեցին հեռախոսահամար թողնել եւ հավաստիացրին, որ այդ գործով զբաղվող մասնագետը մեզ հետ անպայման կկապվի: Հաջորդ օրը զանգեցին: Կինը, որն, ինչպես պարզվեց, այս բիզնեսում հանդիսանում էր միջնորդ՝ պատվիրատուի եւ աշխատանքը կատարող համապատասխան մասնագետի միջեւ, ներկայացրեց մեզ հետաքրքրող կուրսային աշխատանքը գրելու կարգը: Նախ երաշխավորեց, որ հինգի աշխատանք են գրում, ապա նշեց, որ իրենց մոտ գրված աշխատանքները չեն կրկնվում: Կնոջ մեկնաբանմամբ, պատվերը վերցնում է, տալիս է մասնագետներին, որոնք դասախոսներ են եւ նշյալ ժամկետում աշխատանքը պատրաստ է լինում: Կուրսայինի ձեռագիր 40 էջ մտավոր աշխատանքն արժե 8 հազար դրամ: Նույն աշխատանքը մուտքագրելու համար, որը նրանց մոտավոր հաշվարկով կազմում է 20 էջ, պահանջվում է եւս 4 հազար դրամ: Այս նույնի տպագրական ծախսերի համար նախատեսվում է եւս 5 հազար դրամ: Այսինքն՝ կուրսային աշխատանքը պատրաստի վիճակում արժե 17 հազար դրամ: Ի դեպ, ստացվում է, որ ուսանողը մտավոր աշխատանքի համար ավելի քիչ է վճարում, քան տեխնիկական ծախսերն են: Դիպլոմային աշխատանքը, կնոջ խոսքերով, այլ բնույթ է կրում. «Գրում ենք մաս-մաս: Գրված մասը տալիս ենք ուսանողին, որպեսզի դիպլոմայինի ղեկավարը ստուգի, իր դիտողություններն ու շտկումներն անի, որից հետո միայն մասնագետը կրկին կաշխատի, որպեսզի եւ ուսանողը գոհ մնա, եւ դասախոսը»: Դատելով միջնորդ կնոջ խոսքերից, ամեն ինչ շատ թափանցիկ է արվում, բայց միաժամանակ գաղտնի, որպեսզի բիզնեսը չտուժի: Նրա ներկայացմամբ, ոչ մի դեպքում ինքը պատվիրատուին մասնագետի հետ չի ծանոթացնում, քանի որ «պատահել են դեպքեր, երբ ինձ շրջանցել են եւ սկսել են մասնագետի հետ առանձին աշխատել»: Այս անանուն գրասենյակում ծառայություններ են առաջարկում նաեւ մասնագիտական թեզեր, սցենարներ, դիսերտացիաներ, արտագրություններ, ստուգողական աշխատանքներ գրելու համար: Եվ եթե ընդունենք, որ պատվիրված աշխատանքները հինգի են, եւ մարդկանց վճարած գումարները «կորած չեն», այնուամենայնիվ, իրականում ուսանողի գիտելիքներն այդ բիզնեսից չեն ավելանում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031