Լրահոս
Օրվա լրահոսը

Համեստ ապրելակերպ-3

Ապրիլ 07,2004 00:00

Համեստ ապրելակերպ-3 «Ոսկե» երիտասարդությունը նույնպես վենդետայի ճանապարհին է Մարտի 31-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Մալաթիա-Սեբաստիա, թիվ 11 ընտրատարածք) եղբորորդու եւ ժամանակին նույն համայնքից ԱԺ պատգամավոր ընտրված հանգուցյալ Վահան Զատիկյանի որդիների միջեւ տեղի ունեցած զինված ընդհարման մասին տեղեկություններ հաղորդելու հարցում պաշտոնական աղբյուրները դեռեւս ժլատ են: Իսկ ոչ պաշտոնական աղբյուրներից պարզեցինք հետեւյալը: Հարաբերությունները սկսել են վատթարանալ դեռեւս 2003 խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին։ Թիվ 11 ընտրատարածքում իր թեկնածությունը դրած Հակոբ Հակոբյանի եղբորորդին եւ այս «ճամբարի» այլ ներկայացուցիչներ սկսել են աշխատել հարեւան՝ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Վահան Զատիկյանի եղբոր՝ Վարազդատ Զատիկյանի մրցակից Սմբատ Այվազյանի օգտին: Մոտ մեկամյա «սառը պատերազմի» ընթացքում երկու կողմից էլ եղել են փոխադարձ խայթոցներ, սակայն լուրջ բախումը արձանագրվել է ոստիկանության ապրիլի 1172ի ամփոփագրում տեղ գտած եւ հրապարակված դեպքից մեկ-երկու օր առաջ՝ Օպերայի մերձակայքում: Գիշերային ակումբներից մեկում հանդիպել են Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ իր ընկերներով եւ Վահան Զատիկյանի որդին՝ իր ընկերոջ հետ, որոնցից մեկն էլ ՀՀ զինված ուժերի զորամասի հրամանատար Մուշեղ Բաբայանի (ջերմուկցի Համո) որդին է: Ըստ մեր աղբյուրի, բախումը հրահրել է Հակոբ Հակոբյանի եղբորորդու «թիմը» եւ քանակական գերազանցությունը օգտագործելով՝ մարմնական վնասվածքների աստիճանի ծեծել «հակառակորդին»: Ասում են, որ տեղի ոստիկանները վերջում փորձել են կանխել դեպքը, բայց քանի որ ծեծողների մեջ է եղել ՀՀ ոստիկանությունում ոչ ցածր պաշտոն զբաղեցնող մեկի որդին, վերջիններս չեն էլ արձանագրել դեպքը եւ դեռ հասարակական կարգը խախտողներին են վերադարձրել «առգրավված» մահակները: Սրանից հետո հարցը «խաղաղ բանակցություններով» լուծելու փորձ են արել Մուշեղ Բաբայանը, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի որդին (վերջինս Հակոբ Հակոբյանի փեսան է եւ Վահան Զատիկյանի տղաների մտերիմ ընկերը): Մեր աղբյուրի վկայությամբ՝ Հակոբ Հակոբյանը խոստացել է կարգի հրավիրել իր զարմիկին, սակայն, համարյա խոստմանը զուգահեռ, նրա զարմիկն ու ընկերները ծեծել են Վահան Զատիկյանի որդիների ընկերներից մեկին: Հենց այս դեպքից հետո էլ Զատիկյանների «թիմն» է ծեծել Հակոբ Հակոբյանի եղբորորդուն եւ ընկերներին, եւ հենց այս վերջին դրվագն է միայն հայտնվել ոստիկանական ամփոփագրերում: Տեղեկություն ենք ստացել նաեւ, որ կողմերը փորձել են հարցը լուծել առանց իրավապահների, սակայն արդեն ուշ էր: Իսկ թե որ կողմն է ահազանգել ոստիկանություն՝ դեռ չգիտենք: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել