Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը ՉԻ՞ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Հունիս 03,2004 00:00

ՀՌԱՀ-Ը ՉԻ՞ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Արտոնագրեր ստանալիս հեռուստաընկերությունները մեծ-մեծ թվեր էին նշում սեփական ու հայրենական հաղորդումների ծավալի, եթերաժամանակի եւ այլնի վերաբերյալ: Սակայն մրցութային այդ փաթեթներին փոքրիշատե ծանոթ ցանկացած մեկի համար ակնհայտ է, որ համատարած չեն կատարվում արտոնագրի պայմանները: Մինչդեռ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որն օրենքի համաձայն՝ պիտի վերահսկեր այդ պայմանների կատարումը եւ պատժամիջոցներ կիրառեր (ընդհուպ մինչեւ արտոնագրից զրկում)՝ բացարձակապես չի արձագանքում խախտումներին: Այս մասին մեր հարցադրումներին ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն արձագանքեց պատասխան հարցով. «Ինձ առաջարկում եք ազատ կապուղի՞ առաջացնել «Ա1+»-ի համար: ԵԽԽՎ բանաձեւն այդպե՞ս եք ընկալել, որ հանձնաժողովը պետք է արհեստականորեն ստեղծի կապուղի»: Սակայն պնդեց. «Հանձնաժողովը լիարժե՛ք կատարում է իր բոլոր պարտականությունները»: Հարցին, թե վերահսկո՞ւմ են արտոնագրերի պայմանների կատարումը՝ արձագանքեց դրականորեն: Նաեւ հաստատեց. «Խախտումներ կան, եւ հանձնաժողովը դրանց արձագանքում է՝ վարչական տույժերով եւ այլն»: Խնդրեցինք հայտնել որեւէ հեռուստաընկերության անուն, որը վարչական տույժ է ստացել, եւ պրն Ամալյանն արդեն ասաց. «Արտոնագրի պայմանները խախտելու համար որեւէ հեռուստաընկերություն դեռեւս չի ենթարկվել վարչական տույժի»: ՀՌԱՀ-ը նախապես ազդարարել էր, թե ապրիլի 1-ից խիստ վերահսկողություն է իրականացնելու հեռուստաեթերում չարտոնագրված կինոնկարների նկատմամբ: Այս սպառնալիքը գործեց եւ հեղինակային իրավունքի խախտմամբ ցուցադրված ֆիլմերը հասան նվազագույնի: Փոխարենը սկսեցին անընդհատ ցուցադրվել համերգներ, որոնց հեղինակային իրավունքը դարձյալ չի պահպանվում: Մեր հարցին, թե ՀՌԱՀ-ը ե՞րբ է անելու հաջորդ քայլը՝ հեռուստաեթերում օրինականությունը պահպանելու համար՝ պրն Ամալյանը պատասխանեց. «Միշտ չէ, որ օրենքի բոլոր պահանջները հնարավոր է ամբողջությամբ բավարարել իրականության մեջ: Այդպես էր նաեւ որոշակի տեխնիկական չափանիշների պարագայում, որոնք սահմանված են օրենքում. հայաստանյան որեւէ հեռուստաընկերություն չէր կարող հաղթահարել այդ չափանիշների ապահովումը, եւ բոլորը կփակվեին, եթե առանց հետաձգման կիրառեինք այդ նորմը: Այժմ էլ հանձնաժողովը քայլ առ քայլ է հասնելու նրան, որ ոչ միայն կինոնկարները, սպորտային հաղորդումները, այլ ընդհանրապես եթերում հեռարձակվող ամեն ինչ լինի օրենքին համապատասխան»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել