Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեստան փողոցի բնակիչները վտարվում են

Հունիս 09,2004 00:00

Այգեստան փողոցի բնակիչները վտարվում են 1995-ից մինչ այսօր Առաքելյանների ընտանիքը դատարանների դռներն է թակում՝ խնդրելով չվտարել իրեն սեփական տնից: Թեպետ ամեն անգամ նրանց հայցը մերժվում է, փողոցում մնալու տարբերակի հետ Առաքելյանները, այնուամենայնիվ, հաշտվել չեն կարողանում: Իսկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը ոչ միայն նրանց, այլեւ Այգեստանի 11 փողոցի մի շարք տներ նվիրել է «Ռիա» բանկին, բնակիչներին էլ՝ վտարել: Հայրենական պատերազմի 2172րդ կարգի հաշմանդամ Նորայր Առաքելյանը թիվ 171 տունը գնել է 1974172ին ու գրանցել իր որդիներից մեկի՝ Տիրայր Առաքելյանի անունով։ Վերջինս էլ՝ ընտանիքի անդամներից գաղտնի համագործակցելով բանկի եւ Կենտրոնի անշարժ գույքի կադաստրի ղեկավարության հետ, ձեռք է բերել նոր տան սեփականության վկայագիր։ Մինչ այդ Նորայր Առաքելյանը, փորձելով մեծացնել տան բնակելի մակերեսը, կառուցել էր ինքնակամ սենյակներ ու այլ օժանդակ շինություններ։ Որդու սեփականության վկայագրի հատակագծում ապօրինաբար նշված է եղել նաեւ այս ինքնակամ կառույցների մի մասը, այդ թվում՝ նաեւ բնակելի տունը։ Դրանք եթե առաջ ոչ մի կերպ չէին օրինականացվում անշարժ գույքի կադաստրի կողմից, ապա Տիրայրին հաջողվեց շատ կարճ ժամանակում իրականացնել ոչ միայն հոր, այլեւ բանկի տերերի նպատակները։ Տունը եւ նրան հարող հողամասը ընդհանուր 323 քմ մակերեսով գրավ դնելով բանկում՝ նա դրա դիմաց ստացել է 4 մլն դրամի վարկ՝ 3 ամիս ժամանակով ու չի կարողացել այն վերադարձնել։ Նորայր, Պատվական եւ Մխիթար Առաքելյանները Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցով խնդրել էին չվտարել իրենց տնից, որը սեփականացվել եւ գրավ էր դրվել ապօրինի փաստաթղթերով, բայց մերժվել էին։ Զավեշտալի է հատկապես այն, որ բանկը, համաձայնության գալով «Ակցեռն» ՍՊԸ-ի հետ, Տիրայր Առաքելյանի տունը գնահատել է 2200 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ ըստ լիցենզավորված կազմակերպությունների՝ տան շուկայական արժեքը 35-40 հազար դոլար է: Վերաքննիչ դատարանը, որպես բնակօգտագործման իրավունքի փոխհատուցում, վճռել է Մխիթար Առաքելյանին տալ ընդամենը 1100 դոլար, որն էլ, ինչպես տուժող կողմը նշեց, կբավարարի միայն Հայաստանից փախչելու տոմսի արժեքին: Ըստ Պատվական Առաքելյանի՝ վճիռը կայացնող դատավոր Գոհար Մատինյանը 1-2 տարի գործը պահարանում փակելով, չքննելով՝ փորձում էր իրենց համբերությունից հանել: Երբ չկարողացավ այդ անել, հաճույքով ընդունեց այն ծիծաղելի տեղեկանքը, որը հաստատում էր տան՝ 2200 դոլար արժողությունը, իսկ սա միայն բացահայտ կաշառակերության հետեւանք կարող է լինել: Չնայած Վճռաբեկ դատարանի երեկ կայացած նիստում (դատավոր՝ Գոհար Մատինյան) դարձյալ մերժվեց Առաքելյանների՝ այս իրավիճակը սոսկ պարզաբանելու հայցը, նրանց մնում է եւս մեկ անգամ բողոքարկել որոշումը: Պ. Առաքելյանը դատավարության վերջում բարձրաձայն հայտարարեց, որ պատրաստվում է քրեական պատասխանատվության ենթարկել թե բանկի տերերին, թե անշարժ գույքի կադաստրի Կենտրոն ստորաբաժանմանը, թե «Ակցեռն» ՍՊԸ-ին՝ ապօրինի պայմանագրեր կնքելու, կեղծ հատակագծեր եւ գնահատման սխալ ակտեր տալու համար: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել