Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հանգստացեք հանուն ազգի

Հուլիս 28,2004 00:00

Հանգստացեք հանուն ազգի Ընդունված է ասել, որ ամառն իրադարձային առումով «մեռած» շրջան է, եւ այդ ընթացքում երկրի ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում ակտիվ գործողություններ տեղի չեն ունենում: Մինչդեռ ինչքան լավ կլիներ, որ այսօր երկրագնդի բոլոր հայտնաբերված ու չհայտնաբերված ցամաքակտորներում իրենց վաստակած հանգիստն անցկացնող մեր բյուրավոր պաշտոնյաներն ու պատգամավորները, հաճելին համատեղելով օգտակարի հետ, զուգահեռաբար զբաղվեին նաեւ ազգանպաստ ու նորանկախ պետական համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներով: Օրինակնե՞ր: Որքան ուզեք: Ասենք, Եվրոպայում կենսական հյութեր ստացող մեր որոշ նախարարների համար նեղություն չէր լինի ձեռքի հետ օգտվել տեղի փոքր բիզնեսի ծառայություններից ու «խորամանկորեն» յուրացնել դրա ծաղկման գաղտնիքները: Վատ չէր լինի, եթե գտնվեին այնպիսի պետական այրեր (ցանկալի է՝ տարածքային կառավարման ոլորտից), որոնք աչքի պոչով հետեւեին, թե ինչպես են զանազան եվրոպական «օբյեկտների տակ» հողհատկացումներ արվում, ասենք՝ Հաագայում, Լյուքսեմբուրգում կամ Ցյուրիխում: Աֆրիկայի հարավում հանգստացող մեր ընտրյալ հայորդիների համար թերեւս վատ չէր լինի իմանալ, թե օրինակ՝ ՀԱՀ-ի խորհրդարանում ինչպես են արդյունավետ կոալիցիա ձեւավորում նոր ու հին սերնդի սպիտակամորթները: Ավելին՝ բավական հետաքրքիր կլիներ փոխառել նրանց՝ տեղաբնիկ եւ ըմբոստ զուլուսներին խորհրդարան հրավիրելու օգտակար փորձը: Եթե պատահեր այնպես, որ մեր անձնվերներն ակամա ներկա գտնվեին հակագլոբալիստների ցույցերին, ապա չէր խանգարի ըմբռնել այն գաղտնիքը, թե ինչո՞ւ «Բռաբուսներ» ու «Մերսեդեսներ» շուռ տվող, ոստիկանների անկասկա գլուխներին իրենց իսկ մահակներով խփող ցուցարարներին ոչ միայն չեն ձվազրկում, դեռ մի քանի օրից էլ ազատ են արձակում: Խելացի կլիներ հետաքրքրվել նաեւ, թե ինչու նման հանգամանքներում անկապ սափրագլուխներ չեն հայտնվում, իսկ հայտնվածներն էլ անսպասելիորեն չեն կատաղում ֆոտոխցիկների փայլից: Հայ պաշտոնյաների ամառային հանգիստն անգնահատելի կարող էր լինել նաեւ ԼՂ հարցի կարգավորման առումով: Ենթադրենք՝ Միջերկրական ծովի ափին պատահաբար «զագառ» են ընդունում հակամարտությանը փորձագիտական մակարդակով տիրապետող հայ եւ ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետներ: Ըստ իս, նրանք կարող էին հանգիստ, անկաշկանդ մթնոլորտում ավազի վրա գծել ու եւս մեկ անգամ ծանրութեթեւ անել փարիզյան, ծայրահեղ դեպքում՝ քի-ուեսթյան սկզբունքները: Իսկ միջազգային ճնշման կտրուկ աճի պայմաններում նրանք կարող էին հենց «պլյաժում» փուլային եւ փաթեթային տարբերակների վրա բիլիարդ խաղալ՝ գոնե բարոյական հաղթանակ կորզելու հեռանկարով: Ինչպես հայտնի է, մեր առավել հայրենանվեր պետական այրերը Հայաստանից չեն հեռանում եւ հանգստանում են, ասենք՝ Սեւանի ափին: Անկասկած, նրանց համար էլ գործ կճարվեր: Այդպիսիք, օրինակ, կարող էին հաշվել լճում մնացած սիգերի եւ բեղլուների քանակը կամ, ծայրահեղ դեպքում, չափել Սեւանի մակարդակը: Մի՞թե դա ազգի հանդեպ ազնիվ չէր լինի: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել