Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏԵՐՅԱՆԻՆ ՉՀԱՐԳԵՑԻՆ

Հուլիս 28,2004 00:00

ՏԵՐՅԱՆԻՆ ՉՀԱՐԳԵՑԻՆ 1967թ. հուլիսի 12-ին առաջին անգամ Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում սկիզբ դրվեց «Տերյանական օրերին»։ Հուլիս ամսվա վերջին կիրակի օրը Գանձան դառնում է սպասում, եւ Հայաստանից Տերյանի պոեզիայի սիրահարները գնում են հարեւան երկրում բնակվող իրենց եղբայրների հետ զգալու սիրո ու թախծի երգչի պոեզիայի անզուգական հմայքը։ Այս տարի եւս հուլիսի 25-ին Գանձայում դաշտահանդեսի էին եկել բազում հայորդիներ։ Շուրջը աշխույժ առեւտուր էր՝ փուչիկներ, հյութեր, մրգեր ու քաղցրավենիք էին վաճառում։ Տարածվել էր խորովածի բույրը։ Ցավոք, Հայաստանից գնացած ավտոբուսը գրեթե դատարկ էր։ Եկել էին մի քանի գրողներ, մտավորականներ։ Դաշտում՝ հանպատրաստից սարքված բեմում կազմակերպիչներն էին՝ «Տերյան» մշակութային կենտրոնի (տնօրեն՝ Առուշան Հակոբյան), «Վիրահայոց միասնություն» հ/կ ներկայացուցիչները, ներկա էին նաեւ Ջավախքի փոխմարզպետը, Նինոծմինդայի ղեկավար Ռաֆիկ Արզումանյանը, տեղի մշակույթի գործիչները։ Այնտեղ էր նաեւ Վահան Տերյանի թոռը՝ Գրիգորը։ Նա Տերյանի աղջկա՝ Նվարդի եւ Գեւորգ Էմինի որդին է։ «Հզոր հայրենիք» կուսակցությունը եւս մասնակցում էր տոնախմբությանը, սակայն ինչպես նախորդ տարիներին, նախաձեռնությունն իրենցը չէր։ Նախագահ Վարդան Վարդապետյանը խոստացավ. «Մյուս տարի Վ. Տերյանի 120-ամյակն է, որը պատրաստվում ենք մեծ շուքով նշել»։ Այս տարվա միջոցառումը մարդաշատ չէր: Դրան «Վիրահայերի միասնության» համանախագահ Տաճատ Վարդապետյանը արձագանքեց. «Նախկինում տոնահանդեսը տեւում էր 2 օր։ Շաբաթ օրը կազմակերպվում էր Տերյանի մեծարման երեկո, իսկ հաջորդ՝ կիրակի օրը, դաշտահանդես էր։ Ավելի մարդաշատ էր, եւ պատվիրակությունները համեմատաբար ավելի ներկայանալի էին թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից։ Այս միջոցառումը, հատկապես Ջավախքի հոգեւոր քաղցի պայմաններում գոյատեւող ժողովրդի համար, շատ կարեւոր է, քանի որ նյութական վատ վիճակը մի կողմ՝ հոգեւոր սննդի կարիք կա։ Ջավախքի նկատմամբ վերաբերմունքն այն չէ, ու եկած պատվիրակությունը դրա վկայությունն է։ Երբ Հայաստանում նման մոտեցում կա, չենք կարող ավելին սպասել վրացիներից»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել