Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ՞Ն ԷԼ ԿՊԱՏԺԵՆ

Օգոստոս 05,2004 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ՞Ն ԷԼ ԿՊԱՏԺԵՆ Անցած շաբաթ Մաքսային պետական կոմիտեն անօրինական համարեց «Ռոյալ Արմենիայի» բողոքի հիման վրա համակարգի դեմ կայացված դատական վճիռը: Դժվար է հիշել եւս մեկ դեպք, երբ պետական այսպիսի բարձր մակարդակով դատարանի վճիռը ճանաչվում է ապօրինի: Մաքսային պետական կոմիտեի Հետաքննության եւ իրավաբանական վարչության պետ Գագիկ Ներսիսյանը մամուլի ասուլիսում բառացիորեն ասաց (նրա խոսքը չենք խմբագրում՝ ասվածը տարաբնույթ մեկնաբանություններից զերծ պահելու նպատակով). «Հիմա հարց եք տալիս, եթե անհիմն է՝ դատարանն ինչու է բավարարել: Դուք որպես լրագրող շատ դեպքերում էլ գիտեք, որ դատարանի վճիռները դուք գտնում եք անօրինական: Այստեղ ես էլ չեմ ընդունում դատարանի վճիռը որպես օրինական»: Երեկ մեզնից անկախ պատճառներով չհաջողվեց դատական համակարգի ղեկավարներից մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ: Դատական համակարգի ներկայացուցիչներն էլ ինքնուրույն չեն շտապում մեկնաբանություններ անել կամ էլ դիրքորոշում արտահայտել: Վերջապես, այս հայտարարությունը նաեւ կարող է քաղաքական աստառ ստանալ: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ կոմիտեի պատասխանատուները հայտարարեցին. «Ցանկացած դեպքում, եթե հաշիվ172ապրանքագրում չներկայացվի առանձին տողով (բեռնման, բեռնաթափման գներն առանձին-առանձին, բացված, վերծանված -Ա. Ու.), միեւնույն է, մենք մերժելու ենք»: Այդպես էլ անում են. չնայած հարկադիր կատարման վարույթ է հարուցված, սակայն դատարանի վճիռը չի կատարվում: Մինչդեռ, իրավաբանների պարզաբանմամբ, վճիռները չկատարելու համար 100-300 հազար դրամ տուգանքից մինչեւ քրեական պատասխանատվություն է նախատեսվում վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքերով: Մեր տեղեկություններով, ՀՀ Գլխավոր դատախազությունը հետաքրքրված է այս գործով եւ այժմ նյութեր է նախապատրաստում: Խնդիրն այն է, որ նման գործ հարուցելու համար դատախազությանը բավական է նաեւ հրապարակային հայտարարությունը, որը սուբյեկտն արել է իր ասուլիսում: Բացի այդ, բոլոր ժամկետները վաղուց «ապահովված» են, եւ գործն, այսպես ասած, հասունացած է: Իսկ այս «թեմայով» առաջին դատական վճիռն ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերին: Դատական ցանկացած ակտ կատարելու համար օրենքով առավելագույնը երկու ամիս ժամկետ է սահմանված: Ինչքան էլ «զեղչ» անենք, նոյեմբերից հաշված՝ երկու ամիսը վաղուց սպառված է: Հասկանալի է, որ դժվար է վճռի կատարումն ապահովել մի մարմնի նկատմամբ, որը խեղճուկրակ մեկը չէ: Բայց միայն «Ռոյալ Արմենիայի» ասուլիսից հետո Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը փորձեց օրինականացնել վճռի կատարումն ուշացնելը, դիմելով դատարան՝ վճիռը պարզաբանելու խնդրանքով: Հետաքրքիր է, որ սա միակ սուբյեկտը չէ, որի ներկրած ապրանքները մաքսավորները հարկում են տարբերակված գներով ու մոտեցումներով: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, նման խնդիր է առաջացել նաեւ կոնֆետեղեն ներկրող մի ընկերության (անունը չենք նշում), ավտոմեքենաներ ներկրող «Արմենիա-Լադայի», հյութ, ձիթապտուղ ներկրող ընկերությունների հետ: Սրանցից առաջին երկուսի առնչությամբ եւս դատական վճիռներ կան՝ ի վնաս մաքսավորների: Եվ հաշվի առնելով, որ վերոհիշյալ գործունեությամբ զբաղվում են նաեւ մաքսային եւ այլ համակարգերում աշխատող պաշտոնյաներ, կարելի է սա գնահատել որպես կանխորոշված դիրքորոշում, եթե ոչ կոռուպցիոն դրսեւորումներ: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել