Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԵՍԸ ՎՆԱՍՆԵՐ Է ԿՐՈՒՄ

Օգոստոս 05,2004 00:00

ԿՐԿԵՍԸ ՎՆԱՍՆԵՐ Է ԿՐՈՒՄ Սոս Պետրոսյանը դատի կտա՞ Հովիկ Հովեյանին Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ. Հովեյանը «Առավոտին» ասաց, որ այսուհետեւ մշակույթի նախարարությունը իր ներքին աուդիտն է իրականացնելու բոլոր այն մշակութային օջախներում, որոնց վերաբերյալ կասկածներ կունենա: «Սեւ ցուցակում» հայտնված հիմնարկների մասին նախարարը նպատակահարմար չգտավ խոսել՝ առանձնացնելով միայն պետկրկեսը: Նախարար Հովեյանի մատուցմամբ, պատմությունը հետեւյալն է. «2003թ. սեպտեմբերին Սոս Պետրոսյանը դստերը նշանակել է կրկեսի գլխավոր ռեժիսոր, որը մինչ այդ կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր: Նախարար նշանակվելուց հետո ես իրեն առաջարկեցի դառնալ կրկեսի գլխավոր ռեժիսոր, ասացի, որ օրենքով իրավունք չունես դու տնօրեն լինել, դուստրդ՝ գլխավոր ռեժիսոր: Հետո ինքը կեղծել է այդ հրամանը՝ գլխավոր ռեժիսորի հաստիքը փոխարինելով ռեժիսորով: Կեղծված հրամանը տրվել է 2004 թվին՝ 2001172ի տարեթվով: Փաստորեն, թեեւ պրն Պետրոսյանը զբաղվել է զեղծարարությամբ, դատարանները ճիշտ են արել, որ այդ ամենը մանրազնին չեն ուսումնասիրել: Ասեմ, որ դատարաններին ես չեմ էլ հավատում: Իբրեւ գերատեսչության ղեկավար ես այժմ աուդիտ եմ ուղարկել կրկես, որովհետեւ գտնում եմ, որ այսպիսի բաներ անող մարդը իրավունք չունի տնօրենի պաշտոն զբաղեցնել: Ի դեպ, կրկեսային ստուդիայի մասին. այն ձեւակերպված չէ որեւէ տեղ: Նա դստերը նշանակել է կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, երբ չկա այդպիսի հաստիք: Սոս Պետրոսյանը նաեւ բեռնատար մեքենաների անօրինական աճուրդ է կազմակերպել: Հետագայում աճուրդային հանձնաժողովի անդամները ինձ պարզաբանումներ են ներկայացրել, որ պրն Իոսիֆ Պետրոսյանը ոչ մի աճուրդ էլ չի անցկացրել, իսկ իրենց պարտադրաբար թղթեր է ստորագրել տվել: Քանի անգամ հրավիրել ենք նախարարություն, չի եկել»: Երեւանի պետկրկեսի վերականգնված տնօրեն Սոս Պետրոսյանը նախարարի փաստարկների առնչությամբ ասաց. «Արդեն բազմիցս գրվել է մամուլում, այդ թվում «Առավոտում», որ ինձ օրենքի խախտումով ազատել են աշխատանքից, ինչի համար էլ դիմել էի դատարան: Առաջին ատյանի դատարանը վերականգնեց ինձ աշխատանքում, Վերաքննիչն ու վճռաբեկ դատարանները անփոփոխ թողեցին առաջին ատյանի դատարանի վճիռը: Այժմ ես վերականգնվել եմ՝ իբրեւ պետկրկեսի տնօրեն: Օգոստոսի 2-ից գալիս եմ աշխատանքի, սակայն նախարարը ինչ-որ աուդիտորական խումբ է ուղարկել ամեն ինչ նորից «քրքրելու» համար, միտումնավոր խանգարում է ինձ աշխատել: Հովեյանի պատմած հեքիաթները աղջկաս, մեքենաների վաճառքի ու այլ բաների մասին՝ չեն համապատասխանում իրականությանը: Ինչքան ուզեն, թող քրքրեն, միեւնույն է՝ արդեն դատախազությունը քննել, ստուգել ու տեսել է, որ ես ճիշտ եմ: Ուղղակի անհույս փրփուրներից կախվող նախարարը վերջապես պետք է հասկանա, որ կրկեսային արվեստը փխրուն է, կրկեսին պետք է օգնել, ոչ թե խանգարել: Աճուրդի հետ ես կապ չունեմ, ժամանակին դա հանձնարարել եմ իմ՝ տնտեսական գծով տեղակալ Աշոտ Շադունցին, որը հանձնաժողովի նախագահն էր: Եղել է համապատասխան հանձնաժողով, որը ամեն ինչ իրականացրել է մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ: Նախարարը ինձ երբեւէ չի կանչել, մի անգամ նրա խորհրդական Արտաշես Ավոյանն է առաջարկել երկխոսել, ես հրաժարվել եմ, ասել եմ՝ բանակցություններ կսկսեմ միայն աշխատանքից ազատման մասին հրամանս չեղյալ հայտարարելուց հետո: Ցավոք, երեքամսյա քաշքշուկի պատճառով չեղյալ են հայտարարվել մոսկովյան խմբերի հետ նախօրոք կնքված պայմանագրերը: Ես արդեն չեմ կարող սեպտեմբերին նոր խաղաշրջանը բացել: Ո՞վ պետք է պատասխան տա կրկեսի կրած վնասների համար: Հովեյանն ասում է՝ իբր ուրախ է իմ դեմ գործ չհարուցվելու համար, բա ինչո՞ւ էր իր ստորագրությամբ նամակներ ուղարկում դատախազություն: Որ էդպես է, պրն Հովեյան, մի հատ երկուսով գնանք դատախազություն, տեսեք 2 ամիս ի՜նչ բարոյական վնաս եմ կրել՝ մինչեւ ապացուցվել է, որ անմեղ եմ: Եթե այսպես շարունակվի, դիմելու եմ դատարան՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել