Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնի ծրագիրը բազմազան է

Օգոստոս 05,2004 00:00

Փառատոնի ծրագիրը բազմազան է Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 14- 23-ը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի օրը, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Օգոստոսի 16- ի միջոցառումները կանցնեն «Իմ Հայաստան» խորագրի ներքո. հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ, այնուհետեւ «Վանուշ Խանամիրյան» պարախումբը (ԱՄՆ) ելույթ կունենա Օպերային թատրոնում։ Օգոստոսի 17-ը հայտարարված է «Հայ երգի օր»։ Սուրբ Սարգիս եկեղեցում, Կամերային երաժշտության տանը տեղի կունենան համերգներ, կբացվեն սփյուռքահայ լուսանկարիչների, նկարիչների, Բենիկ Պետրոսյանի ցուցահանդեսները, կներկայացվեն Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքներն ու արտերկրի հայ ճարտարապետների գործերը։ Նույն օրը Հակոբ Պարոնյանի «Կսմիթներ» գործով հանդես կգա Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, Մարի-Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ)՝ մոնոներկայացմամբ։ Օգոստոսի 18-ը կնշվի իբրեւ «Հայ գրի ու գրականության օր»։ Ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված է այցելություն Մատենադարան, հայ գրքի ցուցահանդես-վաճառք՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կ. Խոդիկյանի «Չկրակեք, ես սպանված եմ» ներկայացումը ԱՄՆ-ի «Ֆրունզիկ Մկրտչյան» թատրոնի մեկնաբանմամբ, Բեյրութի «Գասպար Իփեկյան» թատերախմբի բեմադրած «Օսկան Պետրովիչը էն կինքումը» սունդուկյանական գործը։ Օգոստոսի 19-ը «Թատրոնի օր» է. տեղի կունենա «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնը, կնշվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի 60-ամյակը, իսկ Օպերային թատրոնում, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» խորագրով՝ տոնական համերգ։ Օգոստոսի 20-ը հայտարարված է «Հայկական պարի օր»։ Հայաստանի բոլոր մարզերում ու Երեւանի հրապարակներում, մշակութային օջախներում ելույթ կունենան «Արաքս-Սասուն» պարախումբը (Ֆրանսիա), Ջրաշխարհում կմեկնարկի «Հայկական էսքիզներ» շոու-ծրագիրը, Կասկադում՝ պարային մեծ տոնախմբություն։ Օգոստոսի 21-ին հնարավոր կլինի վայելել հայ դասական երաժշտություն։ Համազգայինի Լիբանանի «Գայանե» եւ «Քնար» պարախմբերը (Բեյրութ) ելույթ կունենան Պարոնյանի անվան թատրոնում, իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Մանուել Ադամյանի «Ալֆա եւ օմեգա» գրքի շնորհանդեսը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել