Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԸՆԴԴԻՄՈԻԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՑ

Օգոստոս 27,2004 00:00

Սա
է կառավարության հաստատած
«կարեւորագույն օբյեկտների» ցանկի նպատակը
Երեկ ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշում է ընդունել դեռեւս մայիսի 4-ին ՀՀ նախագահի կողմից հապճեպորեն վավերացրած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկը սահմանելու մասին: Թե ինչ է նշանակում «կարեւորագույն օբյեկտներ» ձեւակերպումը՝ պարզաբանված է հենց օրենքում.

«Պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող եւ բնակչության կենuագործունեությունն ապահովող oբյեկտ»: Հիշեցնենք, որ ընդունված օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ այդպիսի օբյեկտների, ինչպես նաեւ «զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներում եւ այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա» արգելվում է հրապարակային միջոցառումներ անցկացնել:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաեւ ընդհանուր օգտագործման այն տարածքները, որտեղ այլ միջոցառումներ (տոնակատարություններ, ծիսակատարություններ, մշակութային կամ մարզական միջոցառումներ) չեն կարող անցկացվել առանց իրազեկման: ՀՀ կառավարությունը այդ հարցերի քննարկման ժամանակ արված առաջարկություններն ու դիտողությունները որոշման նախագծերում հաշվի առնելու եւ դրանք վերջնական տեսքի բերելու համար ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ երկու օր է տրամադրել:

Թե ինչ առաջարկություններ են եղել այդ ցանկը սահմանելու համար՝ հայտնի էր դեռեւս ԱԺ-ում օրինագծի քննարկման ընթացքում: Այն ժամանակ խոսքը, անշուշտ, նախեւառաջ ՀՀ նախագահի նստավայրի, ԱԺ եւ Կառավարության վարչական շենքերի, ՀՀ գլխավոր դատախազության, նույնիսկ, ոմանց առաջարկությամբ, նաեւ Մատենադարանի եւ Օպերայի տարածքների մասին էր: Սրանք բոլորն էլ այն տարածքներն են, ուր սովորաբար հրավիրվում են ընդդիմության հանրահավաքները եւ ուղղվում են նրանց երթերը: Եվ, ըստ ամենայնի, ոստիկանությունն իրեն տրամադրված երկու օրերի ընթացքում ցանկը «կթեթեւացնի» հենց վերջին երկու տարածքների թվարկումից: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի, ԱԺ եւ ՀՀ կառավարության շենքերին հարող տարածքներին, դրանք կմնան, որովհետեւ ՀՀ իշխանություններին հենց այդ էր պետք: Թե ինչ առաջարկություններ են եղել կառավարության նիստում եւ քննարկումն ինչպես է ծավալվել՝ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ սույն օրենքը, որն, ի դեպ, դեռ մինչեւ ընդունումը արժանացել էր ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ ԵԽ-ի խիստ բացասական գնահատականին, ավելին, որի առնչությամբ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդունված բանաձեւում հատուկ շեշտված էր, թե՝ «Հանրահավաքների, ցույցերի, երթերի անցկացման մասին» օրենքը Վենետիկյան հանձնաժողովի փորձագետների կողմից գնահատվել է որպես «չափազանց սահմանափակող», նաեւ՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին չհամապատասխանող, ՀՀ իշխանությունները պարտավորվել էին, իբր, բարեփոխել: Շեշտենք, որ, ի շարս այլ դիտողությունների, ընդդիմության քննադատության թիրախը հենց այդ՝ արդեն թվարկված, «կարեւորագույն օբյեկտների» սահմանումն էր: Մյուս կողմից, միջազգային կառույցների՝ օրենքին տված գնահատականը՝ «խիստ սահմանափակող» եւ «մարդկանց տեղաշարժի իրավունքը խախտող», հենց այսօրինակ դրույթների արդյունքն էր: Սակայն ստացվում է, որ ՀՀ իշխանությունները օրենքի «ունքն ուղղելու» փոխարեն այսօր պատրաստվում են դրա նաեւ «աչքը հանել» այն դեպքում, երբ առաջիկա հոկտեմբերին դեռ պետք է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ներկայացնեն նախորդ նստաշրջաններից ժառանգած բանաձեւերի կատարողականները:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031