Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ԲԻԼԱԿԱԿՌՎԻՐ

Սեպտեմբեր 09,2004 00:00

ՄԻ՛ ԲԻԼԱԿԱԿՌՎԻՐ «Արդարություն» դաշինքի քաղխորհուրդն իր երեկվա նիստում քննարկել է սեպտեմբերի 17-ին կայանալիք համաժողովին առնչվող խնդիրներ, որը թերեւս անցկացվի կառավարության նիստերի դահլիճում: «Արդարության» մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը հայտնեց «Առավոտին», որ համաժողովին մասնակցելու են դաշինքի 9 կուսակցությունների ակտիվները, հրավիրվելու են նաեւ այլ ուժերի ներկայացուցիչներ: Սակայն մերժեց մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ հաստատապես հայտնի են մասնակից այլ կուսակցությունները, որոնց Հովհաննես Հովհաննիսյանի, Արամ Կարապետյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կառույցներն են միայն: «Առայժմ հստակ որոշված չեն հրավիրյալները»,- ասաց Ռուզան Խաչատրյանը, սակայն հավելեց, թե անպայման կլինեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մտավորականներ: Քաղխորհրդի երեկվա նիստում Արշակ Սադոյանը շարունակել է պնդել իր առաջարկը՝ «մարտնչող ժողովրդավարների» կամ «բիլակակռվի պատրաստ» տղամարդկանց ջոկատներ ստեղծելու վերաբերյալ: «Դաշինքը շատ խիստ քննադատեց այդ նախաձեռնությունը»,- հայտնեց տիկին Խաչատրյանը: «Արդարությունը» փաստորեն դե՞մ է ֆիթնես-ակումբներին եւ ընդհանրապես՝ առողջ ապրելակերպին: «Դաշինքը քաղաքական միավորում է, եւ մենք քաղաքական խնդիրներ ենք դրել մեր առջեւ: Առաջին իսկ օրվանից միշտ շեշտել ենք, թե օրենքների բոլոր դրույթների պահպանմամբ ենք կատարելու մեր բոլոր քայլերը, որոնց շրջանակում չի տեղավորվում նման ջոկատների ստեղծումը»,- ասաց «Արդարության» խոսնակը: Նաեւ նկատեց, թե Արշակ Սադոյանն ազատ է իրագործել իր նախաձեռնությունը: Մեր հարցին, թե պրն Սադոյանն իր կողմից չի՞ առաջարկում «բիլակակռվի պատրաստ» տղամարդկանց թեկնածուներ, կա՞ն ԱԺԴ-ում նման կադրեր՝ Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ նիստերից մեկում դաշինքի անդամներից մեկը կեսկատակ առաջարկեց օրինակ ծառայել եւ ստեղծել այդպիսի մի ջոկատ սեփական կուսակցության ուժերով: Առայժմ այդպիսի օրինակ ցույց չի տրվել»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք Սադոյանը չի՞ սպառնացել, որ եթե չստեղծեն այդ «մարտնչող ժողովրդավարների» խմբերը՝ ԱԺԴ-ն կհեռանա «Արդարությունից», եւ պարզեցինք, որ չի եղել նման սարսափելի սպառնալիք: Գուցե՝ առայժմ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել