Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆԱՑՈՂ ՉԵՄ»

Սեպտեմբեր 09,2004 00:00

«ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆԱՑՈՂ ՉԵՄ» Ասում է հայկական եւ համաշխարհային սպորտի առաջին մեծության աստղ Վլադիմիր Ենգիբարյանը Մի քանի օր է, ինչ Հայաստանում է բռնցքամարտի լեգենդ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Նա վերջին տարիներին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սակայն մտադիր է անպայման վերադառնալ հայրենիք: Օգտվելով առիթից, նրա հիմնադրած ու նրա անվամբ կոչվող բռնցքամարտի մարզադպրոցում հանդիպեցինք կաշվե ձեռնոցի անգերազանցելի վարպետին: – Պարոն Ենգիբարյան, ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ: – Այդ երկրում շատ էի եղել: Բայց մի անգամ որոշեցինք գնալ ման գալու: Էնպես ստացվեց, որ տուն գնեցինք ու մնացինք: Առաջ Ամերիկա գնում էի մրցումների: Հիմա այնտեղ հանգստանում եմ: – Ինչպե՞ս էք ապրում ԱՄՆ-ում: – Կինս բժշկուհի է: Ես մի որոշ ժամանակ մարզչություն արեցի: Բայց հետո տեսա, որ շատերը, ու ցավոք նրանց մեջ քիչ չէին նաեւ հայ երիտասարդները, ճիշտ ճանապարհի վրա չեն կանգնում: Ու դադարեցրի: – Քանի՞ տարի չեք եղել Հայաստանում: – Մի յոթ-ութ տարի: – Հիմա հայրենիքում եք: Ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները: – Հակասական: Էլի շատ են տաղանդավոր տղաները: Իմ սաներն արդեն մարզիչ են աշխատում: Ու դրանով հպարտանում եմ: Բայց շատ բան էլ մնացել է նույնը: Օրինակ, իմ իսկ հիմնադրած դպրոցում ոչինչ չի ավելացել: Հակառակը, եղածն էլ մաշվում եւ քանդվում է: Դա ինձ խորապես վշտացնում է: Կարելի էր, չէ՞, նորոգել, կարգի բերել: Սպորտում հեշտ ոչինչ չկա, բայց բռնցքամարտն ուրիշ է, հայկական, իսկական տղամարդու մարզաձեւ: Դրա համար էլ այստեղ առանձնահատուկ մոտեցում է պահանջվում: – Նորմալ մարզաբազաների խնդիրը միայն բռնցքամարտին չի վերաբերում: Ընդհանուր իրավիճակն է այդպես: Հիմա աստիճանաբար այդ բացը վերացնելու միտում է նկատվում: Դրա համար ժամանակ է պետք: Բայց եկեք տեղափոխվենք մարզական վարպետության ոլորտ: Վերջին տարիներին հայկական բռնցքամարտը բավականին նահանջել է իր երբեմնի առաջավոր դիրքերից: Ո՞րն է ձեր կարծիքով դրա պատճառը: – Սպորտում, մասնավորապես՝ բռնցքամարտում, ամենակարեւորը կարգապահությունն է, կարգուկանոնը՝ սկսած ամենավերին օղակից, վերջացրած ամենացածրով: Առանց կարգապահության ոչինչ չի ստացվի ու գործադրված բոլոր ջանքերն էլ ապարդյուն կլինեն: Հարկավոր է ամեն ինչ հենց սկզբից դնել ճիշտ ուղու վրա: Միայն այդ դեպքում ամեն բան շատ արագ կփոխվի ու հաջողություններն էլ իրենց երկար սպասել չեն տա: Լեգենդար բռնցքամարտիկի հետ զրուցեցինք նաեւ այստեղ մարզիչների եւ մարզիկների վարձատրության, հայրենասիրություն, արժանապատվություն հասկացությունների շուրջ, այն մասին, որ փողն ամեն անգամ ու ամեն տեղ չէ, որ պետք է գերիշխի, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է միջազգային մրցելույթներին, որտեղ պետության հեղինակության հարց է դրվում: Նա եւս համամիտ էր, որ մարզիկն ու մարզիչը իրենց թափած քրտինքի դիմաց քիչ են վարձատրվում: Սակայն նկատվում էր, որ Վլադիմիր Ենգիբարյանը դեռ չի հասցրել ամբողջական պատկերացում կազմել վերջին տարիներին մարզաշխարհի ներկայացուցիչների նյութական վիճակը բարելավելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել