Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ՈՒՄ ԷԼ ՈՒՆԵՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ԳԾԵՐ

Սեպտեմբեր 15,2004 00:00

ՕԵԿ-ՈՒՄ ԷԼ ՈՒՆԵՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ԳԾԵՐ Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ երթուղային տաքսիների ավտոպարկի բաժնետոմսերի մեծ մասը ժամանակին ձեռք էին բերել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ Հրանտ Բեգլարյանը: Նաեւ նշվել էր, թե այդ բիզնեսն այժմ իրականացվում է «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի միջոցով, որի գործունեությունը վերահսկում է Երվանդ Զախարյանի եղբայրը՝ «Օրինաց երկրի» պատգամավոր Սայադ Զախարյանը: Փորձեցինք պարզել այդ տեղեկությունների իսկությունը եւ հաստատվեց, որ իրոք Երեւանի «ՄՈՒԱՏ» ՍՊԸ նախագահը ՕԵԿ-ից է՝ կուսակցության համամասնական ցանկում նա 8-րդն է: Եվ ինչպես նշված է ԱԺ պատգամավորի պաշտոնական կենսագրականում՝ նա 2000-ից «Երեւանի միկրոավտոբուսային ՈՒԱԶ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է: Սակայն այս տվյալները վերաբերում են ոչ թե Սայադ Զախարյանին, այլ Էդուարդ Գաբրիելյանին: Վերջինս մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց, որ ինքն է երթուղային տաքսիների ավտոպարկի սեփականատերը եւ բաժնետոմսերի 82%-ը ձեռք է բերել 2001-ին: Մամուլում արծարծված անունների առնչությամբ ասաց, թե նրանք բոլորովին կապ չունեն ավտոպարկի հետ. «Ուղղակի անթույլատրելի է, որ իմ ապրանքը գրել են ուրիշի անունով»: Այսպես անակնկալ պարզեցինք, որ «Օրինաց երկիր» խմբակցությունում մեծահարուստները շատ ավելին են, քան կարող էր թվալ առաջին հայացքից: Էդուարդ Գաբրիելյանն իր մասին պատմեց. «1966-ին հիմնադրել եմ Հայաստանում բյուրեղապակու առաջին արտադրությունը: Նաեւ հիմնադրել եմ քարերի, ներկերի, հուշանվերների եւ այլ արտադրություններ: Ուղղակի 1998-ի հեղափոխությունից հետո որոշեցի զբաղվել նաեւ տրանսպորտով»: Մեր հարցին, թե իր ընկերության միջոցո՞վ է իրականացվում երթուղային ուղեւորափոխադրումների հիմնական մասը՝ պրն Գաբրիելյանը պատասխանեց բացասաբար. «Ավտոպարկը կազմում է երթուղային տրանսպորտի մոտավորապես 3-5%-ը: Իսկ Երեւանում գործում են ավելի քան 3 հազար երթուղայիններ»: Նշենք նաեւ, որ Էդուարդ Գաբրիելյանն ընտրություններից 1-1,5 տարի առաջ է դարձել ՕԵԿ անդամ: Ե՛վ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը նրան առաջարկել են ցանկացած նախարարի պաշտոն, սակայն նա հրաժարվել է: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել