Լրահոս
Օրվա լրահոսը

Կամքն է ծնում բարեփոխում

Սեպտեմբեր 17,2004 00:00

Կամքն է ծնում բարեփոխում Կարծում են «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Մինասյանը եւ քաղաքական քարտուղար Հրաչ Սարգսյանը: – Գործող Սահմանադրության ընդունումից ի վեր կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական իրողությունները արմատական փոփոխություն չեն կրել: Այսօրվա վիճակը ինը տարի առաջ տիրող քաղաքական շփոթի բնական շարունակությունն է: Ուստի՝ Սահմանադրությունն արմատապես բարեփոխելու նոր պահանջ կարծես թե չի առաջացել: Միանգամայն բնական մտավախություն է առաջանում՝ Սահմանադրությունը բարելավելու բարի կամքը իշխանական վերնախավը կարող է եւս մեկ անգամ վարկաբեկել՝ առաջնորդվելով հին սկզբունքներով: – Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում: – Նախագահը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ արմատական քաղաքական բարեփոխումներ իրականացնի, որը հող կնախապատրաստի սահմանադրական բարեփոխումների առավելագույնս բարելավված տարբերակի համար՝ հասարակական լայն քննարկման արդյունքում: Չմոռանանք, որ մեր քաղաքական ներկապնակում կան բավականին լուրջ, ակտիվ ուժեր էլ, որոնք խորհրդարանում չլինելով՝ չեն կարողացել մասնակցություն ունենալ բարեփոխումների ընթացքին: Այսինքն՝ նախ եւ առաջ պետք է ցրի ԱԺ-ն: Այս խորհրդարանը որեւէ կապ չունի թերություններով գրված Սահմանադրության մեջ ամրագրված խորհրդարանի սկզբունքների հետ: – Այդ դեպքում, հավանաբար, պետք է դեմ լինեք նաեւ Ընտրական օրենսգրքի ենթադրվող փոփոխություններին: – Այո, եւ հենց նույն նկատառումներով: Մեր համոզմամբ, նաեւ առավել կարեւոր է, որ քաղաքական կամքի բացակայության դեպքում ամենակատարյալ ընտրական օրենքն էլ չի կարող երաշխավորել արդար ընտրություններ եւ ժողովրդի կամքի ազատ արտահայտություն: Ուստի ժամանակավրեպ է նաեւ ԸՕ-ում փոփոխությունները, քանի դեռ արմատական քաղաքական փոփոխություններ չեն եղել երկրում: – Ամիսներ առաջ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ աշնանը կհրատարակվի կուսակցության պաշտոնաթերթը: Այժմ խոսակցություններ կան, որ «Երրորդ ուժ» շաբաթաթերթը ոչ պաշտոնապես «ՆԺ»-ի պաշտոնաթերթն է: – Դրանք լոկ խոսակցություններ են: Այդ թերթի հետ մենք կազմակերպական կապ չունենք: Այս պահին կուսակցության թերթը իրավական ձեւակերպումների փուլում է եւ կհրատարակվի մոտ ապագայում: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել