Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 18,2004 00:00

Սեպտեմբերի
9-12-ը Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական մարզահամալիրում քաղաքապետ Յուրի
Լուժկովի հովանավորությամբ անցկացվեց ԱՊՀ երկրների լրագրողական ֆուտբոլային
թիմերի միջազգային 6 -րդ մրցաշարը՝ նվիրված անվանի մարզական լրագրող Լեւ
Ֆիլատովի հիշատակին:
Մրցումները կազմակերպել էին «Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը բոլորի համար» ասոցիացիան, Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան եւ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը:

Այս անգամ հաղթանակ տարավ «ՌԻԱ- Նովոստի» լրատվական գործակալության թիմը, որը եզրափակիչում հաղթեց Օդեսայի լրագրողներին:

Մրցաշարին մասնակցում էին 12 թիմեր, որոնք վիճակահանությամբ բաժանվել էին երկու խմբի: Հայաստանի լրագրողների թիմը ընկել էր «A» խումբ, որտեղ նրա մրցակիցներն էին «ՌԻԱ-Նովոստին», «Եվրոֆուտբոլը», Օդեսան, «Սպորտ» հեռուստաալիքը եւ Մոսկվայի հավաքականը: Հայ լրագրողները խմբային մրցաշարում առավելության հասան ապագա հաղթողի նկատմամբ՝ 2:1, «Սպորտ» հեռուստաալիքի՝ 1:0, «Եվրոֆուտբոլի»՝ 4:0, սակայն զիջեցին Օդեսային եւ Մոսկվային: Արդյունքում՝ երեք թիմեր, այդ թվում նաեւ Հայաստանի, վաստակեցին 9 միավոր: Մեր լրագրողների հավաքականը կիսաեզրափակիչ չմտավ գնդակների ավելի վատ հարաբերակցության՝ 8–7, պատճառով ու ի վերջո գրավեց 8-րդ տեղը: Այդուհանդերձ, Հայաստանի լրագրողների թիմի ավագ, «Հայ-Ռուսական գործարար հանդեսի» գլխավոր խմբագիր Տիգրան Հովհաննիսյանը արժանացավ «Ֆուտբոլի նվիրվածության համար ամենափորձառու խաղացողի» հատուկ մրցանակին: Հայ լրագրողական թիմի մրցուղերթը հովանավորել էին ՀՀ նախագահը, «Արմավիա» ավիաընկերությունը, Մոսկվայի «Լուդինգ» ընկերությունը, Երեւանի կոնյակի գործարանը:

ԱՊՀ երկրների լրագրողական ֆուտբոլային թիմերի հաջորդ մրցաշարը կանցկացվի Օդեսայում:

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի թիմի ավագ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել