Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄԿ-ԻՆ

Հոկտեմբեր 27,2004 00:00

ԱՄԿ-ԻՆ ԷԼ ԵՆՔ ՊԱՐՏՔ Վրաստանն ու Ադրբեջանը հետխորհրդային տարիներին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) շուրջ 50 կոնվենցիաներ են ընդունել: Հայաստանը՝ 8, վերջին 5-ը՝ օրերս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը երեկ դա պատճառաբանեց երկրի զբաղվածությամբ. «Անհրաժեշտ էր նախեւառաջ կայունացնել տնտեսական իրավիճակը»: Այնինչ, պաշտոնական տվյալներով, մենք մեր հարեւաններից ավելի բարձր ու զարգացման կայուն ցուցանիշներ ենք ապահովում եւ՝ վաղուց: Այլ հարց է, որ խոսքը վերաբերում է աշխատող մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչն այնքան էլ էական հոգս չէ մեր պետության համար: ԱՄԿ-ի աշխատանքներին անհաղորդ մնալու մեկ այլ պատճառ էլ կա: Հայաստանն այս կազմակերպության անդամ է 1992-ից: Ա. Վարդանյանի ասելով, տարեկան անդամավճարն այժմ կազմում է շուրջ 3000 դոլար, ինչը «վերջին 3-4 տարիներին վճարել ենք»: Իսկ մինչ այդ անդամավճար չի մուծվել, քանի որ «ԱՄԿ-ն հաշվարկման ժամանակ հենց սկզբից կիրառել է սխալ բանաձեւ, հիմք ընդունելով 88-89թթ. համախառն ներքին արտադրանքի ցուցանիշները»: 90-ականների սկզբին տնտեսական անկում ապրող Հայաստանը չէր կարող եւ չի ցանկացել վճարել բարձր անդամավճարը եւ կուտակել է շոշափելի պարտք: Չափը նախարարը չկարողացավ հիշել, միայն ասաց, որ «բանակցություններ ենք տանում սխալ տարված հաշվարկը ճշտելու նպատակով»: Երեկվա «նախարարական» ասուլիսի մյուս ուշագրավ թեման կենսաթոշակային հիմնադրամի հետագա ճակատագիրն էր: Օրերս կառավարությունն ընդունել է որոշում՝ սոցիալական գանձման գործառույթը «փափուկ» տեղափոխել հարկային մարմին: Նախարարի կարծիքով, պատճառն այն է, որ հիմնադրամն այդքան հնարավորություն չուներ ապահովել օրեցօր աճող սոցվճարումների նորմալ հավաքագրումը եւ այդ գործառույթը նրան թողնելը ռիսկային է: Իսկ հարկային մարմինն ունի մեխանիզմներ եւ մարդիկ: Նույնիսկ հույս կա, որ այս տարվա համար հաշվարկված սոցվճարումների ընդհանուր գումարը՝ 65 մլն դրամ, հարկայինների շնորհիվ կավելանա: Այսպիսով, հիմնադրամը դադարում է սոցվճարների մուտքերը կուտակող մարմին լինելուց: Իսկ 2005-ի հունվարի 1-ից, երբ բոլոր թոշակառուները թոշակ կստանան սոցիալական քարտերով, այլեւս չեն լինի թոշակ բաժանողներ: Ստացվում է, որ հիմնադրամը կորցնում է նաեւ գումար բաշխելու գործառույթը: Ի՞նչ պիտի անի կազմակերպությունն իր՝ Հայաստանով մեկ սփռված մասնաճյուղերով հանդերձ: Նախարարն այդ հարցին դեռ պատասխան չուներ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել