Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԳՆՈՐԴԻ ՀԵՏ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ

Նոյեմբեր 04,2004 00:00

ՆՈՐ ԳՆՈՐԴԻ ՀԵՏ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ Որոշ տեղեկությունների համաձայն, ռուսական հսկայի՝ «Վոլգաբուռմաշի» եւ հայկական կողմի միջեւ «Նաիրիտի» բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ չկայացած պայմանավորվածության միակ եւ գլխավոր պատճառը «Նաիրիտի» պարտքերի չափը չէ: Ինչպես հայտնի է, հայ-չինական պայմանագրի համաձայն, նախատեսված է գործարանի կաուչուկի արտադրության երեք հոսքագծերից մեկը Չինաստանին վաճառել: «Նաիրիտի» աշխատակիցներից մի քանիսի տվյալներով, հենց սա էլ եղել է գործարքի չկայացման գլխավոր պատճառը: Ըստ այդ նույն տեղեկությունների, «Վոլգաբուռմաշը» դեմ է եղել հոսքագծի վաճառքին, այսինքն՝ ներդրումները եւ գործարկումը պատրաստ է եղել կատարել երեք հոսքագծերի առկայության պայմաններում միայն: Չնայած պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ իրականում ոչ թե հոսքագիծն է վաճառվում, այլ տեղի է ունենում հայ-չինական գիտական համագործակցություն: Ի դեպ, «Վոլգաբուռմաշի» գործնական մտադրություններին չկասկածողները նշում են այն փաստը, որ ընկերությունը «Նաիրիտում» արդեն իսկ 350 հազար դոլարի ներդրում է իրականացրել (չի հաղորդվում, թե կոնկրետ ինչի վրա): Այնուամենայնիվ, գործնականում դժվար է պատկերացնել, թե ինչպես էր մեր պետությունը չեղյալ հայտարարելու Չինաստանի հետ միջպետական պայմանավորվածությունը, ուստի գործարքն այդպես էլ չի կայացել: Նույն աղբյուրները հաղորդում են, որ «Վոլգաբուռմաշը» պահանջել է նաեւ աուդիտ իրականացնել: Ամեն դեպքում, արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում են այլ հավանական գնորդի թեկնածություններ, որոնցից մեկը տեղական օլիգարխ է, եւ որի անունն այս պահին հրապարակել նպատակահարմար չենք համարում՝ հնարավոր գործարքին խոչընդոտելու մտավախությամբ: Նա արդեն իսկ գործարանում եղել է՝ վիճակին ծանոթանալու նպատակով: Երեկ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են նախատեսած եղել. նրանց ներկայացմամբ՝ հավաքված է եղել շուրջ 100-150 մարդ՝ երթով դեպի կառավարության շենք եւ նախագահի նստավայր շարժվելու համար, սակայն հենց տեղում՝ գործարանի տարածքում էլ ավարտվել է ամեն ինչ: Գործարանի ղեկավարությունը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում նոր ներդրողը կկողմնորոշվի: Եվ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա առաջին իսկ գործը էլեկտրաէներգիայի պարտքի մարումն է լինելու, ինչը թույլ կտա անմիջապես էլ սկսել վերագործարկումը: Նոր գնորդի հետ բանակցությունների հանգամանքն արդեն իսկ հերքում է նաիրիտցիների այն մտահոգությունը, թե կառավարությունը ցանկանում է գործարանը սնանկացման տանել: Աշխատակիցներին այսպես կարծելու հիմք է տվել 300 տոննա քլորոպրենի հետ կապված վիճակը: Նրանց ներկայացմամբ, շուրջ չորս ամիս է՝ գործարանում մեծ ծախսերի գնով պահվում է այդ նյութը, սակայն այժմ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով այդ նյութը կարող է առնվազն փչանալ, արտահոսել: Մեր մնացած բոլոր աղբյուրները հերքեցին այդ ենթադրության հիմնավորվածությունը: «Նաիրիտում» աշխատող մասնագետների հաշվարկով՝ այսօր էլ էլեկտրաէներգիայի առկայության պայմաններում «Նաիրիտը» առանց որեւէ ներդրման կարող է աշխատել եւ փակել պարտքը: Սակայն այլ մասնագետներ այս գնահատականը չափից դուրս լավատեսական են համարում: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել