Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎՈՒՄ

Դեկտեմբեր 04,2004 00:00

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳՐԻՊԻ ՄԵԾ ՀԱՄԱՃԱՐԱԿ Իսկ մենք պատրա՞ստ ենք դրան Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ասիական գրասենյակի ղեկավար Սիգերու Օմին նոյեմբերի 29-ին լրատվամիջոցներին հայտնել է, թե «այս ձմեռ հնարավոր է սկսվի գրիպի մեծ համաճարակ, որը կարող է ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանք խլել»: Դոկտորը կանխատեսել է նվազագույնը 2 մլն մարդու մահ: ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյան իր ասածը հիմնավորել է նրանով, որ «թռչնային գրիպի այսքան մեծ տարածում առաջին անգամ է արձանագրվում կենդանական աշխարհում, դրանով արդեն վարակվում են մյուս ընտանի կենդանիները, իսկ մենք դեռ չենք ստեղծել հակապատվաստանյութը, որովհետեւ վիրուսն անընդհատ ենթարկվում է գենետիկական փոփոխության»: Ինտերնետային այլ աղբյուրները տեղեկացնում են, որ եվրոպական շատ երկրներ սկսել են նախապատրաստական միջոցներ ձեռնարկել Ասիայում արդեն հիմնավորված վիրուսից հնարավորինս խուսափելու համար: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա հանրապետության գլխավոր հակահամաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը «Առավոտին» վստահեցրեց, որ տագնապի նշան դեռ չկա, իսկ լինելու դեպքում էլ «մենք կանենք հնարավոր ամեն ինչ, ընդհուպ մինչեւ սահմանի փակումը, ինչպես ատիպիկ թոքաբորբի ժամանակ արեցինք»: Նկատենք, որ հակահամաճարակային միջոցառումները հատկապես համաճարակների բումի ժամանակ խիստ թանկարժեք են եւ դրանց նախապատրաստվել պետք է ավելի վաղ: Ճիշտ է, Հայաստանում այս օրերին սկսել են պատվաստել գրիպի դեմ: Մեր առողջապահների ասելով՝ նման միջոցառում աշխարի որեւէ երկրում չի կազմակեպվում: Սակայն գործընթացն իրականացվում է միայն մայրաքաղաքում: Մարզերի բնակիչներին պատվաստել չի նախատեսվում, որովհետեւ նախարարության միջոցները չեն բավականացնում դրա համար: Մի մխիթարություն կա՝ մասնագետների կարծիքով, թույլ շփման պատճառով գյուղական համայնքներում վարակի տարածման հնարավորությունը մեծ չէ: Ուստի նախարարությունը նախընտրել է առաջին հերթին պատվաստանյութով ապահովել խիտ բնակեցված Երեւանի բուժհիմնարկները: Ընդ որում, համաճարակի համար ամենախոցելի խմբերը մինչեւ 7 տարեկան մանկապարտեզ հաճախող երեխաներն են եւ բուժհիմնարկների աշխատակիցները: Նրանց համար պատվաստումն անվճար է: Իսկ մնացածը կարող են դեղը ստանալ՝ վճարելով 5-10 հազար դրամ, նայած, թե որ բուժհիմնարկից են ձեռք բերում: Ըստ առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի, անվճար պատվաստման համար բուժհիմնարկները դեղը պետք է գնեն իրենց կուտակած միջոցներով, հետո ծախսը ներկայացնելու են հաշվետվությամբ «եւ մենք կփոխհատուցենք»: Հաշվի առնելով պետպատվերի իրականացման առկա փորձը, չի բացառվում, որ բուժհիմնարկների որոշ տնօրեններ վաճառած դեղն էլ ներկայացնեն անվճար տրամադրածների ցանկում եւ դրա դիմաց փոխհատուցվեն պետության գրպանից: Արդյունքում, շատ փոքրիկներ կարող են զրկվել իրենց հասանելիքից: Մեր այս դիտարկմանը, Ա. Տեր-Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտ է, հաշվետվությամբ դա չի երեւում, բայց մենք կարող ենք ստուգումների ժամանակ այդ շեղումները հայտնաբերել՝ անկետաներն ուսումնասիրելով»: Իսկ նախկինում եղե՞լ են նման դեպքեր. գործակալության տվյալներով՝ ոչ: Առանձին խնդիր է նաեւ այն, որ պոլիկլինիկաներից մի քանիսը մինչ օրս դեռ չեն ձեռք բերել պատվաստանյութը: «Դա տվյալ բուժհիմնարկի տնօրենի մենեջերական հմտության պակասն է, տնօրենից է կախված՝ ինչպես բաշխել դեղորայքի համար բյուջեից հասանելիք ամսական գումարը: Նաեւ ասեմ, որ այդպիսի պարտադրանք չկա, որ պոլիկլինիկան անպայման գրիպի դեմ պատվաստանյութ ունենա: Դա այն հիվանդությունը չէ, որի վակցինան պարտադիր է ունենալ»,- ասաց Ա. Տեր-Գրիգորյանը: Մասնագետների կարծիքով, թռչնային եւ սովորական գրիպների ախտանիշներն իրարից գրեթե չեն տարբերվում: Եթե հաշվի առնենք, որ «մեծ աշխարհից» Հայաստան եկողների համար բուժզննում չի իրականացվում, ապա այսօր արդեն կանգնած ենք իրական վտանգի առջեւ: Չմոռանանք նաեւ, որ, ի վերջո, թանկարժեք պատվաստանյութը ստանալու հնարավորություն չունեցողներն ավելի շատ են, քան ունեցողները: Իսկ դեղագործական բիզնեսմենները ամենեւին էլ շահագրգռված չեն անվճար պատվաստումների կոնտինգենտի ընդլայնման մեջ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել