Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎԵԼ՝

Հունվար 29,2005 00:00

«ԱՌԱՎԵԼ՝ ՉԵԶՈՔԻՑ ԴՐԱԿԱՆ, ՔԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ» Այսպես է ԼՂ հակամարտության շուրջ ընդունված բանաձեւը գնահատում ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը: – Պատվիրակությա՞ն, թե՞ արտաքին քաղաքականության ավելի բարձր պատասխանատուների որոշումն էր փոփոխությունների առաջարկներ չներկայացնելը Աթկինսոնի բանաձեւի այն դրույթների շուրջ, որոնք առավել խնդրահարույց են դիտվում Հայաստանում: Ինչո՞ւ անգամ փորձ չարվեց փոխել այդ ձեւակերպումները՝ արդյոք միայն ա՞յն պատճառով, թե վստահ էիք, որ չի հաջողվի անցկացնել նաեւ դրանք: – Մենք ի սկզբանե գիտեինք, թե որոնք էին այն «մեխերը», որոնց պետք է ուշադրություն դարձնեինք?եւ աշխատեինք, որ բանաձեւի տեքստում բացառվեր այն, ինչը մեր կարծիքով՝ հեռանկարում կարող էր որեւէ տհաճություն պատճառել հայկական կողմին: Պատվիրակության եւ արտաքին քաղաքական գերատեսչության խորհրդակցությունների արդյունքում ձեւավորվել էր կոլեգիալ կարծիք, թե նման դրույթները 3-ն են, որոնք էլ փորձեցինք սրբագրել: – Այսինքն՝ ո՛չ պատվիրակությունը, ո՛չ էլ ԱԳՆ-ն տհաճ չե՞ն համարում բանաձեւի այն ձեւակերպումը, որն առնչվում է էթնիկ զտումներին կամ ակնհայտորեն Հայաստանին վերաբերող այն ամրագրումը, թե ԵԽ անդամ երկրի կողմից օտար տարածքի գրավումը պարտավորությունների կոպիտ խախտում է: – Անձամբ ես վտանգավոր էի համարում այդ ձեւակերպումները, սակայն մենք որոշեցինք ուժերը կենտրոնացնել այն փոփոխությունների վրա, որոնք համարում էինք, թե հնարավոր կլինի իրականացնել: Դրանից բացի՝ պետք է նաեւ հաշվի առնել, որ մենք պատրաստվում էինք հակափաստարկներ ներկայացնել ադրբեջանական կողմի առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Նրանց առաջարկները մեջբերումներ էին նախկինում ընդունված փաստաթղթերից, բայց՝ աղավաղված, իմաստափոխված եւ հարմարեցված իրենց նպատակներին?ու մարտավարությանը: Ուստի մենք նաեւ աշխատում էինք բացատրել մեր գործընկերներին, թե ադրբեջանական կողմի առաջարկած փոփոխությունները չեն արտահայտում այն փաստաթղթերի բովանդակությունը, որոնց հղում է արված: Մեր փաստարկներն ընդունվեցին, ուստի քաղաքական հարցերի հանձնաժողովը դեմ քվեարկեց ադրբեջանական կողմի առաջարկած բոլոր փոփոխություններին: – Մեր ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը նախապես առաջարկել էր հայկական պատվիրակությանը, որ մենք հրաժարվենք բանաձեւը փոփոխելու փորձերից՝ փոխարենը իրենք էլ կհրաժարվեն իրենց առաջարկներից: Եվ հայկական կողմը լրջորեն քննարկել է այդ տարբերակը: – Սա աշխատանքային սովորական գործընթաց է, երբ 2-3 կողմի վերաբերող նույն փաստաթղթի շուրջ տեղի են ունենում որոշակի քննարկումներ: Սակայն հայկական կողմը մերժեց այդ առաջարկը: Ի դեպ, այն արվել էր ոչ թե ուղղակիորեն ադրբեջանական պատվիրակության, այլ երրորդ կողմից: – Առանձին բացատրության կարիք ունի, թե ինչ էր հունվարի 25-ի առավոտյան կատարվել քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում: Նիստից հետո Դուք լրագրողներին հայտնեցիք, թե մեր բոլոր առաջարկներն ընդունվել են: Մինչդեռ լիագումար նիստում պարզվեց, որ հանձնաժողովն ընդունել է միայն մի առաջարկ, եւ ինչ-որ խառնաշփոթ է ստեղծվել այն փոփոխության շուրջ, որ վերաբերում է «անջատողականներ» բառն «անկախականներ»-ով փոխարինելուն: Ստեղծված խառնաշփոթը հետո փորձ արվեց բացատրել այն հանգամանքով, որ հանձնաժողովի նորընտիր նախագահը թուրք է: – Ես այդ գնահատականի վերաբերյալ զրույց եմ ունեցել մեր պատվիրակության ղեկավարի հետ: Չեմ կիսում այդ կարծիքը, թե հանձնաժողովի նախագահի փոխվելու եւ նրա ազգային պատկանելության հետեւանքն էր տեղի ունեցածը: Պետք է մի քիչ ավելի լուրջ վերաբերվել այն մարդկանց, ովքեր ղեկավարում են այս կարգի հանձնաժողովները: ԵԽԽՎ-ն այդ կազմակերպությունը չէ, որտեղ նման մանր քայլերով են լուծում այդպիսի խնդիրներ: Քաղաքական հարցերի հանձնաժողովի քննարկման ընթացքում Աթկինսոնը բանավոր ենթափոփոխություն ներկայացրեց մեր առաջարկի վերաբերյալ, որ «անկախականների» փոխարեն նշվի «անկախության ձգտող ուժեր» արտահայտությունը: Եվ այս ձեւակերպումը քվեարկությամբ արժանացավ հանձնաժողովի հավանությանը: Մեր առաջարկած տերմինն այլեւս չքվեարկվեց, քանի որ արդեն ընդունվել էր մեկ այլ ձեւակերպում: Ադրբեջանցիներն ուղղակի օգտագործեցին այս փոփոխությունը տապալելու արարողակարգային հնարավորությունը: Այն է՝ երբ լիագումար նիստում բանավոր ենթափոփոխության դեմ ոտքի կանգնելով առարկում է 10 պատգամավոր՝ այդ ուղղումը հանվում է քննարկումից: Իսկ հանձնաժողովի նախագահն էլ թույլ տվեց տեխնիկական վրիպում՝ հայտարարելով, թե դեմ են քվեարկել մեր գրավոր փոփոխությանը: Իմ կարծիքն է, թե սա չէր կարող լինել ծրագրված խեղաթյուրում: – Այս փաստաթուղթը թերեւս գոնե թռուցիկ կերպով աչքի չանցկացրած որոշ հայ գործիչներ մեկնաբանություններ են անում, թե բանաձեւը հնարավորություն է ընձեռում, որ Ադրբեջանը բանակցի Ղարաբաղի իշխանության հետ: Մինչդեռ այդ ձեւակերպումը քվեարկությամբ մերժվել է ԵԽԽՎ կողմից: Հնչում են նաեւ ոգեւորված գնահատականներ, թե ստացել ենք շատ լավ փաստաթուղթ: Համամի՞տ եք լավատեսական նման արձագանքներին: – Ես համամիտ չեմ հոռետեսական արձագանքներին: Գտնում եմ, որ փաստաթուղթը մնաց առավել՝ չեզոքից դրական դաշտում, քան՝ բացասական, եթե հաշվի առնենք այն հենքը, որ կար: Բանաձեւն իր ընդունման ընթացքում չփոխվեց դեպի վատը: Եվ այս փաստաթուղթն ուղղակի արտացոլումն է այն տեսակետի, որ ունի եվրոպական հանրությունն այս վիճահարույց խնդրի վերաբերյալ: Ուղղակի ցանկացած կողմ փորձելու է իր արածը ներկայացնել որպես հաղթանակ: – Կարծում եք հայկական կողմը հիմքեր ունի՞ այս փաստաթուղթն իր հաղթանակը ներկայացնելու համար: – Որպես մեր պատվիրակության անդամ ու Հայաստանի քաղաքացի՝ կարող եմ ցանկություն հայտնել, որ մեր հետեւություններն անենք այս փաստաթղթից, վերլուծենք՝ առանց ավելորդ ոգեւորության եւ հոռետեսության: Ու փորձենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ է ընձեռում կամ ճանապարհ բացում այս փաստաթուղթը խնդիրը լուծելու եւ դրական որեւէ ավարտի հասցնելու համար: Քանի որ, իմ կարծիքով, մենք իրավունք չունենք մեր հաջորդ սերնդին ժառանգել ղարաբաղյան չլուծված հարցը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՍտրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել