Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԼՀԱՄԸ ԹՈՒՅԼ ՆԱԽԱԳԱՀ Է

Ապրիլ 30,2005 00:00

Ադրբեջանցի
քաղաքագետի ասելով՝ նա չի վայելում անգամ իր հոր զինակիցների համակրանքը Երեկ
«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում սկսվեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի նախաձեռնած
«Կովկաս-2004» միջազգային համաժողովը: Շատ հետաքրքիր էր տեղեկանալը, թե ինչ իրավիճակում
են հայտնվել մեր հարեւանները 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից
հետո: Սակայն այդ հետաքրքրությունը բավարարեց միայն ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի
ղեկավար Արիֆ Յունուսովը: Նա մանրամասնորեն ներկայացրեց 2003-ից հետո Ադրբեջանում
ստեղծված իրադրությունը եւ այդ երկրի ներկա վիճակը: Ի տարբերություն իր ադրբեջանցի
գործընկերոջ, Վրաստանի ռազմավարության եւ ազգային անվտանգության ուսումնասիրման կենտրոնի
տնօրեն Գիա Արեշիձեն գրեթե ոչ մի նոր բան չհայտնեց ներկաներին: Ճիշտ է, նա նախապատրաստել
էր 95 սլայդ, որոնցից, սակայն, օգտվելու ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն եղավ: Պարոն
Յունուսովի երկիրն ու նրա պատմածները թերեւս ավելի հետաքրքիր են մեր հասարակության
համար, այդ իսկ պատճառով մենք կանդրադառնանք դրանց: Նախ սկսենք նրանից, որ վերջում,
պատասխանելով ներկաների հարցերին, նա կարծիք հայտնեց, թե միջազգային հանրությունը
հաշտվում է այն մտքի հետ, որ ԼՂ-ն Ադրբեջանից դուրս է: Նրա ասելով, Արեւմուտքը տեսնում
է, որ իրականում Ղարաբաղն Ադրբեջանին պետք չէ, եւ դա նրան ձեռնտու է: Քաղաքագետի
համոզմամբ, այդ հողը պետք է նրանց, ովքեր դրա համար կռվել են: Նա անհավանական է համարել
նոր պատերազմի վերսկսումը եւ հակված է կարծելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը
դեռ կձգձգվի, անպտուղ բանակցություններ կլինեն, ասենք՝ ինչպես պաղեստինա-իսրայելյան
հակամարտություններն էին, կամ, որ ավելի հավանական է՝ կիպրոսյան տարբերակով: «Ադրբեջանում
Իլհամ Ալիեւի իշխանության գալով՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի
է մտել»,- երեկ հայտարարել է Ա. Յունուսովը՝ հավելելով, թե Իլհամ Ալիեւն իշխանության
է եկել ռազմատենչ հայտարարություններ անելու ալիքի վրա: Որպես դրա վկայություն՝ Ա.
Յունուսովը հիշեցրել է ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպություններին ուղղած
Ադրբեջանի նախագահի բազմիցս արած կոչերը՝ հրաժարվել Հայաստանի հետ որեւէ շփումից:
«Հայաստանում կարծում էիք, թե ՆԱՏՕ-ի զորավարժանքներին հայ սպաների մասնակցությունը
խոչընդոտելու մեղքը Ադրբեջանի ազգայնական ուժերի ուսերին է, այնինչ իրականում դա
հենց Իլհամ Ալիեւի արածն էր: Նա ինքն է հետո խոստովանել, որ արեց ամեն ինչ՝ հայերի
մուտքն Ադրբեջան արգելելու համար»,- ասաց պարոն Յունուսովը: Նա շատ հետաքրքիր
մանրամասներով ներկայացրեց Ադրբեջանում 2003-ից ի վեր ընթացող պրոցեսները՝ նախագահական
կեղծված ընտրություններին հաջորդած համաժողովրդական դեպրեսիան, ընդդիմադիր կուսակցությունների
փակման կամ ինքնալուծարման տենդենցները եւ այլն: «2004թ.-ը ընդդիմության համար 0-ական
տարի էր»,- նշեց պարոն Յունուսովը: Կեղծված ընտրությունները ժողովուրդը կապում էր
Արեւմուտքի, մասնավորապես՝ Ամերիկայի հետ, եւ նույնիսկ «Մուսաֆատ» թերթը գրել էր.
«Եթե ամերիկացիները նման ընտրություններ են անցկացնում, ապա՝ կեցցե Բեն Լադենը»:
Արիֆ Յունուսովի կարծիքով Իլհամ Ալիեւը, ի տարբերություն իր հոր, թույլ ղեկավար
է: Հեյդար Ալիեւն իր վերահսկողության տակ էր պահում ամեն ինչ, եւ հայր Ալիեւի ժամանակներում
իշխանությունն ու երկրի հարստությունը գտնվում էին միայն նախիջեւանյան եւ Հայաստանից
արտագաղթածների՝ «էրմենիստանցիների» կլանների ձեռքերում, եւ չնայած այդ ամենին, անգամ
միլիոնատերերն ուղղակի հարուստներ էին, այլ ոչ թե օլիգարխներ, քանզի ամեն պահի կարող
էին զրկվել իրենց հարստությունից: Իլհամի օրոք ամեն ինչ ձեւափոխվել է. «Իլհամ Ալիեւի
օրոք նրանք բոլորը դարձան օլիգարխներ, որոնց վրա նախագահը որեւէ ուժ չունի: Նույնիսկ
վերջերս նա փորձ արեց պաշտոնազրկել առողջապահության նախարարին, որը «էրմենիստանիցիների»
կլանից էր, եւ վերջինս 1,5 ամիս շարունակ շանտաժի էր ենթարկում Իլհամին, ու նա ի
վերջո հրաժարվեց իր մտադրությունից»: Այդ ժամանակներից էլ հենց պարզ դարձավ,
որ Իլհամ Ալիեւն այլեւս «անգլիական թագուհի» է դարձել: Նրան են վստահում միայն արտաքին
գործերը, օրինակ՝ Օլիմպիադայի բացմանը մասնակցել եւ այլ «թեթեւ» գործեր, իսկ ներքին
խնդիրները լուծում է աշխատակազմի ղեկավարը՝ Ռամիզ Մեխտիեւը, որը Հեյդար Ալիեւի կադրերից
էր: «Այժմ Ադրբեջանում ձգվում է այդ երկիշխանությունը»: Բացի ներկլանային
հակասություններից, որոնք ձգվել են ողջ նախորդ տարվա ընթացքում, ըստ պարոն Յունուսովի,
«2004-ը կարելի է համարել Ադրբեջանի օլիգարխիզացիայի տարի: Այսօր օլիգարխները հանգիստ
ծախսում են իրենց փողերը երկրի ներսում եւ ոչ թե փախցնում են դուրս, ինչպես հայր
Ալիեւի ժամանակ: Դրա հետեւանքով՝ այսօր Ադրբեջանում տնտեսական բում է, ամենուր շինարարություն
է գնում, նույնիսկ հեռավոր մարզերում բացվում են գործարաններ, ներդրումներ են արվում:
Իսկ այս տարեվերջին փողերի հոսքն ավելի է մեծանալու»: Նա հակված է կարծելու,
որ դասական իմաստով Ադրբեջանում հեղափոխություն չի լինի. Ալիեւը կմնա իր՝ «անգլիական
թագուհու» դերում, բայց «նոր խորհրդարանում մեծամասնություն կձեւավորվի ընդդիմադիր
արեւմտամետ ուժերից: Դա կլինի շատ մեղմ հեղափոխություն»: Նա ասաց, որ Ադրբեջանում
լուրեր են շրջանառվում, որ «Մոնիտոր» թերթի գլխավոր խմբագիր Հուսեյնովի սպանությունը
վերջինը չէր, իսկ Ադրբեջանի Միջազգային բանկի տնօրենի կնոջ գերեվարությունը հատկապես
Իլհամ Ալիեւի դեմ ուղղված «զգուշացում» էր, քանի որ բոլորը գիտեն, որ Միջազգային
բանկը «Իլհամինն է»: Քաղաքագետի մատուցմամբ, Ադրբեջանում այսօր խոսում են երկու ցուցակի
գոյության մասին: Դրանցից մեկում, ըստ նրա, ընդգրկված են այն ընդդիմադիր քաղաքական
եւ հասարակական գործիչները, որոնց «պետք է սպանեն»: Մյուսում ավելի «բախտավոր» ընդդիմադիրներն
են, որոնք պետք է հայտնվեն Ադրբեջանի օրենսդիր մարմնում: Ադրբեջանցի քաղաքագետը
անդրադարձել է նաեւ վերջին շրջանում հաճախ արծարծվող Ադրբեջանում օտարերկրյա զորամիավորումների
տեղակայման խնդրին: Նրա ասելով, Ադրբեջանի խորհրդարանի ընդունած մի որոշման համաձայն՝
Ադրբեջանում օտարերկրյա զորամիավորումներ տեղակայելն արգելվում է: Ու որպեսզի նշված
օրենքը ոտնահարված չհամարվի, իշխանությունները հայտարարում են, թե Ադրբեջանում կան
ամերիկյան ԶՈՒ ընդամենը փոքրիկ միավորումներ: Մինչդեռ, ըստ նրա՝ «իրականում Ադրբեջանում
ամերիկյան ռազմական հենակայաններ դե ֆակտո արդեն կան եւ մնում է միայն այդ փաստն
արձանագրել նաեւ դե յուրե»: Սակայն այդ փաստը դուր չի գալիս նաեւ Իրանին, որի հետ
Ադրբեջանը պայմանավորվել էր իր տարածքում ԱՄՆ զորուժեր չտեղակայելու մասին, փոխարենը
Իրանից ստացել էր մի քանի խիստ կենսական զիջումներ տարբեր հարցերի վերաբերյալ: Այս
երկիմաստ իրավիճակում «խեղճ Իլհամը, լսելով Դոնալդ Ռամսֆելդի ժամանման մասին, ստիպված
էր թռնել Պակիստան: Իսկ Ռամսֆելդը թռավ նրա ետեւից… Պակիստան»: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել