Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՅԼԻ

Մայիս 04,2005 00:00

ԳԱՅԼԻ ԳԼԽԻՆ՝ ԱՎԵՏԱՐԱ՞Ն ԱԺ նախագահն այն կարծիքին է, որ ՎՊ-ի «ավետարանը» արդյունք տվել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացվեցին ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից վերջին շրջանում կատարված բացահայտումները եւ դրանից բխող բոլոր հետեւանքները: Պարզվեց, որ Վերահսկիչ պալատը բավականին ջանասիրաբար է աշխատել եւ այդ աշխատանքի արդյունքում լուրջ գումար է մտել պետական բյուջե: Մինչ փաստերը ներկայացնելը, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ օրենքը խախտողները պետք է պատժվեն. «Պետք է հետամուտ լինենք, որ պատժվեն»: Վերահսկիչ պալատի ներկայացրած փաստերի կապակցությամբ դատախազության մարմինների կողմից 63 նախազգուշական նամակ է ներկայացվել պաշտոնատար մի շարք անձանց (3-ը՝ կապի եւ տրանսպորտի նախարարություն, 13-ը՝ բնապահպանության, 4-ը՝ կառավարությանն առընթեր ջրային պետական տնտեսություն, 3-ը՝ սոցապահովության պետական հիմնադրամ, եւ համայնքների շուրջ 40 ղեկավարների), 35 միջնորդագիր, 7 վարույթ է իրականացվել վարչական իրավախախտումների վերաբերյալ, 3 քրեական գործ է հարուցվել եւ 79 միլիոն դրամի կարգի գումար է վերականգնվել պետական բյուջե: Ուսումնասիրության արդյունքներով միջնորդագրեր են ուղարկվել հինգ նախարարների՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող, բնապահպանության, կապի եւ տրանսպորտի, կրթության եւ գիտության, էներգետիկայի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ներկայացված 7 վարույթներից յուրաքանչյուրը առանձին-առանձին բավականին հետաքրքիր են: Դրանք վերաբերում են՝ ապօրինի հանքշահագործման համար՝ 150 հազար դրամ տուգանք, հանքավայրի անօրինական շահագործման համար, հարկային տեսչությանը ոչ ճշգրիտ տեղեկություն ներկայացնելու համար: Հարուցված քրեական գործերից մեկը վերաբերվում է «Արգինե» ՓԲԸ-ի գործադիր տնօրենին՝ յուրացման եւ պետական միջոցների վատնման մեղադրանքով, խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հաջորդը «Այրումի լեռնագործ» ԲԲԸ-ի տնօրենի նկատմամբ է՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով, մյուսը՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեղադրանքով՝ «Անեստի» ՍՊԸ-ի նկատմամբ: Արթուր Բաղդասարյանն ասաց, որ կիրառված գործողությունների արդյունքում պետական բյուջե է մտել 79 միլիոն 559 հազար դրամ, իսկ մյուս գումարների վերականգնումը ընթացքի մեջ է: 2004 թվականին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաեւ 250 միլիոն դրամի եւ 130 հազար ԱՄՆ դոլարի ոչ նպատակային եւ անարդյունավետ օգտագործման դեպքեր: Վերականգնվել է 342 հազար ԱՄՆ դոլար. «Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ 520 հազար դոլար արդեն վերականգնվել է, իսկ արձանագրված ոչ նպատակային օգտագործման դեպքերի հետ կապված փաստերն արդեն ուղարկվել են համապատասխան մարմիններին»: «Ինչպես դուք տեսաք, բազմաթիվ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարարների, համայնքի ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են իրավական ներգործության միջոցներ: Ես սա համարում եմ դրական դրսեւորում, որովհետեւ վաղուց նախարարների կամ այլ պաշտոնատար անձանց, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, նման իրավական ներգործության ակտեր չէին ներկայացվել»: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այս քաղաքականությունը կշարունակվի, որպեսզի բոլոր չարաշահումները բացահայտվեն եւ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Ասվեց նաեւ, որ վարկային քաղաքականությունը եւս անարդար է իրականացվել, մասնավորապես՝ վարկերը մարզերին բաժանվել են անհամաչափ: Եթե Արմավիրի մարզին տրվել է վարկերի 35,6 տոկոսը (այստեղ մարզպետը ՀՀԿ-ինն է), Վայոց ձորի մարզին՝ 0,4 տոկոսը (այստեղ մարզպետը ՕԵԿ-ինն է), Շիրակի մարզին՝ 1,8 տոկոսը (ՀՅԴ-ական մարզպետ), եւ այսպես շարունակ: ԱԺ նախագահին մտահոգում է այս անհամաչափությունը. «Ինձ թվում է՝ բոլորդ էլ համաձայն եք, որ, օրինակ, Վայոց ձորի կամ Տավուշի մարզի վիճակը շատ ավելի դժվարին է, քան Արմավիրի մարզինը, որը գտնվում է Արարատյան դաշտավայրում»: Ասվեց նաեւ, որ թեպետ Հայաստանում վերջին շրջանում երկուսուկես անգամ ավելացել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը, բայց 22,5 տոկոսով պակասել են այս հիվանդության համար նախատեսված ծախսերը: «Առավոտը» հետաքրքրվեց, արդյոք այս բացահայտումները քննարկվե՞լ են կոալիցիայի խորհրդի նիստում, քանի որ այսօր կոալիցիոն գործընկերները բոլոր պետական կառույցներում, այդ թվում նույնիսկ վարչության պետի պաշտոնում մարդկանց աշխատանքի են ընդունում կուսակցականության սկզբունքով, իսկ սա նշանակում է, որ նաեւ իրավախախտներն են կուսակցականներ, այսինքն՝ ՀՅԴ, ՀՀԿ եւ ՕԵԿ անդամներ կամ՝ իրենց մարդիկ: Ուրեմն, ի՞նչ է ստացվում, իրենք իրե՞նց են պատժում, չէ՞ որ կառավարության համար պատասխանատվությունը իրենցն է: Մեր այս հարցն ակնհայտորեն պարոն Բաղդասարյանի սրտով չէր, եւ նա հետեւյալ պատասխանը տվեց. «Նախ, ես չեմ կիսում այն տեսակետը, որ վարչության պետերը կոալիցիոն սկզբունքով են նշանակվում: Նախարարները, այո, նշանակվում են կոալիցիոն սկզբունքով եւ աշխարհի 30 երկրներում նախարարները կոալիցիոն սկզբունքով են նշանակվում: Հաջորդը, այո, նշված թերությունները վերաբերում են նաեւ կոալիցիոն կառավարություն կազմած երեք կուսակցություններին էլ, ես նորից եմ կրկնում, մենք չենք ապրում բրեժնեւյան ժամանակներում: Եթե կան թերություններ, ապա դրանց մասին պետք է ասել, պետք է պայքարել դրանք վերացնելու համար: Իսկ եթե կան մեղավորներ, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության: Տվյալ դեպքում դատախազություն ուղարկած դեպքերի մի մասը վերաբերում է 2003-ին, մի մասը՝ 2004-ին: Այսինքն՝ բոլոր թերությունները կդառնան մանրամասն քննարկման առարկա: Խնդիրն անհարկի քաղաքականացնելու անհրաժեշտություն կամ կոալիցիայում հատուկ քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»: ԱԺ նախագահն ասաց, թե պետք է հասնել այն բանին, որ «ոչ թե իշխանությամբ սահմանափակենք մարդկանց իրավունքը, այլ՝ իրավունքով սահմանափակենք իշխանությունը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել