Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԵՎ ԴԱՏԱՐԱՆ

Մայիս 05,2005 00:00

ԴԻՄԵԼ
ԴԱՏԱԽԱԶԻՆ ԵՎ ԴԱՏԱՐԱՆ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի
22-ին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հրավիրվել էր Երեւան
քաղաքի դատախազություն, որտեղ նրան ներկայացվել են ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու
կապակցությամբ հարցադրումներ: Նաեւ՝ գրավոր նախազգուշացվել է: Նախազգուշացումն օրենքով
սահմանված կարգով վիճարկելու համար Արամ Կարապետյանը դիմել էր քաղաքի դատախազին՝
նախազգուշացման տեքստի պատճենը ստանալու համար: Երեկ քաղաքի դատախազությունը դիմումը
պաշտոնապես մերժել է՝ պատճառաբանելով, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված
չէ նախազգուշացման պատճենը հանձնել նախազգուշացվողին»: Ըստ պրն Կարապետյանի, նախազգուշացման
տեքստում մասնավորապես եղել է՝ «դրսից ֆինանսավորում, տեղեկատվության փոխանակում
անձանց հետ, ովքեր կասկածվում են այլ երկրների հատուկ ծառայությունների աշխատակից
լինելու մեջ եւ հակասահմանադրական կոչեր»: Այս առիթով պարոն Կարապետյանը պատրաստվում
է դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ հստակեցնելու նախազգուշացման տեքստում առկա մեղադրանքները:
Եթե դատախազն էլ հստակ պատասխաններ չտա՝ ՆԺ ղեկավարը կդիմի դատարան: Միաժամանակ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տարածել
է հետեւյալ հաղորդագրությունը. «Մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության
մեջ հստակ արձանագրված է, որ «Նոր ժամանակներ» կուսակցության եւ նրա նախագահ Արամ
Կարապետյանի մերձավոր շրջապատից, արդեն իսկ հարցաքննված 21 անձանցից 8-ն ունեն քրեական
անցյալ, ընդ որում՝ նրանցից մեկը դատապարտվել է 4, մեկը՝ 2, իսկ մնացածը՝ մեկական
անգամ։ Մայիսի 3-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Արամ Կարապետյանը ինչ-որ
ցուցակ ներկայացնելով՝ փորձել է կասկածի տակ առնել հաղորդագրության իսկությունը։
Կրկին պնդում ենք հրապարակվածի ճշմարտացիությունը, սակայն, ի տարբերություն Կարապետյանի,
կոնկրետ անուններ չենք նշում, քանզի պարտավոր ենք ղեկավարվել օրենքով («Տեղեկատվության
ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետ): Արդեն իսկ «Նոր ժամանակներ»
կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին գրավոր առաջարկվել է դիմել դատարան, եւ
համապատասխան որոշման դեպքում պահանջվող տեղեկատվությունը կներկայացվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել