Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ

Մայիս 05,2005 00:00

ԴԻՄԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԵՎ ԴԱՏԱՐԱՆ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 22-ին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հրավիրվել էր Երեւան քաղաքի դատախազություն, որտեղ նրան ներկայացվել են ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու կապակցությամբ հարցադրումներ: Նաեւ՝ գրավոր նախազգուշացվել է: Նախազգուշացումն օրենքով սահմանված կարգով վիճարկելու համար Արամ Կարապետյանը դիմել էր քաղաքի դատախազին՝ նախազգուշացման տեքստի պատճենը ստանալու համար: Երեկ քաղաքի դատախազությունը դիմումը պաշտոնապես մերժել է՝ պատճառաբանելով, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ նախազգուշացման պատճենը հանձնել նախազգուշացվողին»: Ըստ պրն Կարապետյանի, նախազգուշացման տեքստում մասնավորապես եղել է՝ «դրսից ֆինանսավորում, տեղեկատվության փոխանակում անձանց հետ, ովքեր կասկածվում են այլ երկրների հատուկ ծառայությունների աշխատակից լինելու մեջ եւ հակասահմանադրական կոչեր»: Այս առիթով պարոն Կարապետյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ հստակեցնելու նախազգուշացման տեքստում առկա մեղադրանքները: Եթե դատախազն էլ հստակ պատասխաններ չտա՝ ՆԺ ղեկավարը կդիմի դատարան: Միաժամանակ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրված է, որ «Նոր ժամանակներ» կուսակցության եւ նրա նախագահ Արամ Կարապետյանի մերձավոր շրջապատից, արդեն իսկ հարցաքննված 21 անձանցից 8-ն ունեն քրեական անցյալ, ընդ որում՝ նրանցից մեկը դատապարտվել է 4, մեկը՝ 2, իսկ մնացածը՝ մեկական անգամ։ Մայիսի 3-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Արամ Կարապետյանը ինչ-որ ցուցակ ներկայացնելով՝ փորձել է կասկածի տակ առնել հաղորդագրության իսկությունը։ Կրկին պնդում ենք հրապարակվածի ճշմարտացիությունը, սակայն, ի տարբերություն Կարապետյանի, կոնկրետ անուններ չենք նշում, քանզի պարտավոր ենք ղեկավարվել օրենքով («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետ): Արդեն իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին գրավոր առաջարկվել է դիմել դատարան, եւ համապատասխան որոշման դեպքում պահանջվող տեղեկատվությունը կներկայացվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել