Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵՆ

Մայիս 05,2005 00:00

ՀԱՆՐԱՔՎԵՆ ՏԱՊԱԼՎԵԼՈ՞Ւ Է «Բարձրագույն մաթեմատիկայի մասին են խոսում՝ թվաբանությունից կաղալով»,- սահմանադրական փոփոխությունների գործընթացը այսպես բնութագրեց ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, 2003թ. սահմանադրական հանրաքվեի տապալմամբ ակնառու դարձավ՝ ինչպես չպետք է իրականացնել սահմանադրական փոփոխությունները: Պատգամավորի կանխատեսմամբ՝ սահմանադրական առաջիկա հանրաքվեն եւս տապալվելու է, ավելի ստույգ. «Իշխանությունները միտումնավոր այն տանում են տապալման»: Պրն Քոչարյանը համոզված է, որ առանց 3 հիմնական հարցերի սահմանադրական փոփոխությունների անցկացումն անիմաստ է. «Կառավարությունը պետք է նշանակվի եւ պաշտոնանկ արվի միայն ԱԺ մեծամասնության կողմից, դատարանները պետք է անկախ լինեն գործադիր իշխանությունից, իսկ Երեւանի քաղաքապետը պետք է լինի ընտրովի»,- բացատրեց պատգամավորը: ՀՌԱՀ հանձնաժողովի ձեւավորման մասին. «Բազմիցս ասվել է. գիտեք ինչ, ցավոք մեզանում նշանակումները կատարում է նախագահը, քանի որ Սահմանադրությունը այլ հնարավորություններ չի տալիս: Էհ, հիմա Սահմանադրությունը բարեփոխում եք, տվեք այդ հնարավորությունը: Ոչ 2003-ին, ոչ էլ հիմա այդ հնարավորությունը չի տրվում»,- դժգոհություն հայտնեց Շ. Քոչարյանը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը տպավորություն ունի, որ ԵԽ-ն հոգնել է մեզանից, ինչպես մնացած այն երկրներից, որոնք ձեւ են անում, «թե եվրոինտեգրվում են, բայց իրականում գնում են այլ ճանապարհով»: Որպես այդպիսի երկրներ, ՀՀ-ից բացի, նշվեցին նաեւ ՌԴ-ն ու Ադրբեջանը: Թեեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հարցը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում չընդգրկվեց, այնուհանդերձ ԵԽ-ն, ըստ նրա, շարունակում է հետաքրքրվել այս հարցով: ԵԽ բյուրոն որոշել է դիտորդներ ուղարկել Հայաստան՝ սահմանադրական հանրաքվեին ներկա լինելու համար: Ի դեպ, սա բացառիկ երեւույթ է, քանի որ ԵԽ-ն սովորաբար դիտորդներ ուղարկում է ընտրություններին, ոչ թե հանրաքվեին հետեւելու համար: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել