Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Մայիս 21,2005 00:00

ՆՎԻՐՎՈՒՄ
Է ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ Հայ գրողների եւ ընդհանրապես մտավորականների
հետ իմ շփումը սովորաբար հանգում է հետեւյալ երկխոսությանը: Մտավորական. «Ես մի հոդված
եմ բերել, թե ինչպես էս ժողովրդին էս վիճակից կարելի է հանել»: Ես. «Բայց ձեր հոդվածը
20 համակարգչային էջ է»: Մտավորական. «Բայց մի՞թե նման թեմայի շուրջ կարելի է ավելի
կարճ գրել»: Ես. «Դուք կարո՞ղ եք ձեր մտքերը շարադրել 1,5 համակարգչային էջի վրա»:
Մտավորական (նեղացած). «Դուք մոռանում եք, որ ես 8 գրքի հեղինակ եմ»: Եվ ցույց է
տալիս անցյալ դարի 60-70թթ. տպագրված իր գրքերը: Իսկ ես մտածում եմ՝ ո՞րն
է գրող կամ մտավորական լինելու չափանիշը: Եթե մարդն օգտագործում է, ենթադրենք, «մեր
հուզախռ-ռ-ռ-ռով լեռ-ռ-ռ-ռների կանչը» բառակապակցությունը՝ մտածելով, որ այդ մռնչոցի
մեջ առնականություն եւ հայրենասիրություն կա, ապա դա, կարծում եմ, բավարար պայման
չէ՝ հայ գրող եւ մտավորական կոչվելու համար: Կամ գուցե հենց այդ գռմռո՞ցն է ազգային
մտավորականի գլխավոր առանձնահատկությունը: Կամ միեւնույն ձոնն արտասանելը՝ սկզբից
Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետեւ Պաոլո Կոելիոյի «վադալազկա»-ի հասցեին: Երբ այդ
բոլոր փաստերը կուտակվում եւ գումարվում են Սովետի շրջանում հրապարակված 8 թե 18
գրքերին, ստիպված ես լինում վերապահումով ընկալել «ազգային», «մտավորական» կամ «հայրենասեր»
բառերը, երբ դրանք արտասանվում են «հուզախռ-ռ-ռ-ռով լեռ-ռ-ռ-ռների» բարձունքներից:
Մեր մշակույթի զարգացման գլխավոր խոչընդոտը «հայրիկյանիզմն» է: Դա մի հիվանդություն
է, երբ մարդը (մշակույթի, քաղաքական գործիչը կամ մտավորականը) ինքն իրեն չափից դուրս
լուրջ է վերաբերվում: Երբ նա կարծում է, որ իր ցանկացած բառ ոչ միայն անհերքելի ճշմարտություն
է, այլեւ ազգի փրկության ծրագիր, որն արժանի է ամենաթանկ մարմարի վրա դաջվելու: Միայն
հումորի զգացողությունը կորցրած մարդը կարող է ասել՝ «Ես էս ազգի (ժողովրդի, երկրի)
համար արել եմ այսինչ կամ այնինչ բանը»: Անհատի՝ սեփական նշանակության, առաքելության
եւ հերոսության մասին թյուր պատկերացումները մեր մշակույթը (այդ թվում նաեւ՝ քաղաքական)
սխալ ուղղությամբ են տանում: Բայց ներկայիս վիճակը խիստ ժամանակավոր է: Մի
բան է 2 հազարամյա մշակույթը, որով մենք իրավամբ կարող ենք պարծենալ, մեկ այլ բան՝
2 տասնամյակի (1960-70-ական թվականների) գավառական գոռոզամտությունը, որի արձագանքները
դեռ լսվում են 21-րդ դարի սկզբին: Փոքրիկ դրվագ է՝ կանցնի, կգնա: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել