Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքայինը դիակ հարդարող չէ

Մայիս 21,2005 00:00

Երկու
օր առաջ Սեւանի հոգեբուժարանից փախել էին այլընտրանքային զինվորական ծառայության
մեջ գտնվող 4 անձինք: Այդ մասին տեղեկացանք «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված
քննարկման ժամանակ: Օրակարգում դրվել էր «Այլընտրանքային զինվորական ծառայության
արդի վիճակը» թեման: Նախ ցուցադրվեց ֆիլմ, ապա ելույթներ ունեցան ԵԱՀԿ Երեւանյան
գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատուի օգնական Մուշեղ Եկմալյանը,
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ զինկոմիսարիատի զորակոչի
հարցերով պատասխանատու Գալստյանը: 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Այլընտրանքային
ծառայության մասին» օրենքը, որը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, փաստորեն, չտարածվեց
գարնանային զորակոչի վրա, ինչի արդյունքում «մի զորակոչով խախտվեցին Եվրոպայի խորհրդի
առջեւ ստանձնած մեր պարտավորությունները»: Միայն 2004-ին, աշնանային զորակոչի ժամանակ,
26 Եհովայի վկաներ եւ 1 մոլոկան ծառայության են ուղարկվել առողջապահական եւ սոցիալական
ոլորտի հիմնարկներ: Մուշեղ Եկմալյանի գնահատմամբ, զինկոմիսարիատները չունեն հստակ
կողմնորոշում (հատուկ բաժին կամ պատասխանատու սպա), որը կկոորդինացներ այլընտրանքայինների
հետ աշխատանքները: ԵԱՀԿ ներկայացուցիչը գտնում էր, որ այլընտրանքային զինծառայողները
պետք է գտնվեն քաղաքացիական գերատեսչությունում: Իրավապաշտպան Ա. Իշխանյանն էլ այդ
կարծիքին էր: Նա նույնիսկ բերեց մի օրինակ, երբ այլընտրանքային զինծառայողին վերոնշյալ
հիմնարկներից մեկում առաջարկել էին դիակ հարդարել, եւ նա գտնում էր, որ պետք է համազգեստի
վրայից հանել «Այլընտրանքային ծառայող» նշանը, օրենքը վերանայել եւ ընդունել «Քաղաքացիական
ծառայության մասին» օրենք: Այլընտրանքային ծառայության մեջ զինվորը, փաստորեն, գտնվում
է 42 ամիս, մինչդեռ իրավապաշտպանը գտնում էր, որ այն պետք է իջեցվի եւ դառնա 36 ամիս:
Պաշտպանության նախարարության զորակոչի հարցերով պատասխանատու Գալստյանը գտնում էր,
որ այլընտրանքային զինծառայողները ամեն մի պատրվակ օգտագործում են չծառայելու համար:
Մասնավորապես, իրենց դիմումներ էին գրել, թե մահճակալները զինվորական են, հագուստը
պատվիրված է ՊՆ-ում եւ որ իրենք հսկվում են ուժային կառույցների կողմից: Նրա կարծիքով,
անհիմն էին նմանօրինակ պատճառաբանությունները: Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոցում
այլընտրանքային աշխատանքային ծառայությունն անցող ութ երիտասարդներ Հայաստանի հելսինկյան
կոմիտեի հարցման ժամանակ հայտարարել էին, որ արժանապատվությունը նսեմացնող որեւէ
աշխատանք չեն կատարելու: Սակայն երկու օր հետո զինկոմիսարը եկել եւ ծանոթացրել էր
կառավարության որոշմանը, նաեւ հայտնել, որ նրանք սանիտարի աշխատանք պետք է կատարեն՝
մաքրեն զուգարանները, դիակ հարդարեն: Հրաժարվելու դեպքում սպառնացել էին քրեական
պատասխանատվության ենթարկել «Զինծառայության մասին» օրենքի 364 հոդվածով: «Զինվորի
մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը գտնում էր, որ այլընտրանքայինը նույն
պետական ծառայությունն է: Սակայն քննարկման մասնակիցներից շատերի կարծիքով, զորակոչի
տարիքում գտնվող այլընտրանքայինի համար այնքան էլ տեղին չէ, մասնավորապես, հոգեբուժարաններում
ծառայությունն անցկացնելը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել