Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավերս

Մայիս 21,2005 00:00

«Ավերս Վեստի» հաղթանակով Հայաստանում դեսպանատների եւ արտասահմանյան ներկայացուցչությունների թիմերի միջեւ մինի ֆուտբոլի «Քաղաքակրթությունների երկխոսության» գավաթի հինգերորդ խաղարկությունն ավարտվեց «Ավերս Վեստի» հաղթանակով: «Դինամո» մարզադահլիճում կայացած եզրափակիչ խաղում մինի ֆուտբոլի սիրողական թիմերի հանրապետության գավաթակիրը 5:1 հաշվով հաղթեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հավաքականին: Ընդ որում, հաղթողի համար այդ հանդիպումը բավականին ծանր էր մի քանի առումներով: Նախ, «Ավերսի» հիմնական կազմի երեք ֆուտբոլիստներ նախօրյակին աշխատանքային անհետաձգելի գործուղման մեկնեցին Փարիզ: Երկրորդ, այդ իսկ պատճառով, երբ հաշիվը 2:1 էր, «գերմանական մեքենան» հիմնավորապես պաշարել էր մրցակցի դարպասը: Սակայն ավերսցիները տեղի չտվեցին: Եվ երրորդ՝ թիմը բավականին անհաջող էր մեկնարկել մրցաշարում, սակայն հետագայում կարողացավ շտկել վիճակը: Իսկ եզրափակիչում վերջնականապես պարզվեց, որ «Ավերսի» ներուժը պարզապես անսպառ է, որ թիմի պահեստայինների նստարանն ամենեւին էլ չի զիջում «կորիզին»: Ինչքան էլ խոսելու լինենք մարզական հաջողությունների մասին, միեւնույն է՝ մրցաշարի գլխավոր նպատակը դիվանագետների միջեւ անկեղծ ու ընկերական հարաբերությունների հաստատումն էր, որը լիովին ծառայեց նպատակին: Ի դեպ, կազմկոմիտեն որոշեց, որ այդ բանը խաղադաշտում ամենից լավ դրսեւորեց Իտալիայի դեսպանատան ադմինիստրատիվ տնօրեն, դարպասապահ Տոնի Մորին, որին էլ հանձնվեց «Մարկ Թրավել» ընկերության հատուկ մրցանակը: Վստահաբար կարելի է արձանագրել, որ ժամանակին Իրանի նախագահ Մոհամմադ Հաթամիի հռչակած «Քաղաքակրթությունների երկխոսության» գաղափարը լավագույն ձեւով իրականացվեց ֆուտբոլի խաղադաշտում: 3-րդ տեղի համար պայքարում «Կենտրոնը» առավելության հասավ ՄԱԿ-ի նկատմամբ: 13 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց «Կենտրոնի» հարձակվող Սերգեյ Հայրբաբամյանը, որին մրցանակը հանձնեց «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանը: «Ֆուտբոլին նվիրվածության համար» մրցանակը ստացավ ՄԱԿ-ի թիմի ավագ Արսեն Աբրահամյանը, իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Գերմանիայի դեսպանության երրորդ քարտուղար Դանիել-Ռոման Կլեմպը: Մեկ շաբաթ հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, «Մալաթիայի» կանաչ խաղադաշտում ուժերը կչափեն մրցաշարի խորհրդանշական հավաքականը եւ «Արարատ-73»-ի վետերանների թիմը: ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել