Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տարանցումներ

Մայիս 24,2005 00:00

Տարանցումներ Այս օրերին տարածաշրջանում երկու կարեւորագույն իրադարձություն է սպասվում: Վաղը Ադրբեջանում հանդիսավորապես շահագործման կհանձնվի «դարի կառույց» համարվող եւ իր տեսակի մեջ աննախադեպ «Բաքու- Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, որի բացմանը ներկա կլինեն անմիջականորեն նախագծի մեջ ընդգրկված, ինչպես նաեւ ԲԹՋ-ի գործարկմամբ շահագրգիռ մի շարք երկրների ղեկավարներ: Դրանից ընդամենը մի քանի օր անց՝ մայիսի 28-ին, Հայաստանի Արագած լեռան շուրջը տեղի կունենա ոչ պակաս աննախադեպ մի երեւույթ՝ «Միասնության շուրջպար» հորջորջված հանրային միջոցառումը: Ավելի քան 3 մլրդ ամերիկյան դոլար արժեցած վերոհիշյալ նավթային ծրագիրը հավակնում է ամենամոտ ապագայում անճանաչելիորեն փոխել ողջ տարածաշրջանի տնտեսական պատկերը, ինչի արդյունքում, բազում փորձագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսական վագրը շատ արագ քոս կընկնի եւ կսատկի: Մինչդեռ, նույն փորձագետների դիտարկումներով, նավթամուղը սկզբունքորեն կբարելավի մեր հարեւան հանրապետությունների ու հատկապես՝ Ադրբեջանի «վագրերի» վիճակը՝ այդ երկրների պետական գանձարանների համար ապահովելով բարձր եւ կայուն եկամուտներ: «Բաքու- Թբիլիսի-Ջեյհան»-ի կառուցման հիմնական նախաձեռնողը, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն է: Եվրոպական շատ առաջատար երկրներ սկզբնապես զգուշանում էին միանալ խիստ արկածախնդրական թվացող այդ նախագծին: Բանն այն է, որ նոր խողովակով կասպիական նավթի Եվրոպա տարանցումը, առնվազն սկզբնական շրջանում, նկատելիորեն ավելի թանկ է լինելու՝ ի համեմատ ռուսական խողովակի «մատուցած ծառայության» արժեքի: Բացի այդ, նավթամուղի շինարարության գաղափարի դեմ կատաղի պայքար էին մղում եվրոպական եւ տարածաշրջանային բնապահպանական կազմակերպությունները: Սակայն որոշ ժամանակ անց, իսկ ավելի ճշգրիտ՝ ռուսաստանցի նավթային մագնատ Խոդորկովսկու հետ կապված դատական քաշքշուկների սկսվելուց ի վեր Եվրոպայում կտրուկ ընկավ ռուսական նավթային ընկերությունների եւ առհասարակ Ռուսաստանի նավթարդյունաբերական համակարգի նկատմամբ եղած վստահությունը: Դրանից հետո եվրոպական ընկերություններն արագորեն ներգրավվեցին ԲԹՋ-ի իրագործման մեջ, այդպիսով նաեւ ապահովագրվելով Ռուսաստանի մենաշնորհային կարգավիճակով պայմանավորված հավանական անակնկալներից: Ինչ վերաբերում է մի քանի օրից տեղի ունենալիք երկրորդ կարեւոր միջոցառմանը՝ «Միասնության շուրջպարին», ապա դրա առնվազն տնտեսական էֆեկտի մասին միջազգային փորձագետները լռում են: Տեղական դիտորդներից ոմանք անհամարձակ պնդումներ են անում ՀՀ-ում ոչխարաբուծության, նարնջագույն գլխարկների ուղղությամբ նեղ մասնագիտացած տրիկոտաժի արտադրության եւ տրանսպորտի զարգացման մասին: Ավելի ռոմանտիկները ոգեւորված են միասնության գաղափարով, որի՝ Արագածոտնից Հայաստանի այլ մարզեր տարանցելու խնդրում, սակայն, թերեւս դժվարություններ ծագեն: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031